Ո՞ր կուսակցությունները կմնան հին Հայաստանում

Ո՞ր կուսակցությունները կմնան հին Հայաստանում
Անկախ այն բանից՝ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարեվերջին, թե ավելի ուշ՝ քաղաքական ուժերն ունեն իրենց տեղն ու դերը վերաիմաստավորելու խնդիր։ Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական թատերաբեմից դանդաղ եւ անաղմուկ հեռանում է Հայաստանի ամենահին կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ-ն։ Այդ ընտրություններում 1,62 տոկոս քվե ստացած կուսակցությունը հազիվ թե հավակնի ԱԺ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելուն։ Երկրորդ տեղը զբաղեցրած «Բարգավաճ Հայաստանը» եւս չի կարող հետհեղափոխական Հայաստանում գործել եւ հաջողության հասնել հին մեթոդներով։ 6, 95 տոկոս քվեները հազիվ թե արդարացնեն այն սպասելիքները, որոնք ԲՀԿ-ն ուներ քարոզարշավի մեկնարկից առաջ եւ հանուն այդ սպասելիքների էլ ջանք ու եռանդ չխնայեց՝ փորձելով ժողովրդին լինել հասանելի, կազմակերպելով տարբեր հանդիպումներ։ Կառավարության անդամ ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական նախարարների, մարզպետների պաշտոնանկությունից հետո այս կուսակցությունները, հուսանք, առաջիկա օրերին լուրջ հետեւություններ կանեն։ «Լույս» դաշինքում մեկտեղված «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ստացած 4,99 տոկոս քվեն եւս հուսադրող չէ, եթե նկատի ունենանք նրանց՝ ընդդիմադիր պայքարի կուտակած փորձն ու անցած ճանապարհը։ Մյուս կուսակցությունները, դատելով նրանց իրական վարկանիշից, ստիպված են լինելու կա՛մ լուծարվել, կա՛մ տարրալուծվել այլ քաղաքական ուժերի մեջ՝ փորձելով մնալ քաղաքական դաշտում։ Այլ, ավելի բարդ իրավիճակում են հայտնվել Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերը։



Նրանց մեծ մասը ողջունել եւ այս կամ այն կերպ իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը, այսօր էլ չի պատրաստվում որեւէ կերպ ընդդիմանալ կամ քննադատել նրա գործունեությունը։ Խոսքն, իհարկե, տվյալ դեպքում ինքնանպատակ քննադատության մասին չէ, այլ այլընտրանքային ծրագրեր, դիտարկումներ ներկայացնելու։ Գոնե նախկինում տարբեր պաշտոններ զբաղեցրած կուսակցական գործիչները կարող են ժամանակ առ ժամանակ իրենց տեսակետները ներկայացնել կառավարության գործունեության մասին։ Մյուս խնդիրն այն է, թե ինչպես է լցվելու այն գաղափարական վակումը, որն առաջանալու է մի շարք կուսակցությունների տոտալ պարտության կամ լուսանցք մղվելու դեպքում։ Եթե, օրինակ, Հայ հեղափոխական դաշնակցությունը միշտ հանդես է եկել ազգայնական դիրքորոշմամբ, վերջին քսան տարվա ընթացքում ԱԺ-ում ստացել որոշակի քվոտաներ, ապա հայտնի չէ, թե գալիք ընտրություններում նրա հնարավոր պարտության դեպքում որ ուժն է լինելու ազգայնական գաղափարների կրողը։ Ցանկալի չէ, որ ազգայնական գաղափարներ կրող քաղաքական ուժը ՀՅԴ-ի նման հոխորտա թուրքերի դեմ, հանդես գա «Ստամբուլն արյան ծով դարձնելու» պահանջով, բայց Ղարաբաղյան հակամարտության չլուծված խնդիր ունեցող երկրում ազգայնական գաղափարներ կրող ուժի պահանջ անպայման զգացվելու է։



Միգուցե այդ բացը լրացնի նորահայտ «Սասնա ծռեր» կուսակցությո՞ւնը։ Սա էլ քիչ հավանական թվացող տարբերակներից է, քանի որ բաց ձեռքերով ապրիլյան հեղափոխություն իրականացրած հասարակությունը նույն ոգեւորությամբ չարձագանքեց երկու տարի առաջ զինված ապստամբություն իրականացրած ծռերին։ Հայաստանի կուսակցությունների ցանկն ուսումնասիրելիս նրանց անունների դիմաց հանդիպում ես ժողովրդավարական, լիբերալ, քրիստոնեաժողովրդավարական, պահպանողական, ազգային եւ այլ բաղադրիչների։ Կարծես թե մեր երկրում չկա լիբերալ, ազգայնական, ժողովրդավարական, պահպանողական գաղափարներ կրողների պակաս։ Խնդիրն այն է, թե այդ գաղափարներով հանրությանը ներկայացող քաղաքական ուժերը ինչպես են մեկտեղելու իրենց ռեսուրսները արտահերթ ընտրություններից առաջ, ինչ նոր ծրագրերով ու թիմով են մասնակցելու այդ ընտրություններին։ Ո՞րն է լիբերալ գաղափարախոսություն ունեցող մի քանի քաղաքական ուժերի՝ առանձին- առանձին ընտրություններին մասնակցելու եւ ձայները փոշիացնելու իմաստը, ո՞րն է լինելու պահպանողականների առաքելությունը։



Կամ՝ ո՞ր քաղաքական ուժը կփորձի համախմբել սոցիալիստական գաղափարներ դավանող ընտրազանգվածին, որպեսզի Հայաստանի անկախության 27-րդ տարում էլ ալ դրոշներով ու փողկապներով կոմունիստները հերթական անգամ չհեղեղեն Երեւանի փողոցները՝ հարուցելով սյուրռեալիստական զգացողություններ։ Սոցիալական տարբեր խավեր թեեւ շարունակում են «վայելել» հեղափոխության պտուղները, բայց ուշ թե շուտ նրանք իրենց պահանջներն ու հարցերն են ձեւակերպելու, հասցեագրելու կառավարությանը, որն այսօր իշխանություն լինելուց զատ՝ նաեւ ընդդիմության դերն է վերցրել իր փխրուն ուսերին։ Իսկ տարբեր բարեհունչ անուններով կուսակցությունները ստիպված են լինելու կա՛մ մաս կազմել քաղաքական համակարգին՝ կրելով իրենց բաժին պատասխանատվությունը, կա՛մ իսպառ հեռանալ քաղաքական ասպարեզից։



**Թագուհի Հակոբյան**