Ադրբեջանը Հայաստանից վնասի ֆինանսական փոխհատուցում կպահանջի

Ադրբեջանը Հայաստանից վնասի ֆինանսական փոխհատուցում կպահանջի

«Ադրբեջանը Հայաստանից փոխհատուցում կպահանջի ադրբեջանական տարածքների՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի օկուպացման ժամանակ շրջակա միջավայրին և բնական ռեսուրսներին հասցված վնասի համար»։ Այս մասին մայիսի 4-ին հայտարարել է  Իլհամ Ալիեւը։
Նրա խոսքով, «Ադրբեջանական տարածքների օկուպացման ժամանակաշրջանում Հայաստանը զգալի վնաս է հասցրել շրջակա միջավայրին։

 Մասնավորապես, ամբողջությամբ ոչնչացվել է 50-60 հազար հա տարածքի անտառային տարածքը։ Ալիեւը հայտարարել է, որ հայկական կողմը ոչնչացրել է Զանգիլանի շրջանում գտնվող Բեսիչայ արգելոցի մեծ մասը։ Հայաստանը զբաղվում էր նաև ոսկու և այլ արժեքավոր մետաղների ապօրինի արդյունահանմամբ, և այդ հանքավայրերը բարբարոսաբար շահագործվեցին, այդ վայրերը վերածվեցին էկոլոգիական աղետի գոտու, իսկ արդյունահանված ոսկին ապօրինի արտահանվեց արտերկիր։ Այս բոլոր հանցագործությունները անպատասխան չեն մնա։ Մենք հաշվում ենք պատճառված վնասները, անձնագրավորում ենք բոլոր ավերված քաղաքներն ու գյուղերը։ Այս փաստերով մենք մտադիր ենք դիմել միջազգային ատյաններ, ինչի համար նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում։ Վեժնալի ոսկու հանքավայրի անօրինական շահագործումը թանկ է նստելու օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ հայկական արմատներով օտարերկրացիների վրա։ Նրանց անունները գիտենք, մեզ փոխհատուցում են վճարելու։ Նրանք, անշուշտ, մեզ կվճարեն պատճառված վնասի փոխհատուցում»,- հավելել է Ալիևը։

Նա նաև նշել է, թե Հայաստանն, իբր,  էկոլոգիական տեռոր է իրականացրել սահմանային Օխչուչայ գետի նկատմամբ։ «Ցավոք, այս էկոտեռորի հեղինակը հայերի հետ մեկտեղ արտասահմանյան «Քրոնիմետ» ընկերությունն էր. Հայաստանի պղնձամոլիբդենային կոմբինատի ողջ թափոնները առանց մաքրման թափվում էին այս գետը, ինչի արդյունքում այն ​​դեղին գույն էր ստանում։ Սա հանցագործություն է, սա էկոլոգիական տեռոր է»,- ընդգծել է Ալիեւը։

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Գերմանիայի իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ Cronimet-ին։  Սակայն պատասխան չի ստացել:

Այսպիսով, մինչ Նիկոլ Փաշինյանը «խաղաղության» ու «անվտանգության» փաթեթավորմամբ է Հայաստանի քաղաքացիներին մատուցում  Արցախի ամբողջական, եւ Հայաստանի որոշ տարածքների հանձնումը  Ադրբեջանին, այս երկրի ղեկավարը մտածում է նոր մոտիվներ՝ Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու համար: Եթե Ալիեւին հաջողվի միջազգային դատարաններում հասնել նման հաջողության, ապա Հայաստանը կհայտնվի այնպիսի ֆիմանասական պարտավորվածության  բեռի տակ, որից չի կարողանա դուրս գա: Իսկ եթե դրան էլ հավելենք, որ ՀՀ այսօրվա իշխանավորներն են հրապարակակվա հայտարարում, որ Հայաստանը ժամանակին գրավել է Ադրբեջանի տարածքները, որ  Ադրբեջանին կտոր-կտոր նվիրվող ՀՀ տարածքները  ադրբեջանական են եւ դրանք կոչում են ադրբեջանական տեղանուններով, ապա կարելի է համոզված լինել, որ դատարաններում Ադրբեջանից մեծ ջանքեր չի պահանջվելու իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար: Տվյալ դեպքում ՀՀ այսօրվա իշխանավորները ստանձնել են Ադրբեջանի փաստաբանների ու իրավապաշտպանների դերը: Իսկ նրանց մտածված կամ՝ անմտածել խոսքերի ծանրությունը մնալու է Հայաստանի, նրա քաղաքացիների ու հաջորդ իշխանության ուսերին: