Նոր Հայաստան՝ հին թալան․ «Նաիրիտում» արտադրամասեր են վաճառում, ջրի և գոլորշու խողովակներ են կտրում

Նոր Հայաստան՝ հին թալան․ «Նաիրիտում» արտադրամասեր են վաճառում, ջրի և գոլորշու խողովակներ են կտրում
«Նաիրիտ» ՓԲԸ-ում աուդիտ իրականացնող մասնագետների դեմ թաքնված պատերազմ է սկսվել։ Կան ուժեր, որոնք ամեն կերպ խոչընդոտում են քիմիական հսկայի վերագործարկմանը։ Արդեն հայտնել ենք, որ գործարանի համակարգող խումբը մեծ ջանքեր է թափել նոր ներդրողներ գտնելու համար, պայքարել է, պետական մարմիններ է դիմել, կառավարություն, «Նաիրիտի» պարտատերերին, եւ ի վերջո պարտատերերը համաձայնել են մի քիչ էլ սպասել՝ գործարանը փրկելու վերջին հնարավորությունը տալով նաիրիտցիներին։ Այժմ գործարանում տեխնիկական աուդիտ է անցկացվում, որն անհրաժեշտ է ներդրողներին՝ որոշելու համար, թե ինչ վիճակում է գործարանը, եւ արդյոք առկա հզորությունները բավարա՞ր են նոր արտադրական գործընթացի մեկնարկի համար, թե՞ գործարանը վերածվել է հողատարածքի, որտեղ ամեն ինչ պետք է սկսել զրոյից։ Հասկանալի է, որ այս դեպքում վերագործարկման համար պահանջվող գումարն անհամեմատ մեծ է լինելու։ Ահա ինչու «Նաիրիտի» համակարգող խումբը շահագրգռված է, որ գործարանի հիմնական հզորությունները՝ հոսքագծերը, արտադրամասերը, նյութերը, այն ամենը, ինչ հնարավոր կլինի օգտագործել, չհանվեն աճուրդի։ 40 հոգուց բաղկացած փորձագետների խումբը, որտեղ ներգրավված էին աուդիտորներ Հայաստանից, Ռուսաստանի «Ռոսգազինժեներինգ» ընկերությունից, բուլղարական «Խիմ Ռեմ Ստրոյ» ձեռնարկությունից, մի քանի հոգի Սլովակիայից, սեպտեմբերի առաջին օրերին մտավ գործարան եւ սկսեց գույքի, հոսքագծերի, արտադրամասերի եւ սարքավորումների վիճակի ուսումնասիրությունները։ Աուդիտին զուգահեռ ընթանում է սնանկության գործընթացը, եւ որպեսզի հետագա օգտագործման համար պիտանի գույք եւ սարքավորումներ աճուրդի չդրվեն, գործարանի համակարգող խումբը դրա շուրջ բանավոր համաձայնության էր եկել սնանկության կառավարչի, նաեւ՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ։ Սակայն պայմանավորվածությունները խախտվում են։ «Նախ՝ սնանկության կառավարիչը, առանց մեզ տեղյակ պահելու, վաճառեց գործարան մուտք գործող ջրի խողովակը, որով գործարան ջուր էր մտնում,- երեկ ահազանգեց մեզ գործարանի համակարգող խմբի անդամ Սեդա Մատինյանը,- երկու օր առաջ սկսեցին ապամոնտաժել բուտադիոնի պահեստները։ Այս պահեստներն այլեւս դժվար է լինելու վերականգնել, որովհետեւ այդ հիմքով էր վերաթողարկումը սկսվելու։ Եթե դրանք քանդեցին, սա բավականին բարդացնելու է վերագործարկումը։ Սնանկության կառավարիչը սկսել է մաս-մաս վաճառել քացախաթթվի արտադրությունը։ Մի քանի ամիս առաջ նրանք կրկին ուզում էին վաճառել դա, բայց նախարար Արծվիկ Մինասյանի միջամտությամբ կանխեցինք, հիմա նախարարը չկա, եւ նրանք, օգտվելով խառը քաղաքական իրավիճակից, անում են իրենց սեւ գործը»։



Սեդա Մատինյանը, նաեւ համակարգող խմբի անդամներ Կարինե Շահվերդյանը, Գագիկ Ավետիսյանը, Արմենուհի Գեւորգյանը, Միքայել Սաֆարյանը, Գեւորգ Դոլմազյանը, Սպարտակ Պողոսյանը դիմում են գրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հայտնելով, որ գործարանում օրինականացված թալան է ընթանում, որ «Նաիրիտի» վերաթողարկման շրջանակներում սկսված փորձաքննական խմբի աշխատանքները խափանվում են, սնանկության կառավարիչն արագ վաճառքի է հանում այն, ինչ անհրաժեշտ է լինելու ներդրողին, որ կառավարիչը «դանոսներ» է գրում իրավապահ մարմիններին «Նաիրիտի» համակարգող խմբի անդամների դեմ։ Նրանք նաեւ դիմել են պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ հայտնելով նրան սնանկության գործընթացում տեղ գտած չարաշահումների մասին։ «Համակարգող խումբն ուսումնասիրություններ է կատարել գործարանից վաճառվող գույքի վերաբերյալ, արդյունքում պարզ է դարձել, որ գույքի ոչ ճիշտ գնահատման հետեւանքով գույքը վաճառվել է շուկայականից էապես ցածր գներով։ Այսպիսով, գնահատման ճշգրտությունը հասկանալու նպատակով մեր մասնագետներն այցելեցին նյութերի փորձաքննություն եւ գնահատում իրականացնող «Արմէքսպերտիզա» ՍՊԸ։ Մենք փորձեցինք ճշտել գնահատման հիմնավորումները, սակայն «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի կողմից չներկայացվեց հիմնավորող որեւէ փաստաթուղթ»,- գրում են համակարգող խմբի 11 անդամները Դավիթ Սանասարյանին, բազմաթիվ այլ աղաղակող խախտումներ, որոնք թույլ են տրվել սնանկության գործընթացում։ Ի պատասխան՝ նրանք Սանասարյանից ստացել են մի դասախոսության «կոնսպեկտ», որտեղ թվարկված է, թե ՀՀ օրենսդրությամբ ինչ լիազորություններ ունի սնանկության կառավարիչը։ «Մենք եկել ենք եզրակացության, որ Նոր Հայաստանում բարձիթողի վիճակ է տիրում, որը ձեռնտու է թալանչիներին»,- ասում է Սեդա Մատինյանը։



«Նաիրիտ» գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը ՀՀ ամենամութ ու անհաղորդ պաշտոնյաներից է, որը վարում է ամենամութ օբյեկտների սնանկությունը, որոնց տերերը բան ունեն թաքցնելու հանրությունից։ Նախկին իշխանությունների օրոք նրան էր հանձնարարվել նաեւ Վանաձորի քիմպրոմի սնանկության վարույթը, որտեղ կրկին բազմաթիվ պետական գաղտնիքներ կային, մասնավորապես, օֆշորային բաժնետերերի հետ կապված։ Կարեն Ասատրյանը խուսափում է լրագրողներից, երբեք չի պատասխանում նրանց հարցերին ինչպես նաեւ՝ անծանոթ համարների։ Երեկ նա կրկին չպատասխանեց մեր զանգերին։ Սնանկության կառավարիչը չի շփվում նաեւ համակարգող խմբի անդամների հետ՝ վտանգ զգալով նրանցից։ Ինչո՞ւ է նա իր գործողություններով ամեն կերպ խոչընդոտում գործարանի վերաթողարկմանը։ Պատճառը պարզ է՝ օրենքով սնանկության կառավարչի եկամուտը կախված է պարտատիրոջ պահանջների բավարարման չափից։ Մինչեւ 25 միլիոն դրամի դեպքում այն կազմում է 10 տոկոս, 25-50 միլիոն դրամի դեպքում՝ 2 մլն 500 հազար դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը, 50-75 միլիոնի դեպքում՝ 4 մլն 500 հազար դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը եւ այլն։ Եթե հաշվի առնենք, որ «Նաիրիտի» պարտատերերի պահանջը մոտ 100 մլն դոլար է, ապա, ամենահամեստ հաշվարկով, նա այս գործընթացից մոտ 1 մլն դոլար վարձ է ստանալու։ Այս պայմաններում կառավարչի հայրենասիրությանն ապավինել չարժե։



**ՀԳ**․ Տեղեկություն ստացանք, որ երեկ սկսել են կտրել նաեւ «Երեւան ՋԷԿ»-ից գոլորշու տեղափոխման խոշոր տրամաչափի խողովակները, առանց որոնց գործարանը չի կարող աշխատել։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**