ՏՏ բիզնեսները տեղափոխվում են Հայաստան, ջանք թափու՞մ են, որ նրանց երկար պահեն այստեղ

ՏՏ բիզնեսները տեղափոխվում են Հայաստան, ջանք թափու՞մ են, որ նրանց երկար պահեն այստեղ

Ռուս-ուկրաիանական պատերազմի հետևանքով հազարավոր ռուսներ են եկել, իրենց ՏՏ բիզնեսներն են տեղափոխել Հայաստան։ Իրականում ոչ ոք չէր սպասում, որ նման բան կլինի, դրա մասին կարելի էր միայն անորոշ ենթադրություններ անել։ Հիմա նրանք եկել են։ Ջանք թափո՞ւմ են, որ նրանց մեզ մոտ երկար պահեն։ Սրանք պրոցեսներ են, որ իրենց ազդեցությունը թողնելու են Հայաստանի կյանքի ու տնտեսության վրա։ Այս մասին քիչ առաջ «Տնտեսական ռիսկեր․ կյանքի դժվարացում» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը։

«Այսօր ողջ աշխարհում տնտեսական թիվ մեկ խնդիրն ու մարտահրավերը գնաճն է։
Ինձ հարց են տալիս, եթե նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագիծը կառավարությունը մերժում է, ի՞նչ անի ժողովուրդը։ Բայց դուք տեսե՞լ եք, որ ժողովուրդը դուրս գա փողոց, պահանջի նպաստի, թոշակի, աշխատավարձի բարձրացում։ Այո, մարդիկ ստեղծված իրավիճակում կարևորում են անվտանգությունը, սակայն անվտանգային փխրուն համակարգեր ունեցող երկրում պետք է փայփայեն ներդրողներին, մինչդեռ այս կառավարությունը նման քայլ չի ձեռնարկում»,- ասաց նա։

«Համոզված եմ՝  առաջիկայում ռուբլին չեն կարողանա պահել այս մակարդակի վրա։ Բացի այդ, Հայաստանից տարեկան 650 հազար մարդ է մեկնում Ռուսաստան արտագնա աշխատանքի, այս տարի կնվազեն նաև տրանսֆերտները, քանի որ այնտեղ ևս աշխատանքի խնդիրներ են լինելու։
Ստեղծված իրավիճակում ռուբլու արժեզրկման հետևանքով Հայաստանը  խնդիրներ է ունենալու նաև արտահանման հետ կապված։ Այս կառավարությունը շատ է սիրում, չէ՞, ասել՝ բոլորը փլվում են, բայց մենք կարող ենք օգտվել այս իրավիճակից։ Հիմա էլ են ասում՝ ո՞նց օգտվենք։ Բայց պետք է չափելի ցույց տալ, դու կարողանո՞ւմ ես օգտվել, թե՞ չէ»,-հավելեց նա։