Ստանիսլավ Շուշկեվիչ. մարդ, որի մահը դարաշրջան է ավարտում 

Ստանիսլավ Շուշկեվիչ. մարդ, որի մահը դարաշրջան է ավարտում 

Մայիսի 4-ին տեղական ու միջազգային լուրերի չդադարող հոսքում մի լուր մի պահ ինձ համար կարծես կանգնեցրեց լուրերի հոսքը, նույնիսկ ժամանակը: Հաղորդվում էր, որ նախօրեին 87-ամյա հասակում, Մինսկի իր բնակարանում մահկանացուն է կնքել Բելառուսի Հանրապետության առաջին ղեկավար 1991-94թթ. Բելառուսի Գերագույն խորհրդի նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչը: 

Իհարկե, Բելառուսում այնքան վաղուց Լուկաշենկոն է ղեկավարում, որ բազմաթիվ մարդկանց համար դժվար է մտաբերել, թե Բելառուսում կոլտնտեսության նախագահ եղած ու այդ մակարդակից չբարձացած Ալեքսանդր Լուկաշենկոյից բացի այլ ղեկավարներ են եղել: Մինչդեռ եղել են եւ նրանցից մեկը` Բելառուսի 1991-94 թթ. ղեկավար Ստանիսլավ Շուշկեւիչը, 1991թ. դեկտեմբերի 8-10-ին Բելառուս-Լեհաստան սահմանին գտնվող Բելովեժսկայա պուշչա անտառուտում, խորհրդային ղեկավարների «Վիսկուլի» կոչվող հանգստյան գոտում հյուրընկալել է 20-րդ դարի ամենաէական ու որոշիչ իրադարձություններից մեկը` Բելովեժյան համաձայնագրի կնքումը, որով վերջակետ դրվեց Խորհրդային Միության գոյությանը: 

Անձնապես չորս առաջնորդների եւ հիրավի մեծ անհատների պետք է երախտապարտ լինեն երբեմնի ԽՍՀՄ կոչված երկրի մի քանի հարյուր միլիոն բնակչությունն ու նրանց ժառանգները այն մեծագույն բարեբախտության համար, որ այդ չորս անհատները կարողացան առանց արյան գետերի ու ամենակուլ պատերազմների, առանց Հարավսլավիայի վայրագ ճակատագիրը կրկնելու, հիրավի հիացմունքի արժանի բարեկամության ու համերաշխության մթնոլորտում դադարեցնել ԽՍՀՄ-ի գոյությունը եւ անկախության հորիզոնները բացել խորհրդային հանրապետությունների առջեւ: 

Այդ անձինք էին Ստանիսլավ Շուշկեւիչը` Բելառուսի Գերագույն խորհրդի եւ դե-ֆակտո երկրի ղեկավարը, ով հյուրընկալել էր Բելովեժյան հանդիպումը, ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը, Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը եւ ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: 

Հետագայում այդ մարդիկ միմյանց ինչում էլ մեղադրեին, նրանցից որեւէ մեկը չի ստվերել այն մեծագույն առաքելությունը, որ իրենք ի կատար ածեցին` գուցե անգամ լիովին չգիտակցելով իրենց իրագործած ԽՍՀՄ խաղաղ կազմալուծման բացառիկ  պատմականությունը, մասշտաբը, ու արժեքը: Այս օրերին, երբ ամենքս ակատես ենք, թե ինչ վայրագ պատերազմ է սանձազերծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի դեմ` միլիոնավոր մարդկանց տառապանք ու կորուստներ պատճառելով, ուղղակի ցանկանում ես խոնարհվել այն մարդկանց առջեւ, ովքեր ողջ խորհրդային երկիրն ու ժողովրդին զերծ պահեցին նման բարբարոսություններից; Իսկ Պուտինը դատարկության մեջ չի ձեւավորվել, նրա նման դոկտրինացված մտածողությամբ, խեղված ձգտումներով, արյունարբու էությամբ ու պատերազմական հանցագործի վարքով անհատներ խորհրդային ղեկավարության շարքերում քիչ չեն եղել: 1991-ի օգոստոսյան հեղաշրջման փորձն ու ГКЧП կոչվածը ասվածի ապացույց: 

Իսկ այս չորս անձինք` Գորբաչովը, Ելցինը, Շուշկեւիչը, Կրավչուկը որ իրենց ողջության օրոք անսահման հարգանքի, երախտագիտության ու մեծարանքի են արժանի, մահվանից հետո էլ իրապես հիշատակի խնկարկումի` գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ԽՍՀՄ-ում ծնված գոնե մեկ մարդ ապրում է այս երկրագնդի վրա, կարողացան ահռելի ԽՍՀՄ-ի մայրամուտը  ապահովագրել բիբլիական մասշտաբների արմակեդոնից ու ապոկալիպսից` խաղաղությամբ ավարտելով համաշխարհային պատմության ամբողջ մի դարաշրջան: 

Բոլոր համաշխարհային առաջնորդների թվում` Ռոնալդ Ռեյգանից ու Մարգարետ Թետչերից սկսած, որոնց պաշտոնավարության ժամակներում ես ապրել եմ եւ հիշում եմ միակ անձը, ում հանդեպ ես այնքան հարգանք ունեմ, որ իրեն նվիրված ինչ-որ բան կգրեի` հոբելյանի առիթով, թե մահվան` Միխայիլ Գորբաչովն է: Բայց, երբ երեկ կարդացի Շուշկեւիչի մահվան լուրը, հասկացա կար նաեւ երկրորդ առաջնորդ, ում մահվան կապակցությամբ չեմ կարող հարգանքի տուրք չմատուցել: 

Բարեբախտաբար Բելովեժյան համաձայանգրերի կնքման եւ ԽՍՀՄ կազմալուծման 25 ամյակի առիթով` 2016-ի դեկտեմբերին BBC-ի ռուսական ծառայության աշխատակիցները կարողացել էին հանդիպել Ստանիսլավ Շուշկեւիչին եւ նրանից վերցնել ամենահետքրքիր հարցազրույցներից մեկը, որ ինձ երբեւէ վիճակվել է կարդալ: Ստորեւ թարգմանաբար մեջբերում եմ Շուշկեւիչի  հետ BBC ռուսական ծառայության այդ հարցազրույցից այն հատվածը, որտեղ նա պատմում է թե ինչպես է ծնվել ԽՍՀՄ գոյությանը վերջակետ դրած Բելովեժյան համաձայնագիրը:    

Ինչ խոսք, ինձ առանձնակի դուր է եկել Շուշկեւիչի հարցազրույցի այն մասը, որտեղ նա առաջին անգամ պատմել է, որ Վիսկուլիում Բելովեժյան համաձայնագրի տեքստի վրա աշխատելիս, ամեն հաջողված հոդվածի ծնունդ նշվել ու տոնվել է հայկական կոնյակ ըմպելով: Բայց ամեն ինչ հերթով, նախ ինչպես եւ ինչու են 1991-ի դեկտեմբերին Բելառուսի, Rուսաստանի եւ Ուկրաինայի ղեkավարները հավաքվել Բելովեժյան անտառուտում, խոհրդային ղեկավարների «Վիսկուլի» կոչվող ապարանքում: 

Մենք պատրաստվում էինք տնտեսական խնդիրներ լուծել 

Պատմում է Ստանիսլավ Շուշկեւիչը
 - Մեզ մոտ Բելառուսում խնդիրը տնտեսական էր: Այն նոր շուկայական մեթոդներով լուծելը չափազանց դժվար էր` չկար ոչ փող, ոչ վարկ, որ վստահություն իշխանության հանդեպ: Չմեռը մոտենում էր, գազ ու նավթ գնելու միջոցներ չկան, երկրում առկա տեխնոլոգիաները ծախսատար են, եւ մենք տաքանում ենք ռուսական գազով եւ ռուսական նավթով: Ինչ-որ բան պետք է անել: 
Մենք մեկ անգամ չէ, որ այդ հարցը քննարկել էինք վարչապետ Վյաչեսլավ Կեբիչի հետ եւ նա միշտ կրկնում էր. «Միջոց գտիր, Ելցինին հրավիրիր մեզ մոտ, որսի հրավիրիր, նա որսորդ է, չէ՞: Մենք այստեղ արդեն իրեն ցույց կտանք, կհամոզենք, նա կարգին մարդ է»։
Ես նույնպես զգում էի, որ Ելցինը կարգին մարդ է: Եվ ես իրեն մեզ մոտ հրավիրելու առիթ ունեցա Նովո-Օգարյովոյում: Հրավիրեցի: 

Մենք Բելառուսում մեկ նպատակով էինք հրավերը կազմակերպում` լուծելու համար մեր տնտեսական խնդիրները, խնդրելու համար որպեսզի մեզ ավելի շատ նավթ եւ գազ մատակարարվի:

Այդտեղ մենք նաեւ մտածեցինք, որ եթե Ելցինը մեզ նավթ եւ գազ խոստանա ի հաշիվ Ուկրաինայի մատակարարումների, մենք մեզ ստահակ կզգանք, քանի որ նեղություն կպատճառենք բարեկամական հանրապետությանը, որ մեր կողքին է: Դրա համար էլ որոշեցինք  բաց խաղաքարտերով գործել. հրավիրել նաեւ Կրավչուկին: Հնարավոր է մենք անգամ ավելի շուտ հավաքվեինք, բայց Կրավչուկը Ուկրաինայի նախագահ ընտրվեց դեկտեմբերի 1-ին եւ այնտեղ կայացած հանրաքվեն էլ ցույց էր տվել, որ բնակչության համարյա 92%-ը կողմ է Ուկրաինայի անկախությանը, դրա համար էլ որոշեցինք Կրավչուկի ընտրությունից հետո հանդիպել:
Ահա ամենը այն մասին, թե մենք ինչու էինք հավաքվել. հավաքվել էին լուծելու տնտեսական խնդիրներ: Տնտեսական խնդիրներ լուծելը բարդ է, դրա համար բոլոր երկրներից էլ ժամանել էին հզոր պատվիրակություններ: 

Եվ երբ սկսեցինք քննարկել, թե մենք ինչ ենք մեզնից ներկայացնում, ինչ ենք ի զորու անել, մեզ շատ օգնեց մի մարդ, ով փիլիսոփայական կրթություն ուներ` այո մարքսիզմ- լենինիզմի ուղղվածությամբ, բայց ի վերջո փիլիսոփայական: Դա Բուրբուլիսն էր: 

Մենք այդ քննարկումներում փակուղու էինք հանգում. ի՞նչ անել, դիմել Գորբաչովին, որ բոլորիս օգնի: Ուրիշ համարյա ոչինչ չէինք կարող անել, որքան էլ Ելցինը համաժողովրդական քվեով ընտրված ՌԴ նախագահ էր, ընտրվել էր այդ տարվա հունիսի 12-ին: 

Եվ ահա այդտեղ Բրուբուլիսը արտասանում է այն նախադասությունը, որը բոլորին հայտնի է, եւ բոլորին հայտնի է, որ դա իր նախադասությունն է, որ երբեւէ որեւէ համաձայնագրում փոփոխության չի ենթարկվել. «ԽՍՀՄ-ը որպես աշխարհաքաղաքական իրողություն եւ միջազգային իրավունքի սուբկելտ դադարում է գոյություն ունենալ» ("СССР как геополитическая реальность и субъект международного права прекращает свое существование"):     

Հարցնում են. «Գուցե այդպիսի նախադասություն գրենք»: Ասացի. «Ես դրա ներքո հաճույքով կստորագրեմ»:

Ահա այդ օրվանից ես չափազանց հարգում եմ փիլիսոփաներին: Ուղղակի նախանձում եմ այդ ձեւակերպմանը, այն որեւէ փոփոխության չենթարկվեց: Այն դրվեց պրեամբուլայում, եւ դրանից հետո մենք խնդրեցինք պատվիրակություններին գիշերվա ընթացքում կազմել համաձայնագիր այն մասին, որ մենք հիմնադրում ենք ըստ էության իրապես միմյանց կապված, բայց անկախ են, լիովին անկախ հանրապետությունների նոր կառույց: 
***
Այստեղ թաքցնելու ոչինչ չկա` գլխավոր գործող անձը Ելցինն էր: Նա ղեկը իր ձեռքը վերցրեց եւ որոշեց բոլորիս բացատրել, թե ինչ պետք է անել: Շատ բան մենք ինքներս էլ հասկանում էինք: Նա ասաց հետեւյալը, մենք պարտավոր ենք աշխարհին բացատրել, որ մենք միջուկային սպառազինություն ունեցող երկրներ ենք, սակայն ոչ մեկին չենք սպառնում, պետք է աշխարհին հավաստիացնենք, որ Խորհրդային Միության բոլոր պարտավորությունները կկատարվեն, պետք է հայտնենք, որ մենք հարգում ենք փոքր թվաքանակով ժողովուրդներին, որ հարգում ենք սահմանները եւ բոլոր ետպատերազմյան համաձայնագրերը: Արդյունքում այնտեղ Վիսկուլիում կազմվեց այդ համաձայնագիրը:  

Եվ ի՜նչ անհատներ էին այնտեղ, մեզ մոտ փորձագետների դերում: Վերցնենք ռուսական պատվիրակության հայտնի դեմքերին` Գայդարը: Պատկերացնում եք Գայդարը հանձնարարություններ էր կատարում: Կոզիրեւը, արտգործնախարարը նույնպես հանձնարարություններ էր կատարում: 
Այդտեղ շատ բան ուղղակի Գայդարի ծնկներին դրված է գրվել: 
Եվ երկրորդ սկզբունքը, որ մենք ներդրեցինք կոնսենսուսն էր: Մենք համաձայանգրի յուրաքանչյուր հոդվածը հասցնում էինք այնպիսի ձեւակերպման, որ ամբողջ վեցնյակը (երկրներից յուրաքանչյուրի ղեկավարր եւ նրա տեղայակը) դրան կողմ քվեարկեր: Դրա համար էլ հոդվածը բազմաթիվ անգամ գնում գալիս էր փորձագետների եւ մեր միջեւ: Չորս ժամ աշխատեցենք, որպեսզի վերջական տեսքի բերենք համաձայնագիրը:  

Այնպես որ ոչինչ նախապես չէր բերվել: Կարծում եմ ամենից շատ բան բերվել էր ուղղակի Գայդարի գլխում: 

Ես հպարատանում եմ, որ մեր կազմած համաձայնագիրը պրոֆեսիոնալ դիվանագետները բարձր են գնահատել: Ինձ ամենից շատ դուր էր եկել Շվեդիայի դիվանագետի գնահատականը. «երկրորդ հազարամյակի ավարտի լեգիտիմ դիվանագիտության գլուխգործոց»: Բելովեժյան համաձայնագիրը այդպես են կոչել:  

***
Ի՞նչ ենք խմել: Դրված էր մի շիշ կոնյակ. (արդեն ամեն ինչ եմ պատմում) այն սեղանին, որի շուրջ մենք վեցնյակով վարում էին քննարկումները: Ըմպանակները նույնպես դրված էին: Ահա ուրեմն, երբ մեզ մոտ ստացվում էր հաջողված հոդված, թույլ էինք տալիս մեզ ըմպանակի կոնյակով շրթունքներս թրջել: Եվ խնդրեմ պատկերացնում եք` վեց առողջ տղամարդ, կես լիտր հայկական կոնյակ, եւ դրա մի մասն ենք միայն խմել: Դա է եղել ողջ գինարբուքը Բելովեժյան անտառուտում: