Նույն վիճակում ենք, բայց բարիկադի հակադիր կողմերում

Նույն վիճակում ենք, բայց բարիկադի հակադիր կողմերում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ից պահանջում է ոչ թռիչքային գոտի սահմանել Ուկրաինայի օդային տարածքը: Ինչը նշանակում է ռուս-ՆԱՏՕ-ական օդային պատերազմ: Ինչը, բնականաբար, արագորեն կվերաճի ռուս-ՆԱՏՕ-ական ընդհանուր և ավելի լայնամասշտաբ պատերազմի: Իսկ դա էլ, իր հերթին, կհանգեցնի աշխարհի վերջի: Որովհետև դժվար թե ՌԴ նախագահն այդ պարագայում հրաժարվի միջուկային զենք օգտագործելուց: Հատկապես որ մի անգամ ասել է, որ եթե Ռուսաստանը պետք է կործանվի, ապա թող կործանվի Երկիր մոլորակը: Որքան էլ դաժան, սակայն ընկալելի մտածողություն է. Ռուսաստանը նախորդ դարում երկու անգամ եղել է դաժան պատերազմի թատերաբեմ: Եվ, բնական է, որ չի ցանկանա «ճաշակել» երրորդ նման փորձությունը: Զարմանալի է, որ պատճառա-հետևանքային կապերով այս շղթան ընկալելի չէ Զելինսկու համար: Չնայած պոպուլիստ քաղաքական գործիչների համար տրամաբանական շղթաները դժվար ընկալելի երևույթներ են: Դժբախտաբար, մեր ժողովուրդը կամ գոնե նրա գրագետ հատվածը դրան ծանոթ է սեփական փորձառության հիման վրա:

Բարեբախտաբար, եվրոպական երկրների ղեկավարներն ու այլ քաղաքական գործիչները դա գիտակցում են: Եվ որքան էլ ցավակցում են Ուկրաինային, նաև սպառազինությամբ օժանդակում նրան, սակայն չեն պատրաստվում Ուկրաինայի պատճառով անմիջական հակամարտության մեջ մտնել ռազմական հզոր պոտենցիալով Ռուսաստանի դեմ: Ու դա ուղղակի խոստովանում են հրապարակայնորեն: Եթե արևմտյան երկրների պաշտոնյաների պատասխանները (ըստ news.am-ի) սանդղակավորեմ ըստ էմոցիոնալ հագեցվածության, ապա ամենակոպիտը կհանդիսանա Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի խոսքը. «ՆԱՏՕ-ին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու բոլոր փորձերն անպատասխանատու են»:

Ամենաօրիգինալը ֆրանսիականն է, ըստ որի ոչ թռիչքային գոտին «շատ օրինական խնդրանք է, որը շատ դժվար է բավարարել»։ Իսկ ամենաիրատեսականը Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի ասածն է, որ Ուկրաինայի օդային տարածքը փակելը կսրի հակամարտությունը և այն կվերածի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի։ Ի՜նչ Արևելյան Եվրոպա, ի՜նչ Եվրոպա ընդհանրապես: Պատերազմը կվերածվի միջմայրցամաքային հակամարտության:

Իրոք զարմանալի է, բայց Զելենսկին համառորեն պահանջում է փակել իր երկրի օդային տարածքը: Ես չեմ դիտել նրա դերակատարմամբ «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը, բայց կասկածում եմ, որ նման երևույթ առկա է եղել սերիալում: Եվ ինքը կատարել է աշխարհը փրկողի դերը: Եվ նույնն էլ ցանկանում է իրագործել իրական կյանքում: Այլապես դժվար է հասկանալ նրա համառության պատճառը: Ինչևէ, այդպես է ստացվում, երբ ժողովուրդը կորցնում է բանականությունը և իրեն ղեկավար է կարգում կառավարման համակարգից կիլոմետրերով հեռու գտնվող անձանց: Ինչ է, թե իրենք մասնագետ պոպուլիստներ են: Ցավում եմ ուկրաինացիների համար, քանի որ պատերազմը հեչ լավ բան չէ: Բայց այդ իրավիճակը ծանոթ է նաև մեզ: Ե՛վ նրանք, և՛ մեր ժողովուրդն ընկել են նույն էն բանի մեջ: Եվ ընկել ենք նույն մեխանիզմով՝ ժամանակին սխալ ընտրություն ենք կատարել: Չնայած գտնվել և գտնվում ենք աշխարհաքաղաքական բարիկադների հակադիր կողմերում: