Ի՞նչ Շմայս, Հանրապետականի ժամանակ նման զանգվածային ծեծկռտո՞ւք է եղել

Ի՞նչ Շմայս, Հանրապետականի ժամանակ նման զանգվածային ծեծկռտո՞ւք է եղել

Խորհրդարանում հայտնի ծեծկռտուքից հետո հասարակությունը հիշեց Հանրապետականի ժամանակները եւ ոչ անհայտ Շմայսին։ Հարցադրումն ուղղեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որն ասաց․ «Մենք սովոր ենք, որ ցանկացած պրոբլեմի դեպքում պախկվում են Հանրապետականի մեջքի հետեւում։ Դա սովորական՝ պատասխանատվությունը չգիտակցող, ստախոս իշխանության կեցվածք է, որովհետեւ գոնե 2005-ից ես պատգամավոր եմ եղել, նման մասշտաբի դեպք եւ ծեծկռտուք, ֆիզիկական բռնություն ընդդիմադիր խմբակցության ղեկավարի նկատմամբ չի եղել։ Այդ զանգվածայնությամբ, մեջքից խփելով, մայիսի 8-ին․․․ մի համեմատե՛ք հանրապետականների հետ ընդհանրապես, ամոթ է։ Հանրապետականի ժամանակ երբեւէ նման բան չի եղել։ Այո, քֆուր-քյաֆար հնչել է։ Ցավոք, տհաճ խոսակցություն եղել է, բայց նման ծեծկռտո՞ւք։ Զանգվածային ծեծկռտուք իշխանության կողմից, առաջին դեմքի ներկայությամբ, որը հերիք չէ Լավրովից փախավ, դահլիճից փախավ՝ Արարատ Միրզոյանին հրահանգելով, որ գնա, տիրություն արա»։ Ապա Աշոտյանը եզրահանգում է՝ ցանկացած իրավիճակում, որտեղ պետք է լիդերություն, այս մարդը փախչում է։

«Հետո դուրս գալ, հաթաթա տալ, արդարացնել, որ ատելություն է․․․ Դո՞ւք եք խոսում ատելությունից, տղերք։ Ես պահել եմ տեսանյութերը, թե ոնց էիք գալիս մեր տուն, ինչ հայհոյանքներ էիք գոռում, ինչ սեւ լենտեր, դագաղներ, ծաղիկներ ու մեր նկարների վրա հանգցված սիգարետներ էիք խրախուսում ու սարքում»։ 

Անդրադառնալով արտակարգ դրությունը երկարաձգելուն՝ Արմեն Աշոտյանն ասաց․ արտակարգ դրությունը շարունակվելու է բացառապես քաղաքական նպատակներով։ Նրա խոսքով՝ արտակարգ դրությունը չի ենթադրում միայն հայտարարություն, այլ կոնկրետ եւ էֆեկտիվ միջոցառումների շարք, որոնք պետք է, մի կողմից, կանխեն համավարակի տարածումը, մյուս կողմից՝ ապահովեն սոցիալական աջակցություն՝ խոցելի խմբերի համար։ 

Մինչդեռ, Աշոտյանի խոսքով, այն, ինչ արեց կառավարությունը, արտակարգ դրության տնազն էր։ «Որովհետեւ մենք այնքան ունիկալ երկիր ենք՝ վատ իմաստով, որ երեւի թե միայն Հայաստանում է, որ արտակարգ դրությունից առաջ վարակվածների թիվը շատ ավելի ցածր էր, քան ավարտին։ Էս ո՞նց եք աշխատել․․․ կորոնավիրուսը ձեր արտակարգ դրության ժամանակ բարգավաճել է, ծաղկել, ծլել է»։ Նա ավարտեց՝ հարցնելով․ սրանք արտակարգ դրության փողոցնե՞ր են, դուք նորմալ արտակարգ էլ չեք կարողանում հայտարարել։