Ես ճամբարափոխ չեմ եղել

Ես ճամբարափոխ չեմ եղել
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն ու փոխքաղաքապետ Վարդգես Չիլինգարյանը լքել են ՀՀԿ շարքերը։ Երբ իմացել են, որ դեկտեմբերին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համայնքային պաշտոնյաները, որոնք տարիներ ի վեր անձնվիրաբար ՀՀԿ-ին են ծառայել, ՀՀԿ-ի համար ձայներ բերել եւ վայելել ՀՀԿ-ի օրոք իրենց տրված իշխանությունը, այսօր որոշել են հեռանալ հարազատ կուսակցությունից, բայց մնալ իշխանության մեջ։ «Նախ, եթե ընտրություններ չլինեին, այդ քայլին չէի գնա, իմ ցանկությունը եղել է այն պարագայում, որ ես չեմ ուզում, որ ընտրական գործընթացներին մասնակցեմ որեւէ ձեւով։ Բնականաբար, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ակամայից ես՝ որպես կուսակցական, պետք է արդեն, ուզած-չուզած, մասնակցեի ընտրություններին, դրա համար ընտրական գործընթացներից հեռու մնալու համար ես նախընտրեցի դուրս գալ»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Շահգալդյանը։



**-Իսկ տասը տարի ինչո՞ւ էիք ընտրական գործընթացներին մոտիկ։**



-Նախ՝ դա տասը տարի չէ, ես կուսակցական եմ մոտ 6 տարի, որովհետեւ ես 2007 թվին, երբ ընտրվել եմ քաղաքապետ, եղել եմ անկուսակցական։ Դրանից հետո անցել է 5-6 տարի, նոր ես ընդգրկվել եմ ՀՀԿ շարքերը։ Իսկ ինչի համար քաղաքական գործընթացներից հեռու, որովհետեւ ես՝ ինքս, համարում եմ, որ անիմաստ է էդ քաղաքական գործընթացներին մասնակցել, որովհետեւ էսօր ժողովրդի կողմնորոշումը բոլորիս հայտնի է, եւ մի քաղաքում, որը Չարենցավանն է, եւ գիտեք՝ մտածող մասսան ինչ ձեւ է մտածում…



**-Բայց Չարենցավանում տարիներ ի վեր մեծամասնություն են կազմել ՀՀԿ-ին ձայն տվողները՝ տարբեր մեթոդներով, այդ թվում՝ կաշառքի, ճնշումների եւ այլն։ Հիմա ո՞նց է, որ մթնոլորտը փոխվել է։**



-Իհարկե, մթնոլորտը փոխվել է։ Ես չէի ասի, որ կաշառքի հարցում ես որեւէ մի տեղ, թեկուզ իմ ընտրությունների հետ կապված, որեւէ մեկը կաշառք չի բաժանել։ Երկրորդը․ ես ֆինանսական հարցերում երբեւիցե մասնակցություն չեմ ունեցել։ Եվ ուղղակի էս պարագայում ես ցանկություն չունեմ, ուղղակի դա իմ իրավունքն է, որ ես չմասնակցեմ ընտրական գործընթացներին։



**-Դուք կրկի՞ն ծառայություն եք մատուցելու նոր իշխանություններին։**



-Ոչ, ոչ մի ձեւով։ Ես ընդհանրապես իմ առաջ խնդիր եմ դրել, որ ես մնալու եմ անկուսակցական։ Ես ընդհանրապես տարիների ընթացքում մի բան եմ հասկացել, որ ինձ ավելի շատ հարիր է իմ մտածածով, որ ես ինձ՝ որպես քաղաքական գործիչ, քաղաքական գործընթացներում չեմ կարողանում տեսնել։



**-Պարոն Շահգալդյան, ինչո՞ւ նոր դա գլխի ընկաք։ Դուք 6 տարի է՝ կուսակցական եք եւ 6 տարի ակտիվ ներգրավված էիք ՀՀԿ-ի օգտին աշխատելու գործին։**



-Եթե ընտրական գործընթացներ չսկսվեին, ես ՀՀԿ-ից դուրս չէի գա, կմնայի։ Ուղղակի չեմ ուզում, որպեսզի ես մասնակցեմ ընտրական գործընթացներին։



**-Նոր իշխանություններից որեւէ ճնշում, հորդոր եղե՞լ է Ձեզ, քանի որ Դուք ՀՀԿ-ական քաղաքապետ եք**։



-Բացարձակապես։ Նախ՝ ես նման չեմ էն մարդուն, որ կարողանան իմ վրա ճնշումներ գործադրել, որովհետեւ Դուք էլ շատ լավ ծանոթ եք եւ գիտեք՝ ես քաղաքում ինչպիսի ձայներ եմ ստացել, եւ ինչպես են ինձ ընտրել։ Ես որեւէ մեկի կողմից ճնշումների չեմ ենթարկվել, դա իմ անձնական որոշումն է եղել։ Եվ դա կապված է եղել միայն այն բանի հետ, որ տեղի են ունենում համապետական ընտրություոններ, ես՝ ինքս, այսպես ասած, էդ գործընթացներից հոգնել եմ եւ ցանկություն չունեմ։



**-Բայց Դուք կարեւոր պահին լքում եք թիմը, այն թիմը, որի շնորհիվ դարձաք քաղաքապետ։**



-Ոչ, ես էդպես չէի ասի։ Գուցե ես ժամանակին, որ ՀՀԿ անդամ չլինեի, ավելի շատ ձայն հավաքեի, վերջին ընտրություններին խոշորացված համայնքի, երբ, բնականաբար, ժողովուրդը ՀՀԿ-ից դժգոհություններ էր հայտնում։ Բայց ես մնացել եմ ՀՀԿ-ական, ես պատրաստ էի մնալ, եթե ընտրությունները լինեին ոչ թե արտահերթ, այլ՝ հերթական։ Ուղղակի էս արտահերթ ընտրությունները բերեցին նրան, որ ընդամենը ցանկություն չունեմ մասնակցելու ընտրական գործընթացներին։



**-Այս ընթացքում շատերը դուրս եկան ՀՀԿ-ից՝ մի մասն անցնելով «ժողովրդի կողմը», մի մասը՝ շանտաժի ու սպառնալիքների արդյունքում, եւ այդ մարդկանց պիտակավորեցին, քննադատեցին, որ նրանք լքում են թիմը, դավաճանում են, ճամբարափոխ են լինում, կարեւոր պահին սկզբունքայնություն չեն ցուցաբերում։ Չե՞ք մտածում, որ Ձեր մասով էլ կարող են նման գնահատականներ հնչել։**



-Ես, իհարկե, սկզբունքորեն Ձեզ հետ համաձայն չեմ, եթե մեկ դրվագ կլինի, որ ես կներգրավվեմ որեւէ կուսակցությունում, կկատարեմ որեւէ կուսակցության ցանկությունները, բնականաբար, Ձեր ասածի հետ համաձայն կլինեմ։ Ես ճամբարափոխ չեմ եղել, ես ՀՀԿ-ից դուրս չեմ եկել ու մտել ուրիշ կուսակցություն։



**-Բայց լքել եք ՀՀԿ-ն։ Դուք այս կուսակցության գաղափարախոսության կրողն էիք, հիմա այլեւս կրողը չեք, փաստորեն։**



-Գաղափարախոսության կրողն եմ, բայց մի պահ է գալիս, որ մարդ ցանկություն չունի կուսակցական աշխատանքով զբաղվելու։



**-Եթե ՀՀԿ-ն իշխանության լիներ, այդ ցանկությունը կլինե՞ր Ձեզ մոտ։**



-Կարող է եւ էդ պարագայում էլ ցանկություն չունենայի, եթե ՀՀԿ-ի ժամանակ էլ արտահերթ ընտրություններ լինեին, որովհետեւ կոնկրետ կուսակցական աշխատանքից, էդ կուսակցական խժդժություններից ես հոգնել եմ եւ ցանկություն չունեմ, որպեսզի մասնակցություն ունենամ ընդհանրապես ընտրական գործընթացներին։



**-Նոր իշխանությունների եւ նոր մարզպետի հետ ինչպե՞ս եք աշխատում։ Այս ընթացքում շատ քաղաքապետեր հրաժարական տվեցին, բայց Ձեր դիրքերը կարծես թե շարունակում են ամուր մնալ։**



-Գիտե՞ք խնդիրը որն է, էստեղ դիրքերի ամուր լինել-չլինելու խնդիրը չէ։ Ես, նախ, չեմ կարող գնահատական տալ, թե մյուս քաղաքապետերն ինչպես են աշխատել, ինչ են արել, ես ուղղակի կարող եմ ասել, որ ես թե՛ տարիներն են ցույց տվել, թե՛ նաեւ ժամանակահատվածը… նախ կարող եմ ասել, որ մարզպետի հետ միայն գործնական, աշխատանքային հարաբերություններ են, ոչ ավել, եւ պետք է ասեմ, որ ընդամենը ես կատարում եմ իմ աշխատանքը։ Եվ այն խնդիրները, որը դրել են նոր իշխանությունները, ընդամենը կարողանում եմ կատարել ժամանակին եւ տեղին։



**-Այս պահին Ձեր հրաժարականի եւ պաշտոնից հեռանալու հարց կա՞ օրակարգում։**



-Ես միշտ ասել եմ, որ հրաժարականի դեպքում պետք է լինեն պատճառներ, իսկ էդ պատճառները չկան։ Բոլորն էլ ինֆորմացված են, թե ես ինչպես եմ ընտրվել քաղաքապետ, որ ես երբեւիցե որեւէ կաշառքի միջոցով կամ ուրիշ մեթոդներով չեմ ընտրվել, եւ դա բնակիչները կարող են փաստել։ Եթե չարենցավանցին կպահանջի, որ ես հրաժարական տամ, ես կտամ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**