Նիկոլական արդարադատության իրական դեմքը

Նիկոլական արդարադատության իրական դեմքը

ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձն ապրում է իր ուղեղում ստեղծած երևութական իրականությունում: Նրան դեռևս հավատացող բազմաթիվ մարդիկ ևս ապրում են նույն իրականությունում: Թե ինչպես է դա հնարավոր՝ դժվարանում եմ կողմնորոշվել: Բայց որ դա այդպես է՝ կասկած լինել չի կարող: Միաժամանակ, կարող եմ հաստատ պնդել, որ իր առումով դա հալյուցինոգեն բույսերի կամ էլ համապատասխան դեղերի շնորհիվ չէ: Հետևորդների առումով հարցն ավելի պարզ է՝ գործում է խոսքի ուժը կամ մանիպուլյացիոն փիառի ազդեցությունը: Իրավապահ համակարգի բռնաճնշումներից զատ դա իր անձնական իշխանության պահպանման երկրորդ հիմնական գործոնն է: Ու այդ պատճառով էլ այն օգտագործում է լիուլի: Հենց այդ ուժի շնորհիվ է, որ այսօր Երևանում չեն դադարեցվում քեֆերը, երբ արցախցիները գոյության խնդրի առջև են կանգնած: Որովհետև հենց դրան է ուղղված հարցի վերաբերյալ իր իրական դիրքորոշումը:

Ինձ, եթե անկեղծ լինեմ, մի առանձին «հաճույք» է պատճառում թեմայից դուրս նրա խոսույթը: Դա այն դեպքն է, երբ վերջինս օգտագործում է ամեն հնարավորություն, որպեսզի մանիպուլյացիայի ենթարկի թե՛ իր անմիջական լսարանին և թե՛ հատկապես իրենց առօրյա հոգսերով զբաղված զանգվածներին: Եվ նշանակություն չունի, թե կոնկրետ ինչ է խոսվում տվյալ միջոցառմանը՝ լինի այն կառավարության թե խորհրդարանի նիստ կամ որևէ այլ հանդիպում: Վերցնենք, օրինակ, «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» անվանումը կրող միջոցառումը: Դրանում ներկայացվել են հենց այդ կառույցին բնորոշ թեմաներ: Սակայն բացման խոսքի հենց սկզբում ինքն անդրադարձել է նվազագույն կենսաթոշակի խնդրին: Եվ ինքը Նիկոլ չէր լինի, եթե նվազագույն պարենային զամբյուղին ընդհուպ մոտեցած, իր ասելով, նվազագույն կենսաթոշակի գովքը չաներ: 

Սակայն եթե հաշվի ենք առնում, որ դրա մասնակիցները վերին օղակների հայաստանյան չինովնիկներ էին և արտերկրի դիվանագետներ, ապա պետք է ընդունենք, որ դա նիկոլական փիառ գործընթացի իսկական վայրն էր: 608 հազար թոշակառուների մեծամասնությունը ենթադրաբար գլուխը կտմբտմբացներ՝ հավանություն տալով խոսքին: Նվազագույն թոշակ ստացող 73 հազարը հաստատ հակառակ վերաբերմունքը կդրսևորեր՝ ավելացվող 4 հազար 4 հարյուր դրամով ամսական շատ սնունդ չես առնի: Դիվանագետներն էլ ենթադրաբար կտմբտմբացնեին գլուխները՝ հավանություն տալով: Հավանություն տվող զանգվածները, սակայն, չէին մտածի, թե ինչու է այդքան ցածր հաշվարկված նվազագույն պարենային զամբյուղը: Դիվանագետներն էլ կմտածեին, որ իզուր չեն իրենց երկրներն օժանդակում Նիկոլի իշխանությանը:   

Բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլն արդյունավետ գործում է նաև իրական կյանքում: Այն կյանքում, որտեղ ապրում ենք նաև մենք ու մեզ նմանները: Այս կյանքում ևս նրա գործելը շահավետ է, բնականաբար, ոչ թե պետության և հասարակության, այլ իր, իր ընտանիքի անդամների և իր իշխանությունը պահպանող իրավապահ համակարգի առումով: Ինքը դա շատ լավ գիտակցում է, ու այդ պատճառով էլ հպարտությամբ է խոսում այդ համակարգի բաղկացուցիչ մասերի՝ ոստիկանության, հակակոռուպցիոն կոմիտեի, դատախազության, հատուկ (հակակոռուպցիոն) դատարանների, քննչական մարմինների աշխատակիցների բարձր աշխատավարձերի մասին: Վերջինիս անձեռնմխելիությունը պահպանում են հասարակության հենց այդ խավերը: Եվ, հետևաբար, դրանք էլ պետք է պարգևատրվեն բարձր աշխատավարձերով՝ գումարած համապատասխան պարգևավճարները:

Բայց թե որքանով է դատախազությունն արդարադատություն իրականացնում՝ ներկայացնեմ ընդամենը մեկ օրինակով: Երկրում գործող օբյեկտիվ լրատվամիջոցներից մեկը հաղորդել է, որ 3 տարի առաջ ծեծի ենթարկված և դեռևս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով հետարքրիր զարգացումներ են տեղի ունենում:

Ծեծող բրիգադից մեկի վրայից մեղադրանքը հանվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Հիշեցնեմ, որ ըստ վկայությունների ծեծին մասնակից մարզպետը հրաժարական էր ներկայացրել, իսկ այնուհետև դարձել էր Ազգային ժողովի իշխող խմբակցության անդամ: Եվ ԱԺ-ում էլ սուտ մատնության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին: Ինչի արդյունքում ծեծի վերաբերյալ ցուցմունքներ տված զինվորականներին մեղադրանք է ներկայացվել: Ահա այդպիսի արդարադատություն է իրականացվում նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում: