Ինչ է սպասվում ՌԴ-ի տնտեսությանն այս տարի

Ինչ է սպասվում ՌԴ-ի տնտեսությանն այս տարի

Ռուսաստանի դեմ վերջին սանկցիոն արշավներից բավական ժամանակ անցել է, եւ կարելի է գնահատականներ տալ, թե ինչ է կատարվում հետսովետական տարածքի ամենամեծ երկրի տնտեսության հետ։ Ինչպիսին են լինելու այդ սանկցիաների եւ առաջացած ճգնաժամի կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետեւանքները։ Չէ՞ որ, անկախ ամեն ինչից, ռուսական տնտեսությունից մենք կախված ենք եւ անմիջապես զգում ենք նույնիսկ աննշան պրոցեսների հետեւանքները։

Շատ մասնագետներ կարծում են, որ Ռուսաստանի տնտեսությունը կապրի իր ամենամեծ անկումը, ինչպես եղավ 2008-2009 թթ․ համաշխարհային ճգնաժամի ժամանակ։ Այսպես, նախնական գնահատականների համաձայն, ընթացիկ տարում ռուսական ՀՆԱ անկումը կարող է լինել 6,3-6,6, 2023 թվականին՝ 2-2,3, 2024-ին՝ 0,3-0,5 տոկոս։ Սակայն որոշ մասնագիտական շրջանակներ ընթացիկ տարվա համար ՀՆԱ անկումը գնահատում են մինչեւ 8 կամ 8,5, 12,4, 7 կամ 10 տոկոս։ Մասնագետները կարծում են, որ հատկապես անկումը նկատելի կլինի տարվա կեսերին, երբ նվազի սպառումը, իրենց զգացնել տան սանկցիաները՝ ամբողջ ծավալով, կրճատվեն ներդրումները, ներկրումը, արտահանումը։

Տնտեսությունը Ռուսաստանում կապրի որոշակի շոկ, որը, սակայն, կլինի խիստ յուրահատուկ բնույթի։ Մասնագետները նշում են, որ հիմա լուրջ գնահատականներ հնչեցնելը հեշտ չէ, քանի որ անորոշությունը, որն առկա է այժմ ռուսական իրականության մեջ, բավականին շատ է, եւ ոչ մեկը չգիտի, թե ինչ կարող է լինել, ինչ փոփոխություններ կարելի է սպասել հաջորդ ակնթարթին։ Ճգնաժամի առաջին ցուցանիշը կլինի սղաճը։ Գնաճը տարվա կտրվածքով կարագանա՝ 12,54 տոկոսից հասնելով 14,53-ի։ Մարտի սկզբի համեմատ գնաճը, պաշտոնական տվյալների համաձայն, կազմել է 5,38 տոկոս։ Մասնագիտական որոշ շրջանակներ սղաճի ցուցանիշը հասցնում են մինչեւ 16 տոկոս։ Կենտրոնական բանկն արդեն ապրիլի ընթացքում կարող է նվազեցնել մեկնարկային տոկոսադրույքները։ Դա պայմանավորված կլինի պահանջարկի կտրուկ նվազմամբ։ Սպառողական պահանջարկը, համաձայն Сбериндекс-ի, զգալիորեն կրճատվել է։

Տնտեսագետները նաեւ կարծում են, որ տնտեսությունը ստիպված կլինի մոռանալ կորոնավիրուսային համավարակի մասին, հատկապես որ հիմա ռուսական կառավարության իրականացրած հակասանկցիոն աջակցության ծրագրերը շատ բանով հիշեցնում են համավարակի պիկի շրջանում իրականացված տնտեսական աջակցության միջոցառումները կամ դրանց կրկնությունն են։ Դա ե՛ւ կապիտալի համաներման նոր փուլն է, ե՛ւ լիցենզավորման հետ կապված պահանջների թուլացումը, ե՛ւ հարկային ստուգումների մորատորիումը, ե՛ւ այլ միջոցառումներ։ Իհարկե, կան նաեւ նոր միջոցառումներ, օրինակ՝ երիտասարդ, մինչեւ 25 տարեկան գործարարներին կառավարական դրամաշնորհներ հատկացնելը՝ մինչեւ 500 հազար ռուբլու չափով, եւ աջակցության ծրագրերը՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններին։

Մասնագետները կարծում են, որ ռուսական տնտեսությանն աջակցելու ավելի նորարար եւ թարմ մոտեցումներ են պետք, ամենակարեւորը՝ անհրաժեշտ է ապահովել տնտեսական ազատության որոշակի միջավայր գործարարության բոլոր մակարդակներում, որպեսզի բիզնեսը կարողանա իրեն վերագտնել եւ առաջ ընթանալ։ Իսկ դա կարելի է անել խորքային կառուցվածքային փոփոխություններով, հակառակ դեպքում հետեւանքները, ըստ կանխատեսումների, կլինեն բավականին վատ։