Նորմալ եմ գնահատում, հեղափոխական վիճակ էր, նախկինների մերժում․ ՀՅԴ թեկնածու

Նորմալ եմ գնահատում, հեղափոխական վիճակ էր, նախկինների մերժում․ ՀՅԴ թեկնածու
Երևանի ավագանու ընտրություններից մասնակցած ու պարտված ուժերից ՀՅԴ-ի քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն իրենց պարտությունն ու Հայկ Մարությանի հաղթանակը պայմանավորում է հեղափոխական տրամադրություններով։



«Նորմալ եմ գնահատում, հեղափոխական վիճակ էր, նախկինների մերժում, տրամաբանական է»,-**Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց Միքայել Մանուկյանը։



**-Նախկինների մեջ դո՞ւք էլ էիք մտնում՝ որպես մերժված ուժ։**



-Մենք չէինք մտնում, բայց երևի Երևանի քաղաքացին էդպես է մտածել։



**-Այսինքն՝ հիմնական պատճառը դրանո՞վ է պայմանավորում, որ և՛ Դաշնակցությունը քիչ ձայն հավաքեց, և՛ «Իմ քայլը» շատ ձայն հավաքեց։**



-Այո։ Մեր քաղաքացին ուզում է առաջ գնալ և առաջ է տեսնում ամեն ինչ։



**-Իսկ սա ինչպե՞ս կանդրադառնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա, եթե դրանք կայանան։**



-Նույն կերպ։



**-Հնարավո՞ր է Դաշնակցությունն այդ դեպքւոմ անիմաստ համարի մասնակցությունը։**



-Ոչ, կարծում եմ։



**-Իսկ եթե նորից մերժվի և քիչ ձայն հավաքի՞։**



-Հնարավոր է էդ տարբերակը ևս։



**-Պարոն Մանուկյան, իսկ վերլուծե՞լ եք, բացի հեղափոխական տրամադրություններից գուցե նաև ձե՞ր մեջ կար խնդիր, օրինակ՝ քարոզչությունը լավ չկազմակերպեցիք, ճիշտ տեխնոլոգիաներ չկիրառեցիք և այլն։**



-Ոչ, ես այդ մասին ասել եմ՝ ընտրությունները վերացան քաղաքապետի ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի կառավարության, Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ ձևավորվեց, և Նիկոլ Փաշինյան անձի վստահության խնդիր դրվեց։



**-Պատրաստվո՞ւմ եք շնորհավորել Հայկ Մարությանին կամ շնորհավորե՞լ եք արդեն։**



-Շնորհավորում եմ ինքս՝ անձամբ, մաղթում եմ հաջողություններ, մենք միշտ լինելու ենք մեր ժողովրդի կողքին և ամեն ինչ անելու ենք, որպեսզի ժողովուրդը հաղթանակած դուրս գա։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**