Ալիեւն ունեցավ մոնումենտ, մենք մոնումենտում ունեցանք դղյակներ

Ալիեւն ունեցավ մոնումենտ, մենք մոնումենտում ունեցանք դղյակներ

Ապրիլի 8-ին Թուրքիայի ռազմական նախարարն Ադրբեջանի հետ համատեղ զորավարժության ժամանակ հայտարարում է, որ իրենք ատում են հայերին, որ հայը թշնամի է: Ապրիլի 12-ին Ալիեւը Բաքվում բացում է աշնանն Արցախում տարած հաղթանակի այգին, որտեղ ցուցադրվում է ռազմավար` Պաշտպանության բանակի զինտեխնիկայի նմուշներ եւ այլն: Ադրբեջանն էլ ունեցավ իր մոնումենտը` 2020 թվականից գրելով պատմություն իր համար: Իսկ մենք մեր հաղթանակից հետո Մոնումենտում դղյակներ կառուցեցինք` այդպես գրելով մեր պատմության նորագույն էջը:  
Մենք չարժեւորեցինք մեր հաղթանակը, ազատագրած Արցախը, չգիտակցեցինք կարեւորությունը, որ ամուր երկիր ունենալու ճանապարհին ենք: Համարեցինք բեռ, մեզանից խլված կենսական ու կեցության միջոցներ: Անմիջապես թշնամանք սերմանեցինք` մեզ բաժանելով «հայաստանցի» եւ «ղարաբաղցի» հակառակորդների:

Իրար չհանդուրժելով, իրար սեւացնելով, անտանելիորեն իրարից շրջվելով` չհասկացանք, որ դա հաշիվ է` հօգուտ թշնամու: Արհամարհեցինք, նվաստացրինք պատերազմ հաղթած մեր ազատամարտիկներին, մեր միջից զենք վերցրած տղաներին` մատնացուց անելով մի քանի հղփացած վայ գեներալների, առանց գիտակցելու, որ մեկը մյուսը չէ: Իսկ իրական հերոսը կա՛մ իր բակի ընկուզենին էր կտրում` ձմռանը տունը տաքացնելու համար, կա՛մ մեկ ոտքով նստում էր գետնանցումում, որովհետեւ մի ոտքը մարտադաշտում էր թողել, մուրում էր եւ այդ փողին դիմացի կրպակից մի բաժակ օղի խմում` հայհոյելով հող ու հայրենիք: Սա պատերազմ հաղթած մեր զինվորն էր, մեր ուժը:

Մենք չգնահատեցինք մեր անկախությունը, որ դարեր շարունակ սերունդներ էին երազել`կորցնելուց հետո: Որ 100 տարի առաջ վերականգնեցինք մի կարճ ժամանակ ու նորից կորցրինք: Չզգացինք հմայքն ու բերկրանքը: Հիմա թերահավատորեն կասկածում ենք, արդյո՞ք երազել էինք, որովհետեւ գտնված երազի հետ զգույշ են վարվում, փայփայում են ու ամուր գրկում: Մենք տարիներ շարունակ փնովել ենք նաեւ այս բացարձակ արժեքը, մի կողմ հրել, օտարել մեզանից, ասելով՝  չենք ուզում այսպիսի անկախություն: Չգիտակցեցինք, որ անկախությունն «այսպես» ու «այնպես» չի լինում, անկախությունը մեկն է ու միակը: Զոհաբերեցինք կենցաղային ամենապարզունակ խնդիրներին՝  բարձր դասելով դրանք, իսկ անկախությունը թողեցինք ցածրում: Մենք սուրբ Վալենտինի օրն ավելի հրճվանքով ենք նշում, քան սեպտեմբերի 21-ը: Մենք Նոր տարուն խրախճանում ենք, իսկ անկախության օրը՝ ալարում մեկմեկու շնորհավորել, փորձողի վրա էլ մուննաթ ենք գալիս: 

Մեր մեջ չդաստիարակվեց պետության, պետականության զգացողություն, որ ոչ այնքան նուրբ արվեստ է, որքան ինքնագիտակցություն: Մենք չսիրեցինք անգամ մեր հիմնը, մեր զինանշանը, անվերջ փոխել ենք ուզում՝ առանց գիտակցելու դրանց անփոփոխ լինելը: Մեր դրոշի վրա ենք փորձում հավելումներ անել. վերեւ չենք նայում, որ մեր գլխից բարձր տեսնենք: Մենք մեր բանակի կենսականությունը չըմբռնեցինք, միայն զգայուն ենք, որովհետեւ այնտեղ մեր երեխաներն են ծառայում: Մենք մեր երեխաների համար ենք դողում, ոչ թե բանակի, ինչպես այսօր փորձում ենք ետ կանչել եւ ծառայության չուղարկել տղաներին, այսինքն՝  չունենալ բանակ: Մեր գիտակցությունը սահմանափակվում է մեր անձով ու ընտանիքով, մեր հայրենիքի սահմանները մեր տան չափով են, մեր երկրի տարածքը մեր ձեռնահաս շոշափումից այն կողմ չի անցնում: Մենք այսպես պատմության եւ ժամանակի ճանապարհո՞վ ենք գնում, թե՞ փոս ենք ման գալիս` մեզ թաղելու համար:

Հուսիկ Արա