Ձախ ձեռքը չգիտի՞ ինչ է անում աջը

Ձախ ձեռքը չգիտի՞ ինչ է անում աջը

Օրերս ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը բավական ուշագրավ միտք էր արտահայտել, որ երբ ԼՂ կարգավորման բանակցություններում քննարկվում էր նախկին ԼՂԻՄ տարածքը Լաչինի միջանցքով Հայաստանին միավորելու տարբերակը, բանակցություններին Արցախի մասնակցությունը դարձավ ոչ հրատապ: Փաստացի դա նշանակում է, որ հենց այդ ընթացքում է Արցախը դուրս մնացել բանակցություններից, կարգավորման քիվեսթյան փաստաթուղթը պաշտոնապես Արցախի իշխանություններին չի ներկայացվել: Համարվել է, որ նման լուծումը լիովին կբավարարի Արցախին, ուստի Ստեփանակերտից կարծիք հարցնելու հարկ բոլորովին չկա: Մի կողմ թողնենք, թե որքանո՞վ էր արդարացված այդ մոտեցումը:

Ընդունենք, որ եթե այդ տարբերակն աշխատեր, կողմերը ստորագրեին վերջնական համաձայնագիր, Ստեփանակերտը, բնականաբար, կընդուներ դա, եւ հարցը կփակվեր: Բայց քիվեսթյան բանակցությունները ձախողվել են, մեզ մնացել է բանակցություններից Արցախի մեկուսացումը: Եւ դրանից հետո միջնորդներն այլեւս կարգավորման որեւէ տարբերակ պաշտոնապես Արցախի իշխանություններին չեն ներկայացրել՝ ոչ Մադրիդյան սկզբունքները, ոչ Կազանի փաստաթուղթը: Իսկ 2008թվականին էլ ստորագրվել է Մայենդորֆի հայտարարությունը, որտեղ բանակցությունների կողմ են հաստատված Հայաստանը եւ Ադրբեջանը: Ներկայումս փորձ է արվում շտկել իրավիճակը: Արցախի ԱԺ Դաշնակցություն խմբակցությունից Դավիթ Իշխանյանը փետրվարի 27-ին խորհրդարանում հայտարարել է. «Այս օրերին քննարկումների արդյունքում պարզվում է, որ դեռեւս 1997թ.-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք է Արցախը դուրս դրվել բանակցություններին ուղղակի մասնակցության ձեւաչափից՝ բանակցությունները առավել արդյունավետ դարձնելու համար: Դեռեւս կան չբացահայտված էջեր, համոզված ենք եւ անհրաժեշտ ենք գտնում, որ հանրությանը թափանցիկ ներկայացվի այդ օրերին տեղի ունեցածը»:

Դավիթ Իշխանյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն է եւ, հավանաբար, «այս օրերին քննարկումներ» ասելիս նկատի ունի Դաշնակցության Ընդհանուր ժողովը, որը գումարվել էր Արցախում: Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու՞ բանակցություններից Արցախի դուրս մնալը ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը կապում է քիվեսթյան ժամանակաշրջանի, իսկ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակի հետ: Դաշնակցության ձախ ձեռքը չգիտի՞՝ ինչ է անում աջը: Մանավանդ որ Դավիթ Իշխանյանի նշած ժամանակահատվածում՝ 1997թ.-ին Արցախը պաշտոնապես միջնորդներից կարգավորման երկու տարբերակ է ստացել՝ փաթեթային եւ փուլային: Այսինքն, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հավասարի իրավունքով ներգրավված է եղել բանակցություններում:

Հակառակ դեպքում Արցախի կողմից կարգավորման փուլային տարբերակի մերժումը չէր կարող ներքաղաքական ճգնաժամ ստեղծել Հայաստանում եւ դառնալ իշխանափոխության ֆորմալ պատճառ: Չի կարելի այդքան կողմնակալորեն շրջանցել հավաստի փաստերը, առավել եւս՝ նենգափոխել: