Ուկրաինայի առաջին տիկինը հավատում է ՌԴ-ի հետ հաշտությանը

Ուկրաինայի առաջին տիկինը հավատում է ՌԴ-ի հետ հաշտությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան, չափազանց քաղաքական է անվանել ճապոնացի լրագրողի հարցը, ով նրան հարցրել է այն պայմանների մասին, որոնք հնարավոր կդարձնեն Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղ բանակցությունները։

«Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ Ուկրաինային Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար։ Ռուսաստանն անընդհատ ասում է, որ պատրաստ են երկխոսել։ Ի՞նչ եք մտածում այդ մասին»,– Զելենսկայային հարցրել է լրագրողը։

«Շատ հետաքրքիր հարց եք ուղղում։ Իհարկե, պատասխանելու բան ունեմ, բայց, ճիշտն ասած, հարցը չափազանց քաղաքական է առաջին տիկնոջ համար։ 

Կարծում եմ՝ նախագահը պետք է պատասխանի այս հարցին։ Ես չեմ կարող նման պատասխանատվություն ստանձնել, ես նման մանդատ չունեմ։ Ես հասկանում եմ, որ այս թեմայով իմ ցանկացած խոսք կընկալվի որպես նախագահի խոսք, քանի որ ես նրա համար հարազատ մեկն եմ»,- ասել է Զելենսկայան։

Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահը շատ է խոսում այդ մասին։

«Վստահ եմ, որ խաղաղ բանակցությունները [Ռուսաստանի հետ] մի օր տեղի կունենան։ Իհարկե, ուզում եմ, որ հնարավորինս արագ լինեն, քանի որ, ինչպես ասացիք, ամեն օր զոհեր ենք ունենում։ Արյունահեղությունը դադարեցնելը գլխավոր խնդիրն է, որպեսզի խաղաղություն լինի։ Հուսով եմ միայն, որ նման բանակցությունների համար պայմանները կստեղծվեն հնարավորինս արագ։ Դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ձեզ ասել»,- եզրափակել է Զելենսկայան։