Գյումրին նոր ԱԺ-ում նոր դեմքերով ներկայանալու հնարավորություն ունի

Գյումրին նոր ԱԺ-ում նոր դեմքերով ներկայանալու հնարավորություն ունի
Դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ըստ ամենայնի, լինելու են Հայաստանի պատմության ամենահետաքրքիր ու դիտարժան ընտրությունները։ Ասպարեզում նոր դեմքերի պակաս չկա, հներից էլ ով որքան կարողացել՝ փորձել է թարմանալ, ադապտացվել, ինչպես ընդունված է ասել, «փոխված իրավիճակին»։



Ներքաղաքական այս վերադասավորումների փուլում հետաքրքրական են լինելու հատկապես Շիրակում զարգացումները։ Ինչպես հին, այնպես էլ նոր Հայաստանում Գյումրին շարունակում է մնալ քաղաքական իրադարձությունների ինդիկատորը եւ ընդհանուր դաշտի տրամադրությունների ցուցիչը։ Հանրապետության երկրորդ քաղաքը, սակայն, ունի մի յուրահատկություն։ Այստեղ կարեւորվում են ոչ այնքան գաղափարախոսությունները, որքան անձերը։ Ու քանի որ դեկտեմբերի 9-ի արտահերթ պառլամենտական ընտրություններն էլ հիմնականում անձերի ընտրություն են լինելու, կարելի է ասել, որ Գյումրին կարեւորվում է քաղաքագիտական կանխատեսումների եւ վերլուծությունների տեսանկյունից։ Եվ այսպես, հանրապետության երկրորդ քաղաքում առաջիկա ընտրություններում ռեյտինգային ցուցակներով ներկայացված կլինի իշխող «ՔՊ»-ն՝ «Իմ քայլը» դաշինքով։ Այստեղ բավականին հետաքրքիր կազմ է ներկայացված՝ մարզպետից եւ երկու փոխմարզպետներից մինչեւ երկու լրագրող։ Ի դեպ, հետաքրքիր է, որ մարզպետ Կարեն Սարուխանյանի եւ փոխմարզպետներ Արա Միրիջանյանի, ինչպես նաեւ Սոֆյա Հովսեփյանի կողքին չկա երրորդ փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, փոխմարզպետ Գրիգորյանը բավականին հմուտ ֆինանսիստ է։



Իհարկե, «տարվա հայտնությունը» մարզիկ Արսեն Ջուլֆալակյանն է։ Ենթադրելի էր, որ նա՝ որպես մարզաշխարհի ներկայացուցիչ, հանդես կգա ԲՀԿ-ով, սակայն պարզվում է, որ գյումրեցի մարզիկն իշխանական թիմին է նախապատվություն տվել։ Ու եթե լրագրողներ Էմմա Պալյանին ու Նազելի Բաղդասարյանին հանրապետության մասշտաբով քիչ թե շատ ճանաչում են՝ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված, որպես լրագրող եւ հեռուստահաղորդավար, ապա Տիգրան Պետրոսյանին ճանաչում են դեռ էլեկտրականության թանկացման դեմ պայքարի օրերից, երբ նա մյուս ակտիվիստներ Կարեն Պետրոսյանի, Ղարիբ Հարությունյանի եւ մյուսների հետ «Էլեկտրիկ Երեւանից» ոչ պակաս վճռականությամբ պայքարում էր ընդդեմ հոսանքի թանկացման։ Հենց նրանք էլ թիմային որոշմամբ պաշտպանելու են Տիգրան Պետրոսյանին։



ԲՀԿ-ն Շիրակի մարզում ավանդական դեմքեր համարվող Վարդան Ղուկասյանից ու Վարդեւան Գրիգորյանից բացի նորություններով է ներկայացել․ Հասմիկ Վիրաբյանը՝ ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանի կինը, եւ «Գործարար» տեղական կուսակցությունից Գեղամ Բաղդասարյանը։ Որքան էլ ուշագրավ է, տեղական մյուս քաղաքական ուժը՝ «ԳԱԼԱ»-ն, որը ներկայացված է Գյումրու ավագանիում, չի մասնակցելու արտահերթին։ Ամենայն հավանականությամբ, տիպիկ Գյումրվա կուսակցությունը որոշել է կենտրոնանալ Գյումրիի խնդիրների լուծման վրա։ Գյումրիի տեղական մյուս կուսակցությունից՝ միստիկ անվանումով «Գյումրեցու ոգի»-ից ո՛չ ձայն կա, ո՛չ ծպտուն։ Նույնիսկ հայտնի չէ՝ այս քաղաքական ուժը դեռ կա, թե լուծարվել է։ Գյումրեցիների շրջանում հարգանք եւ հեղինակություն վայելող Լեւոն Բարսեղյանը, որն ավագանու անդամ է «ԳԱԼԱ»-ով, չի առաջադրվելու «Իմ քայլ»-ով։ Շատ գյումրեցիներ ափսոսում են։ Եթե առաջադրվեր, անցողիկ ձայներ կհավաքեր։ Վերջին շաբաթների դժվարությունների ֆոնին նույնիսկ, գյումրեցիները լավ են հիշում հին Հայաստանում իր սուր քննադատություններով իրենց ոգեշնչող Լեւոն Բարսեղյանի գրառումները։ Չի առաջադրվելու նաեւ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը։ Ասում են, որ Գրիգորյանը նույնիսկ ցանկություն չի ունեցել Ֆելիքս Ցոլակյանի նախարար դառնալուց հետո թափուր մնացած մանդատը վերցնել, եւ համարել է, որ ավելորդ գլխացավանք է։ Ավելին՝ շատ է ցանկացել տեղ գտնել իշխանական ցանկում, բայց մերժում է ստացել։



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**