Եթե դա տեղի ունեցավ, Ադրբեջանը ինչ ուզի, կարող է անել․ լավագույն լուծումը Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան գիծն է

 Եթե դա տեղի ունեցավ, Ադրբեջանը ինչ ուզի, կարող է անել․ լավագույն լուծումը Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան գիծն է

Նիկոլ Փաշինյանը խոսում է տեխնիկական հարցերի մասին, որոնք Ալիևը հեշտությամբ կոտրում է և հակադարձում, իսկ հայկական կողմից չկա սկզբունքների շուրջ հստակ մոտեցում։ Երեկ, օրինակ, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը չխոսեց բանակցային սկզբունքների մասին։ Այս մասին քիչ առաջ խորհդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Պետք է քննարկվի ոչ թե Մեղրիի երկաթգծի և ճանապարհային խաչմերուկի գաղափարը, այլ, որպես լավագույն լուծում, Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան գիծը, որտեղ հայկական իրավասության տակ է գտնվելու շուրջ 320 կմ, իսկ ադրբեջանական իրավասության տակ՝ մոտավորապես 360 կմ։ Այս դեպքում, ցանկացած որոշում որևէ կողմ չի կարող միակողմանիորեն կայացնել և չազդել մյուսի վրա։ Քննարկվող տարբերակը հայկական կողմին, լավագույն դեպքում, մինչև 45 կմ ճանապարհ է տալու, իսկ ադրբեջանական կողմին՝ 650-700 կմ, այսինքն՝ ցանկացած պահի Ադրբեջանը ինչ կուզի, կարող է անել։

Սահմանազատման և սահմանագծման գործընթացներում էական նշանակություն ունի սահմանամերձ գյուղերում անվտանգության նվազագույն պայմանների ստեղծումը»,- ասել է նա։