Արհեստական հերոսների կնքահայրը

Արհեստական հերոսների կնքահայրը

Դիկտատորական կառավարման տեսակետից թույլ Սերժին մերժելը ասիացու մտածողությամբ Նիկոլին թվաց սեփական «դուխովության» և փողոցները փակող զանգվածների հպարտության վկայություն: Հայրենիքի իրական հերոսներին դավաճան հանելն ու որպես այդպիսին նրանց հասարակությանը ներկայացնելը հայրենիքի զգացողությունից զուրկ Նիկոլին թվաց պետական մտածողության դրսևորում: Հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնելը վարչապետի աթոռին թառած Նիկոլին թվաց խաղաղության ապահովում: Անվտանգային առումով արտաքին կողմնորոշման ուղղությունը դեպի Արևմուտք թեքած, սակայն եվասիական տարածքի հետ տնտեսական կապերը պահած Նիկոլին թվաց սեփական «շուստրիության» արտահայտություն: 
Եվ որպես պսակ՝ Հայաստանի ազգային-պետական շահերը հակառուսականությանը զոհաբերելը Նիկոլին թվաց ինքնիշխանության բարձրագույն մարմնավորում: Իսկ այդ ինքնիշխանության նախագծերից մեկն էլ նրա կարծիքով «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունն է: Ինչի անվանումը, վստահաբար, գողացվել է ավելի քան 10 տարի Ռուսաստանում անցկացվող հասարակական մրցանակի տրամադրման անվանումից: Որն էլ, իր հերթին, ծագել է 19-րդ դարի ռուս բանաստեղծ և արձակագիր Միխայիլ Լերմոնտովի՝ 1840 թ.-ին հրապարակված համանուն ստեղծագործության վերնագրից: Ահա, այսպիսի ամբողջական և միաժամանակ՝ կիսատ-պռատ հակառուսականություն: Ի դեպ, դա հենց հասարակական նախաձեռնություն է: Եվ այն չի փոխարինել իրական պատերազմական հերոսների պետական մակարդակի մեծարումից: 

Այդ առումով շատ ավելի անկեղծ էին Արևմուտքում: Այնտեղ փորձեցին վերացնել ամեն ռուսականը: Արգելափակեցին ռուսական պետական և ռուսաստանցիների մասնավոր սեփականությունը, արգելափակեցին ռուսական քաղաքացիական օդանավերի թռիչքներն ու նավթատար և այլ տեսակի նավերի մուտքերը նավահանգսիտներ: Համարյա թե տոտալ արգելքի ենթարկեցին ռուսական մշակույթն ու ռուսական մարզիկների ելույթները: Մի խոսքով, արգելք դրվեց այն ամենի վրա, ինչ կրում էր ռուսական հետք: Չխնայեցին նույնիսկ նրանց, որոնց մարմինները վաղուց արդեն դարձել են հող: Որպես զավեշտ՝ ռուսական մշակույթի ականավոր գործիչ, ազգությամբ հայ ծովանկարիչ Այվազովսկուն դարձրին ուկրաինացի: Ի դեպ, դա միակը չէր հակառուսական նախաձեռնությունների շղթայում: Այդ երևույթը դարձավ այնքան զավեշտալի, որ նույնիսկ արևմտյան մեկ-երկու լրագրող փորձեց դրա դեմն առնել: Որքան հիշում եմ՝ այդ թեմային նվիրված հրապարակում եմ ունեցել «Հրապարակ»-ում: 

Բայց դե, ինչպես հիշում եք, մերն ուրիշ է: Մենք կարող ենք հեղինակազրկել անվտանգային ռուսական համակարգը և միաժամանակ օգտվել ռուսական տնտեսությունից ու նրա ընձեռած հնարավորությունից: Մենք կարող ենք մեզ պահել երկու մոր կաթից սնվող գառան նման ու արդյունքում զրկվել Արցախից՝ համարելով դա նորմալ: Մենք կարող ենք ստորանալ թշնամու առաջ ու դա անվանել խաղաղության ձգտում: Մենք կարող ենք վարկաբեկել մեր իրական հերոսներին ու արհեստականորեն «հերոսներ» ստեղծել: Չէ՞ որ մեզ հայ են ասում, մեր երկիրն էլ Հայաստան, իսկ երկրի բարձագույն ղեկավարին էլ՝ «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյան»: Իսկ այդ ընթացքում իրականում անտեր Հայաստանն անընդհատ գլորենք դեպի անդունդի հատակը: