Ոստիկանական ուժեր՝ ոչ միայն Երևանում, նաև՝ Գյումրիում

Ոստիկանական ուժեր՝ ոչ միայն Երևանում, նաև՝ Գյումրիում

Այսօր ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․

«Գնում ենք ԱԺ։ Հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա ու շարունակի դավաճանությունը»: Նրա կոչից հետո ոստիկանական ուժեր են կենտրոնացած Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, որոնք  փակել են փողոցը: Եթե իշխանությունը մայրաքաղաքում ոստիկանական ուժեր է կենտրոնացրել ընդդիմության հանրահավաքի «ահից», ապա Հանրապետության երկրորդ քաղաքում ոստիկանական ուժերը պայքարում են  շիրակցի գերիների հարազատների դեմ, փորձում են պաշտպանել տեղական իշխանությանը։ Գերեվարվածների հարազատների երեկվա  ընդվզումից հետո քաղաքում ամենուր ոստիկանական ուժեր են։

Գյումրու ավագանու նիստից առաջ այսօր քաղաքապետարանի շենքն արդեն իսկ ոստիկաններով էր շրջապատված։Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է նաև ԳԱԼԱ խմբակցության Գյումրի համայնքի ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանը՝ հրապարակելով լուսանկարներ։ Մեր տեղեկություններով այս պահին ոստիկանական հսկողություն է սահմանվել նաև Շիրակի մարզի մի շարք պետական կառույցների շենքերում։ Հիշեցնենք, որ երեկ շիրակցի գերեվարված զինծառայողների ծնողները շրջափակել էին մարզպետարանի շենքը՝ աշխատակազմի ելք ու մուտքը արգելափակելով։Նրանք անգամ գիշերն անցկացրել են մարզպետարանում, այնտեղ են գիշերել նաև գերիների մայրերը, եւ միայն առավոտյան են թույլ տվել մարզպետին եւ աշխատակիցներին լքել աշխատավայրը։

Բողոքի ակցիան շարունակվում է նաև այսօր, մարզպետարանի աշխատանքը պարալիզացված է։ Գերեվարված տղաների հարազատները հայտարարել են, որ եթե իշխանությունները անհաղորդ մնան իրենց պահանջներին, կպարալիզացնեն նաեւ այլ կառույցների աշխատանքները։
Նրանք մարզպետից պահանջում են անհապաղ հանդիպում կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, պահանջում են, որ բարձրաստիճան պաշտոնյաներն անձամբ այցելեն Գյումրի եւ պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչու է ձգձգվում իրենց որդիների վերադարձը: