Պարտվածի հոգեբանությունը

Պարտվածի հոգեբանությունը

68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մատնացույց է անում, թե ինչպիսի տեսք է ունենալու արցախցիների վերաինտեգրումն Ադրբեջանում: Հաշվի առնելով 68-ամյա հիվանդ անձի գտնվելը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտպանության ներքո՝ նրա հետ պատահածը վկայում է այդ պետության ահաբեկչական բնույթի մասին: Այն, միաժամանակ, միջազգային կոչված հանրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի ցուցիչ է: Դրա առաջին ծիծեռնակը Միջազգային քրեական դատարանի վճռի նկատմամբ դրսևորած վերաբերմունքն էր: Կարծում եմ, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը չի կարող չգիտակցել, որ հենց այդպիսի ապագա է սպասում արցախցիներին Ադրբեջանում: Բայց հանուն սեփական իշխանության պահպանման նա պատրաստ է ամեն ինչի: Եվ այդ թվում՝ արցախցիներին ադրբեջանցիների գիրկը նետելուն՝ անվանելով այն բանակցություններ:

Քանի որ, ինչպես հաղորդվել է, Վագիֆ Խաչատրյանի առումով մինչև առևանգումն առկա չի եղել միջազգային հետախուզում, ենթադրում եմ, որ խնդիրը նրա անվան մեջ է: Ենթադրում եմ, որ ադրբեջանական անցակետի աշխատակիցների մոտ զարմանք է հարուցել Խաչատրյանի ադրբեջանական անունը: Եվ դա բավարար է եղել, որպեսզի վերջինս հայտնվի ահաբեկչական այդ երկրի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Եվ որոշեն նրան պահել իրենց մոտ, բնականաբար, նախապես քրեական գործ մոգոնելով: Դա, իհարկե, չի նշանակում, թե հայկական անուններով քաղաքացիները խնդիրներ չեն ունենա: Դա ընդամենը նշանակում է, որ վերաինտեգրման ալիևյան բանաձևի հաջողության դեպքում արցախցին պետք է այնպես շնչի, որ դա չզգացվի՝ եթե ցանկանա ապրել իր հայրենիքում:

Ի դեպ, իբրև թե հանուն Ուկրաինայի Ռուսաստանին «սրբազան» պատերազմ հայտարարած Արևմուտքն անտարբեր է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների առումով: Նույնիսկ համոզված եմ, որ Ադրբեջանի ղեկավարին տրվել է քարտ-բլանշ Նիկոլի հետ համագործակցությամբ և արցախցիների հաշվին ռուսներին հեռացնելու Անդրկովկասից: Եվ Իլհամն էլ դա կատարում է այնպես, ինչպես հարմար է իր երկրին: 44-օրյա պատերազմում էլ պայտառակ պարտություն կրած Նիկոլն անում է այն, ինչ իրեն ասվում է թե՛ արևելքից և թե՛ արևմուտքից: Խրված լինելով ռուս-ուկրաինական պատերազմում՝ Ռուսաստանն էլ ոչինչ անել չի կարողանում:

Հերթական անգամ զարմանալի դիրքորոշում է որդեգրել ՀՀ ԱԳՆ-ն: Աչքիս ԱԳՆ-ում չեն գիտակցում, որ Ադրբեջանի անբաժան մաս հայտարարված տարածքում գործում են ադրբեջանական օրենքները: Իսկ հաշվի առնելով Ադրբեջանի՝ արևելյան բռնապետություն լինելու հանգամանքը՝ այդ երկրի բարձրագույն օրենքը Իլհամ Ալիևի կամքն է: Եվ Վագիֆ Խաչատրյանի առևանգումն էլ այդ կամքի դրսևորումն է: Իսկ մնացածն էական չէ: Եվ այդ առումով զավեշտական է հնչում ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառումը «68-ամյա բուժառուի առևանգման վերաբերյալ լուրերից անհանգստացած լինելու» առումով: Եվ շարունակությունը, թե «միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»։ Ինչի վրա, ի դեպ, թքած ունի Ադրբեջանի ղեկավարը:

Իսկ Նիկոլի խնդիրը, որքան հասկանում եմ, միջազգային հասարակությանը դիմելն է ու դրանից համապատասխան հայտարարություններ ստանալը: Դրանք օդի և ջրի նման անհրաժեշտ են անձնապես Փաշինյան Նիկոլի և նրա կառավարության համար: Հատկապես, որ Հայաստանի ինքնիշխանության բարձրացման կարգախոսով իշխանության եկած ու Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրած Նիկոլը թե՛ իր իշխանությունը և թե՛ ընդհանրապես Հայաստանի գոյությունն ապահովելու նպատակով աջակցություն է փնտրում անդեմ ու անսեռ երևույթ միջազգային հասարակության շրջանում: Եվ ինչպես մի ժամանակ ինքն էր ասում, թե աղքատությունը մարդկանց ուղեղում է, այնպես էլ հիմա, վստահաբար, նրա ուղեղում դաջվել է պարտվածի հոգեբանությունը: Ինչից ազատվելու միակ ԵԼՔ-ը Նիկոլին իշխանությունից զրկելն է: