Նիկոլի հրաժեշտի սերենադ Մաշտոցի պողոտայում

Նիկոլի հրաժեշտի սերենադ Մաշտոցի պողոտայում

Լավ է ասված․ «Ինադ արեց էլերին, քամակը տվեց գելերին»։ Հիմա կարո՞ղ եք բացատրել, որ հասկանամ, թե ինչու՞ եք Կոնսերվատորայի կամ մի այլ մշակույթի կենտրոնի ձուլումը, ոչնչացումը, փակումը՝ օպտիմալացման անվան տակ,  համարում միայն տվյալ կառույցի խնդիրը ու անթաքույց հաճույքով հիշեցնում, որ 2018 թվականին Կոնսերվատորիայի ուսանողները «դուխով» գլխարկով, երաժշտական գործիքներով փողոց էին փակում։ Այսինքն, որ 2018-ին փողոց են փակել, Նիկոլ են ընտրել ու այսօր խաբված են,  պիտի ուրախանա՞նք նրանց  խաբվելու համար։  Պիտի հրճվե՞նք և սարկազմով նրանց բարի ժամանց ցանկանա՞նք։ Ասեմ,  որ նույնանման տրամադրություններ հանդիպել եմ մեր որոշ գյուղերի, դիրքերի հանձնման ֆոնին։ Պարու՞մ էիք, Նիկո՞լ էիք խաղացնում, դե հիմա գնացեք ձեր գյուղը պահեք, դա ձեզ քիչ է։ 

Ժողովուրդ ջան, Կոնսերվատորիան ու մնացած բոլոր մշակութային  արժեքները, որ այս իշխանությունը «բարելավում է», ձեր թողտվությամբ է անում։ Ձեզ իրար դեմ է հանել, որ կարողանա իրագործել իր ծրագիրը։ Կոնսերվատորիան «բարելավում են», ասում եք՝ դե գնացեք կերե՜ք։ Ոնց որ դա ձեզ չի վերաբերվում։ Իշխանասարում թշնամին «թառում է», ասում եք՝ քիչ է, Նիկոլ են ընտրել։ Այդպես գյուղ- գյուղ, մայրուղի ու ճանապարհ, դիրք ու արոտավայրեր հանձնելով, անթաքույց հրճվում եք՝ ձեզ քիչ է, Նիկոլ եք ընտրել․․․ Սա պառակտման քաղաքականությամբ երկիրը ամայացնելու, փոշիացնելու իշխանության քաղաքականությունն է։ Ուշքի եկեք։  Կարմիր գծեր են թանկացնում, հարկերով խեղդում են մարդկանց, հրճվում եք՝ դա ձեզ քիչ է Նիկո՜լ եք ընտրել։ 

Մտածեք, թե  ում կողքին եք կանգնում՝ 2018-ին  Նիկոլի համար երգող , փողոց  փակող, Կոնսերվատորիայի՞ թե՞ Կոնսերվատորիան փակողի։ Անկեղծ որ ասեմ, եթե առաջ նրանք էին Նիկոլ պահում, հիմա դուք եք պահում․․․Խոսքը Հայաստանին է վերաբերվում, այդպես «ինադ անելով Նիկոլին, ամբողջ Հայաստանն ենք կորցնելու»։ Պետք է կանգ առնել։ Ու եթե ուսանողները 2018-ին Նիկոլի համար սերենադ են երգել, փողոց են փակել, «դուխով» գլխարկներ են կրել, այսօր ի՞նչն է խանգարում Նիկոլի հրաժեշտի սերենադ կազմակերպել՝ նույն Մաշտոցի պողոտայում։ Խանգարում են նրանք, որոնք անթաքույց հրճվում են՝ դա ձեզ քի՜չ է․․․