Իսկ հեղափոխության օրերին ինչո՞ւ չէին հորդորում հարցը լուծել իրավական ճանապարհով

Իսկ հեղափոխության օրերին ինչո՞ւ չէին հորդորում հարցը լուծել իրավական ճանապարհով
Մենք գրել էինք, որ այսօր առավոտյան [Չարենցավանի թիվ 3 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ և գործադուլ են հայտարարել](https://www.hraparak.am/posts/5be912d2cdd1fe19e00f6622/%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%A4%D5%B8%D6%82%D5%AC-%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AB-n3-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A5%D5%B6%D6%81-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%A8-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9)՝ ընդդեմ նորընտիր տնօրեն Աննա Բալյանի և ի պաշտպանություն դեռևս գործող տնօրեն Լուսինե Կարապետյանի։



Խնդիրն այն է, որ նրանք չեն ընդունում իրենց նոր տնօրենին՝ Աննա Բալյանին, որը մեկ այլ դպրոցից ժամանած ուսուցիչ է, քանի որ համարում են, որ կառավարման խորհրդի կողմից դպրոցի տնօրենի ընտրությունն անցկացվել է ուղղորդումներով և ճնշումներով, ինչի արդյունքում Լուսինե Կարապետյանը մեկ ձայնի տարբերությամբ չի ընտրվել։ Մինչ այդ եղել է երեք թեկնածու՝ Աշոտ Ուդումյանը, որը ստացել է 2 ձայն, Աննա Բալյանն ու Լուսինե Կարապետյանը, որոնք ստացել են 3-ական ձայն։ Երկրորդ փուլում արդեն Կարապետյանն ստացել է 4, Բալյանը՝ 5 ձայն։ Այդ իսկ պատճառով՝ նրանք այսօր հավաքվել ու բողոքի ակցիա էին իրականացնում դպրոցի դիմաց, որը հետո շարունակվեց արդեն քայլերթով, մինչև որ Կոտայքի մարզպետարանից Չարենցավան ժամանեցին Կոետայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն ու հանրակրթության վարչության պետ Կարեն Հունանյանը։



Լուսինե Կարապետյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց, որ [փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն իրեն զանգել, սպառնացել է այս հարցով](https://www.hraparak.am/posts/5be95f8dcdd1fe19e00f665a/%D6%83%D5%B8%D5%AD%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%A1%D5%AE%D5%B6-%D5%A7%D5%AC-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%A5%D5%B2%D5%A2%D5%B8%D6%80%D5%A8), նաև իր եղբորն են այսօր գիշերը հրավիրել ԱԱԾ և սպառնացել, որ դատական գործ կբացեն իր դեմ, եթե չդադարեն այս ակցիաները։



Այս թեմայի շուրջ զրուցեցինք նաև փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի հետ, ով ասաց, որ այս պահին՝ որպես առաջնային լուծման խնդիր, համարում է դասապրոցեսի վերականգնումը և երեխաներին նորմալ, բնականոն կրթական միջավայր վերադարձնելը։ Նա դեմ է, որ ակցիաների միջոցով փորձեն խնդիրը բարձրաձայնել և հարցին լուծում տալ։ «Որովհետև երեխաները չպետք է ներգրավված լինեն տնօրենի ընտրության հետ կապված հարցերում, և, ըստ իրենց սիմպատիաների, խորհուրդը կատարել է ընտրություն, էդ ընտրությունը հնարավոր է՝ չի բխում որոշ ծնողների և որոշ ուսուցիչների ցանկություններից, բայց իրավական պետությունում մենք պետք է առաջնորդվենք իրավական գործընթացներով և իրավիճակի գնահատականը տանք ըստ էս պահին եղած օրենսդրական կարգավորումների»-կարծում է Առնակ Ավետիսյանը։



**-Բայց այդ տնօրենի ընտրության հարցն ուղղակիորեն բխում է այդ աշակերտների շահերից, որոնք այսօր դուրս էին եկել ակցիայի։**



-Հասկանալի է, իրենք առաջնային շահառու են, թե դպրոցում ով կլինի գործադիր մարմնի ղեկավար։ Բայց կարծում եմ՝ հարցը հնարավոր է քննարկել իրավական դաշտում, այսինքն՝ չընտրված տնօրենը կարող է բողոքարկել ընտրության արդյունքները, լիազոր մարմինը քննության առնի էդ փաստերը, և համապատասխան իրավական դաշտում որոշում կայացվի։



**-Իսկ երբ հեղափոխության օրերին այդ նույն դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դուրս էին եկել և ճանապարհ էին փակում, այդ ժամանակ ինչո՞ւ չէիք հորդորում, որ իրավական դաշտում հարցը լուծեին և, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ նստեին բանակցությունների։**



-Ովքե՞ր նստեին բանակցությունների։



**-Աշակերտները, նրանց ծնողները, ուսուցիչները։**



-Չհասկացա Ձեր հարցը, ճիշտն ասած։



**-Դուք չեք խրախուսում այսօր այս ակցիան, դասադուլը, բայց այդ նույն դպրոցի աշակերտները ժամանակին դասադուլ և ակցիան էին անում, որ հեղափոխություն լինի։**



-Մենք տարբեր հարթությունների վրա ենք նայում հարցին։ Հիմա ո՞ւմ դեմ են մարդիկ բողոքում, էն ժամանակ մենք ունեինք իշխանություն, որը չէր լսում մեր պահանջները, չէր լսում մեր ցանկությունները, և իշխանություն ունեինք, որը գործում էր օրենքից դուրս։ Այսինքն՝ փորձել օրինական դաշտում լուծել հարցեր մի իշխանության հետ, որը գործում էր օրենքից դուրս, դա տրամաբանական չի։ Եվ դա բերեց վերջիվերջո թավշյա, ոչ բռնի հեղափոխության երկրում։ Իսկ հիմա մենք բաց ենք ցանկացած քննարկման համար։ Մենք մշտապես հորդորում ենք մեր քաղաքացիներին, որ բոլոր հարցերը բարձրացնեն մեզ մոտ, մենք բաց ենք քննարկման համար, մենք լսում ենք բոլորին, և Դուք չեք գտնի Կոտայքի մարզում գեթ մեկ քաղաքացի, որը խնդիր ունենա, և լսված չլինի մարզպետարանի և անձամբ մարզպետի կողմից։



**-Տնօրեն Լուսինե Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրությունը տեղի է ունեցել ուղղորդումներով, իրենց չեն զգուշացրել, երբ խորհրդի կազմ են փոխել, մարզպետարանի կողմից ուղղորդված մարդիկ են մտել խորհրդի կազմ, նաև Ձեր կողմից սպառնալիքներ են եղել իր հանդեպ, Դուք զանգել կոպիտ տոնով եք խոսել նրա հետ, սպառնացել եք նրան և այլն։**



-Ուղղորդման մասին՝ ես տնօրենին խնդրել եմ և ոչ միայն տնօրենին, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր որ ներգրավված են եղել էս պրոցեսում, որ ցանկացած փաստ՝ ուղղորդումների, անարդարության և խախտումների ընտրության պրոցեսում, ներկայացվի մեզ և սահմանված կարգով բողոքարկվի, որպեսզի մենք կարողանանք էդ փաստերը վեր հանենք, եթե էդպիսի դեպքեր եղել են, և իրավական գնահատական տանք դրանց։



**-Էստեղ քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Ասում են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի ներկայացուցիչներն են խառնվել գործին, նրանք են ուղղորդել, ասացին նաև, որ ուժային կառույցներից ռեպրեսիաներ են եղել, հրավիրել են ոմանց ԱԱԾ։ Սա նորմա՞լ է։**



-Իհարկե, եթե էդպիսի դեպքեր եղել են, դա նորմալ չի, ես ակնկալում եմ և խնդրում եմ՝ բոլոր էն մարդկանց, ովքեր նման բաներ են ասում, գան և հայտնեն մեզ հստակ փաստեր նման դեպքերի վերաբերյալ։



**-Քիչ առաջ տնօրենը իմ միջոցով այդ մասին հայտնեց։**



-Կոնկրետ փաստեր․․․ ես տնօրենին հորդորել եմ, որ էդ փաստերը ներկայացնի մեզ, որպեսզի մենք կարողանանք իրավական գնահատական տալ դրան։



**-Նախորդ իշխանության օրոք էլ էին այդպես ասում՝ կոնկրետ փաստեր ներկայացրեք, հետո այդ փաստերն այդպես էլ չէին հայտնաբերվում։**



-Մենք նախորդ իշխանություններից տարբերվում ենք նրանով, որ մենք բազմիցս ապացուցել ենք, որ մենք էդ փաստերը հստակ իրավական գնահատականի կարժանացնենք։



**-Խնդիրն այն է, որ այդ տարբերությունը դեռ չեն զգում։**



-Կներեք, բայց սխալվում են, եթե տարբերությունը չեն տեսնում։ Բայց այլ ճանապարհ այդ հարցի լուծման չկա, քան իրավականը, համաձա՞յն եք։ Մենք ապրում ենք հիմա իրավական երկրում, մենք ունենք լեգիտիմ կառավարություն, և մենք պետք է բոլոր հարցերը լուծենք իրավական ճանապարհով։



**-Հիմա, եթե դպրոցի կոլեկտիվը պահանջում է իրենց տնօրենին, որի աշխատանքից դժգոհ չեն, ինչպես հասկացա նրանց ելույթներից, ի՞նչ պետք է արվի։**



-Որևէ մեկը դժգոհ չէ նախկին տնօրենի աշխատանքից, բայց ունենք փաստ, որ կառավարման խորհուրդն ընտրել է այլ տնօրեն։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**