Դավաճան չհռչակվելու պայմանը

Դավաճան չհռչակվելու պայմանը

«Եթե երիտասարդ ես ու հեղափոխական չես՝ ուրեմն սիրտ չունես: Իսկ եթե ծեր ես ու պահպանողական չես՝ ուրեմն խելք չունես»՝ անգլիական ասացվածք: 

Ավելի երիտասարդ տարիքում ես մեկն էի, ով փորձում էր իր հայրենիքում ոչ թե իմիտացիոն, այլ իրական ժողովրդավարություն կառուցել: Այն մեկը, ով գտնում էր, որ քրիստոնեական քաղաքակրթության մաս Հայաստանը պետք է իրեն գտնի եվրոպական ընտանիքում: Դրա համար անընդհատ մասնակցում էի փողոցային ակցիաների: Մասնակցում ավելի նեղ՝ կազմակերպության, շրջանակով ակցիաների կազմակերպմանն ու անցկացմանը: Տեղական կամ համապետական ընտրությունների ժամանակ որպես դիտորդ գիշերներ լուսացնում ընտրատեղամասերում՝ փորձելով դիմացինին պահպանել տալ օրինավորությունը: Բայց հասուն տարիքում ես պակաս ակտիվ էի ու ավելի շատ մտածող: Փորձում էի ընդդիմադիր լինելն ու պետական մտածողությունը, որի կրողն եմ ինձ համարում, չդարձնել հակոտնյա երեւույթներ: Որովհետեւ հասուն տարիքում՝ երբ դրան գումարվում է խելքի առկայությունը, մարդ ձեռք է բերում կենսափորձ եւ ճիշտն ու սխալը տարբերակելու կարողություն: 

Այնինչ, շատ ավելի ակտիվ ու ավելի արմատական լինելը սովորաբար չի ենթադրում ավելի խելացի լինելու հանգամանք: Ես նույնիսկ կասեի, որ վկայում է հենց հակառակի մասին: Մինչեւ խելացի մարդը յոթ չափում է՝ մեկ անգամ կտրելու նպատակով, Նիկոլն ու իր նմանները սկզբում կտրում են, իսկ հետո՝ չափում: Եթե, իհարկե, դրա ժամանակն ու հավեսն ունեն: Հենց դրա ծնունդն է 44-օրյա պատերազմից 10 օր առաջ ֆեյսբուքյան նրա էջում հայտնված՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» ծավալուն գրառումը: Այն ոչ միայն դրա ծնունդն է, այլ նրա լրագրողական եւ քաղաքական գործողունեության խթանը: Բայց եթե անհատի մակարդակում այն հաջողություն կամ պարտություն է բերում անձամբ նրա եւ նրա ընտանիքի համար, ապա նույնը դառնում է խիստ վտանգավոր՝ երբ այդ անձը միանգամից հայտնվում է պետական կառավարման ամենաբարձր օղակում: 

Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռալուց մեկ տարի անց դավաճանության կամ ապաշնորհության պատճառով (կամ երկուսը միասին՝ որքան էլ դա տարօրինակ հնչի) կորցնում է Արցախի անվտանգությունն ապահովելու հնարավորությունը: Իսկ դրանից երկու տարի անց էլ պարտությամբ խեղճացված փորձում էր ամբողջովին ազատվել, իր կարծիքով, արցախյան ծանր եւ անիմաստ բեռից: Որովհետեւ, որքան հասկանում եմ, Արցախում իրականացվող բնակարաշինության եւ սոցիալական այլ ծրագրերի գումարներն ինքը մեծ հաճույքով կծախսեր Հայաստանում: Իսկ դա նշանակում է անընդհատ ասֆալտի փռում եւ փողոցային լուսավորության անցկացում՝ եկամուտներ ապահովելով իր շրջապատի համար: Եվ լրացուցիչ ձայներ տեղական կամ հանրապետական հերթական ընտրություններում: Եվ եթե դրան ավելացնենք նաեւ ՀԱՊԿ-ի անգործության առումով  Ռուսաստանի դեմ բորբոքված լինելը, ապա նույնիսկ համեմատաբար ընդունելի ռուսական տարբերակը պետք է մի կողմ դրվեր էն գլխից արեւմտամետ անձի կողմից: Ինչը եւ արվել էր վերջին մեկ-երկու ամսում: 

Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Եվ ինքը ստիպված էր ընդունել ՌԴ նախագահի հրավերն ու մեկնել Սոչի՝ եռակողմ հանդիպման: Կարծում եմ, որ Պուտինի հրավերն ամրապնդված է եղել մեկ այլ, ավելի առարկայական հանգամանքով, ինչը ստիպեց նրան անմիջապես արձագանքել այդ հրավերին: Համենայն դեպս, իշխանափոխությունից հետո մենք կիմանանք դրա մասին: Ի դեպ, իշխանափոխությունից հետո մենք շատ ավելին կիմանանք, իսկ դա հաստատ տեղի է ունենալու: Ինչեւէ, վերջապես գանք Արցախ: Հոկտեմբերի 30-ի Արցախի Հանրապետության խորհրդարանի հայտարարությունն ու դրան հետեւած շուրջ քառասուն հազարանոց հանրահավաքն ամրապնդեցին ռուսական տարբերակի դիրքերը:

Արցախցիներն աներկբայորեն հաստատեցին, որ իրենք իրենց ապագան տեսնում են ռուսական հովանավորությամբ Հայաստանի հետ շուրջ երեք տասնամյակ տեւած դաշնակցության պարագայում: Ինչը նշանակում է, որ ինքը, ցանկանա թե ոչ, պետք է հետեւի արցախցիների պահանջին: Կամ էլ պետք է հեռանա՝ տեղը զիջելով մեկ այլ, ավելի ադեկվատ եւ իր զբաղեցրած պաշտոնին ավելի համապատասխան անձի: Իսկ եթե փորձի կրկին համառել եւ գնալ ժողովրդի իղձերին հակառակ, ապա հաստատ կընդունի դավաճանի խարանը: Այն խարանը, ինչից ինքն ամենից ավելի է սարսափում: Ինչն վկայությունն են անընդհատ ուրիշներին դավաճան կարգելն ու ինքն իրեն արդարացնելու փորձերը: