Աջ ղեկից ձախ տեղափոխումը վթարների բուն է

Աջ ղեկից ձախ տեղափոխումը վթարների բուն է
«Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանի կարծիքով՝ աջ ղեկով մեքենաների ներկրման թույլտվության մասով կառավարությունը ոչ մի լուծում էլ չի գտել, քանի որ ղեկի տեղափոխումն աջից ձախ հղի է նորանոր վթարներով։



«Այդ մեքենաների ղեկերը գործարանային են, հազար ու մի խնդիր կա, հիդրավլիկա, միացումներ եւ այլն։ Սա պոտենցիալ վթարների բուն է։ Ու էդքան իրենց վտանգավորությունը չէ, որքան դիմացի մեքենաների։ Էդ մեքենաների լուսարձակները լրիվ ուրիշ ձեւով են լուսարձակում ու դիմացի վարորդին կուրացնում։ Ու դրանք արդեն այսօր մեծ թվով վթարների պատճառ են դարձել, ու սուտ է, որ իրենք ասում են՝ մեզ համար ապահով է, մենք վթարներում չենք հայտնվում»։



Հիշեցնենք, որ աջ ղեկով մեքենաների սեփականատերերի տեւական բողոքի ակցիաներից հետո, երեկ՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, որ լուծումը գտնված է, պատրաստվում է որոշում, որի համաձայն, աջ ղեկով մեքենաները կարող են ներկրվել՝ պայմանով, որ 1 տարվա ընթացքում կձեւափոխվեն։

Վահագն Սահակյանը կողմ է հարցի արմատական լուծմանը՝ աջ ղեկով մեքենաներն ուղղակի չթողնել մտնել Հայաստան։ Մանավանդ, որ 2020-ից արդեն ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ կանոնակարգերը, որոնցով արգելվում է աջ ղեկով մեքենաների ներկրումը։ Նա հավելեց, որ սխալը եկել է նրանից, որ չնայած երկիր մտնող ցանկացած ապրանք պետք է սերտիֆիկացվի, այսինքն՝ ստուգվի շուկային համապատասխանությունը, սակայն սա, ըստ Սահակյանի, ի սկզբանե ոչ մեկին չի հետաքրքրել, քանի որ մարդիկ զբաղված էին միայն «ռաստամոժկայի գումար հավաքելով», «քանի որ մեքենաների ներկրումը նախկինում ուղղակի բազառ էր»․ հավաքվում էին, մաքսազերծման գին որոշում։ Այդ իսկ պատճառով էլ մեքենաների մաքսազերծումն առանձնացվել էր։