Դիվանագիտական անձնագիր են ունեցել անգամ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թոռները

Դիվանագիտական անձնագիր են ունեցել անգամ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թոռները
Մենք այսօր արդեն [հրապարակել ենք](https://www.hraparak.am/posts/5bac9c3826772606a74d67fd/%D5%B8%D5%BE%D6%84%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%B1%D5%B6%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%A6%D6%80%D5%AF%D5%BE%D5%A1%D5%AE-254-%D5%B0%D5%B8%D5%A3%D5%AB%D5%B6-%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF) այն 254 անձանց անունները, որոնք այս տարիներին դիվանագիտական անձնագիր են ունեցել, և հիմա նրանցից հետ է վերցվել այդ անձնագրերը։



Ուսումնասիրելով ցանկը՝ պարզեցինք բավականին ուշագրավ անուններ, որոնց առկայությունը միանգամայն տրամաբանական է, որ զայրույթ և վրդովմունք առաջացնի հասարակության մեջ։



Այսպես՝ դիվանագիտական անձնագիր են ստացել ՀՀ երկու նախկին նախագահիների ընտանիքները՝ ողջ կազմով։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանից զատ դիվանձնագիր են ունեցել նրա կինը, դուստրերը, փեսաները, նրանց երեխաները, որոնց անունները կան այս ցանկում՝ Ռիտա Սարգսյան, Սաթենիկ Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Ռիտա Խաչատրյան, Սերժ Խաչատրյան, Տիգրան Խաչատրյան։ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն ու նրա որդիները ևս զերծ չեն մնացել այս յուրահատուկ նվերից՝ ստանալով դիվանագիտական անձնագիր։Այս տարիներին «դիվանագիտական առաքելություն» են իրականացրել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները՝ կինը, որդիները, հարսները, թոռները, այդ թվում՝ տատիկ Բելլա Քոչարյանը, թոռնիկ Բելլա Քոչարյանը, մյուս թոռնիկները, Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ երգչուհի Սիրանույշ Քոչարյանը, նրա ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, վերջինիս ավագ եղբայր Սեդրակ Քոչարյանը, նրա կինը՝ Զարուհի Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, նրա ամուսինը՝ Վիգեն Չատինյանը, նրանց երեխաները և այսպես շարունակ։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ևս դիվանագիտական անձնագիր է ունեցել։



Դիվանագիտական անձնագրեր են ստացել և այսօր դրանցից զրկվել նաև նախկին նախարարներն ու նրանց կանայք, օրինակ՝ Գագիկ Բեգլարյանն ու նրա կինը, Վարդան Խաչատրյանն ու նրա կինը և այլք։ Դիվանագիտական անձնագրի «կարիք» է ունեցել նաև հայտնի Շմայսը՝ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը։ Բայց նա, ի տարբերություն իր պահած զենքերի, այս անձնագիրը «օրենքի տառին համապատասխան» չի տարել ու չի հանձնել ԱԳՆ-ին, երևի որոշել է իշխանությունից մնացած այս վերջին հաճելի հուշը գոնե պահել իր մոտ, հետն էլ՝ ազատ ճամփորդել։ Դիվանագիտական անձնագրից զրկվել են նաև նախկին վարչապետները, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը։ Կարապետյանի կառավարության անդամները նույնպես զրկվածների ցանկում են։



Ցանկում կան նաև այլ ուշագրավ անուններ, որոնց կապը դիվանագիտության հետ ամենալայն ֆանտազիայի դեպքում անգամ դժվար է պատկերացնել։ Կարճ ասած՝ Ռոբետ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, բնականաբար ԱԳՆ-ի միջոցով, իրենց շրջապատից ում հասցրել դիվանագիտական անձնագիր են շնորհել, չի բացառվում՝ դա որպես թանկարժեք նվեր մատուցելով նրանց տարբեր առիթներով։ Եվ այսօր ԱԳՆ-ն հանկարծ «երկարամյա թմբիրից» արթնացել ու որոշել է շտկել իր սխալը՝ հետ վերցնելով աջ ու ձախ բաժանած դիվանձնագրերը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**