Ֆրանսահայ համայնքը ոգեւորված է Աթալի՝ վարչապետ նշանակմամբ

Ֆրանսահայ համայնքը ոգեւորված է Աթալի՝ վարչապետ նշանակմամբ

Հունվարի 9-ին Ֆրանսիայի նախագահը կրթության 34-ամյա նախարար Գաբրիել Աթալին նշանակեց վարչապետ: Նա երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ կառավարության ղեկավարն է։ Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը։ Զրուցել ենք ֆրանսահայ լրագրող, արեւելագետ Տիգրան Եգավյանի հետ։

- Շնորհակալություն՝ Էլիզաբեթ Բորնին, բարի գալուստ՝ Գաբրիել Աթալին։ Ինչո՞վ չէր գոհացնում Բորնի աշխատանքը, եթե հեռանալիս նրան շնորհակալություն էր հայտնում։

- Նախագահ Մակրոնը երբեք իր վարչապետի հետ համաձայնության չեկավ․ նա մտադիր էր ազատվել նրանից, բայց նրան պետք էր վստահելի փոխարինող գտնել, որն ավելի շատ նման կլիներ իրեն։ Էլիզաբեթ Բորնը հիանալի կատարեց իր առաքելությունը՝ ներկայացնելով 2 չափազանց վիճահարույց օրինագիծ՝ կենսաթոշակների եւ ներգաղթի հարցը:

- Ֆրանսիական մամուլը գրում է, որ Մակրոնը «փորձում է նոր շունչ տալ իր երկրորդ նախագահական հնգամյակին, որը նշանավորվեց ոչ պոպուլյար բարեփոխումներով», այդ թվում՝ կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելու որոշմամբ։ Ըստ Ձեզ, ուրիշ ի՞նչ շարժառիթներ կան Աթալի նշանակման համար։

- Էմանուել Մակրոնի համար մարտահրավեր է՝ նախապատրաստվելու հաջորդ եվրոպական ընտրություններին, որոնք տեղի կունենան գարնանը։ Նրա քաղաքական կուսակցությունը ֆավորիտ չէ, նա պետք է ուժեղ ազդանշան ուղարկեր՝ ընտրելով երիտասարդ 34-ամյա նախարար Գաբրիել Աթալին, ով Մակրոնի մաքուր արդյունքն է, ով, այսպես ասած, նպաստեց նրա առաջխաղացմանը։ Գաբրիել Աթալը հիանալի հաղորդակցվող է, որը կառավարության խոսնակ լինելուց հետո մի քանի նախարարական պաշտոններ զբաղեցրեց, այդ թվում՝ Ազգային կրթության։ 

- Քաղաքական ինչպիսի՞ տարի է կանխատեսվում Ֆրանսիայի համար՝ ներքին եւ արտաքին ասպարեզում։ 

- Ներքին ճակատում կառավարության նոր ղեկավարը պետք է զբաղվի մի քանի առաջնահերթություններով: Նախ՝ հաղթահարել գործազրկությունը, որը հասել է 7,4%-ի՝ լուրջ տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Այնուհետեւ մարել պարտքը, որը զգալիորեն վատթարացել է COVID 19 համաճարակի պատճառով, ինչպես նաեւ վերականգնել իշխանությունը մի երկրում, որը քայքայվում է իսլամիստական անջատողականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված բռնությունների աճի պատճառով: Բայց նաեւ Աթալի համար մարտահրավեր է՝ հաղթել Մարին Լը Պենի կուսակցությանը («Ազգային հանրահավաք»), որը հաջորդ ընտրությունների ֆավորիտն է։

- Իսկ Հայաստանի ու հայության հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունի Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը։ Գուցե Արցախի հետ կապված հայտարարություննե՞ր է արել ժամանակին։

- Գաբրիել Աթալը շատ լավ գիտի Ֆրանսիայի հայ համայնքին։ Նա Փարիզի արվարձանների Կլամար քաղաքից է, որտեղ մեծ հայկական համայնք է ապրում: Նա անձնական եւ աշխատանքային հարաբերություններ է պահպանում համայնքի հիմնական ղեկավարների հետ: Այս նշանակումը ոգեւորությամբ ընդունվեց CCAF-ի՝ Ֆրանսիայի հայկական միությունների համակարգող խորհրդի կողմից։ Մնում է սպասել, թե արդյոք նա կպահպանի՞ այս կուրսը նոր պաշտոնում։

- Երեւանն ու Փարիզը նախորդ տարի սկիզբ դրեցին ռազմական  համագործակցության, որի շրջանակում Հայաստանը Ֆրանսիայից կստանա 50 հատ «Բաստիոն» զրահամեքենա (դրանց մի մասն արդեն հասել է Հայաստան)։ Ի՞նչ նոր զարգացումներ սպասել Երեւան-Փարիզ փոխհարաբերություններում։

- Առեւտրային եւ ռազմավարական փոխանակումների առումով ֆրանս-հայկական հարաբերությունները պետք է ամրապնդվեն Ադրբեջանի հետ աճող լարվածության համատեքստում, որն այժմ ուղղակիորեն հարվածում է Ֆրանսիայի շահերին (օրերս Բաքվում լրտեսության կեղծ մեղադրանքով կալանավորվեց Ֆրանսիայի քաղաքացի): Մենք շատ բան ենք ակնկալում Ֆրանսիայից, եւ նոր ու շատ ակտիվ դեսպան Օլիվիե Դեկոտինիեի ներկայությունը Հայաստանում նպաստում է այս թափին, բայց պետք չէ նաեւ մոլորության մեջ ընկնել։ Ֆրանսիան տառապում է վարկանիշի նվազումից եւ պայքարում է իր ձայնը լսելի դարձնելու համար: Այն չունի ճնշման լծակներ, նաեւ ինքնատիպություն՝ համեմատած Միացյալ Նահանգների հետ: