Նախիջևան. չհետազոտված փոփոխություններ, վտանգներ և առավելություններ

Նախիջևան. չհետազոտված փոփոխություններ, վտանգներ և առավելություններ
Քննարկում «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ում.



«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» խորագրով հանդիպում-քննարկումը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» սրահում այս շաբաթ հյուրընկալել էր արևելագետների, տարբեր ոլորտների փորձագետների, ռազմական գործիչների: Նրանք նախաձեռնության անդամների հետ քննարկեցին Նախիջևանի իրավաքաղաքական, դիվանագիտական, ռազմական և հասարակական խնդիրները՝ սահմանի անվտանգությունից մինչև պատերազմի բռնկման վտանգ: Ինչպես բացման խոսքում նշեց նախաձեռնության համահամակարգող, արևելագետ Մխիթար Նազարյանը, Նախիջևանը, թուրք-բոլշևիկյան գործարքի արդյունքում Ադրբեջանին բռնակցվելուց ի վեր չեղավ մեր քաղաքական օրակարգում, և այսօր կարևոր է հասկանալ, թե ինչու և ինչպես Նախիջևանը մտավ Ադրբեջանի քարտեզի մեջ, և այսօր ինչ իրավիճակ ունենք: «Նախիջևանի հետ մենք կապված ենք պատմական անցյալով, բաժանված՝ պետական սահմանով»,- նշեց նա:



«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի դիտարկմամբ՝ չարժե ծանրանալ խնդրի պատմական կողմի վրա, քանի որ այն էական դերակատարություն չունի տիտղոսի որոշման համար, մինչդեռ տիտղոսն այն ցուցանիշն է, որով որոշվում է տարածքի պատկանելությունը: «Գիտենք, որ Նախիջևանը Երևանի խանության հետ 1828թ-ից անցել է Ցարական Ռուսաստանին: Երբ կայսրությունը հեղափոխության հետևանքով սկսեց տրոհվել, երեք ինքնահռչակ հանրապետություն ի հայտ եկավ: 1918թ. մայիսին, այդ երկրները հռչակվեցին, սակայն դրանց ճանաչումը չեղավ, որովհետև տարածքային վեճեր կային: Ճանաչվեցին միայն 1920 թվականի հունվարից, և հետաքրքրականն այն է, որ այս ճանաչումը չէր կանխորոշում նրանց սահմանները: 1920թ փետրվարին Ազգերի Լիգայում ստեղծվեց հատուկ հանձնաժողով (կոչվում էր Հայաստանի հանրապետության սահմանների որոշելու հանձնաժողով), որի անդամ էին կազմում Ազգերի լիգայի խորհրդի չորս անդամ երկրների ներկայացուցիչները՝ Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Իտալիա և Ճապոնիա: Եվ ահա այդ հանձնաժողովը, որը պիտի որոշեր Հայաստանի սահմանները Վրաստանի և Ադրբեջանի հետ, 1920թ փետրվարի 24-ին հանդես եկավ զեկույց-առաջարկով, որի հիմքում՝ որպես սկզբունք, դրված էր ազգագրական թվային պատկերը, որտեղ Հայաստանն Ադրբեջանի մասով նշված էր Արցախի ու Գարդմանքի սահմանով: Այսինքն, այդ սահմանով Հայաստանը ներառում էր ոչ միայն այն տարածքը, որ մենք այսօր վերահսկում ենք, այլ՝ շուրջ 10-12 հազար ք/կմ ավելի: Նախիջևանի հարցով հարցը վիճելի չէր, Ազգերի լիգան որոշել էր, դա Հայաստանի հանրապետության մաս է, և տարբեր փաստաթղթերով, քարտեզներով դա ամրագրված էր: Դրված էր, որ դա պիտի ի կատար ածվի 100 օրվա ընթացքում՝ Վիլսոնի իրավարար վճռից հետո, և դա ամրագրվեց նաև Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածում: Վճիռը կայացվեց 1920թ նոյեմբերի 22-ին, իսկ արդեն դեկտեմբերի 2-ին՝ տաս օր հետո, Հայաստանը, հին տերմինաբանությամբ ասած, սովետականացվեց, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ օկուպացվեց: Օկուպացվեց. որովհետև օտարերկրյա բանակը մտավ, տապալեց օրինական իշխանությունը, և իր վարչախումբը բերեց իշխանության: 1921թ. Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածով առաջին անգամ Նախիջևանը` որպես պրոտեկտորատ, դրվեց Ադրբեջանի ենթակայության տակ, նույն սկզբունքները հոկտեմբերի 13-ին Կարսի պայմանագրով վերահաստատվեցին, և դրա տակ, բնականաբար, դրվեց Սովետական Հայաստանի ստորագրությունը:



Ես միշտ պնդել եմ և հիմա էլ եմ ասում, Մոսկվայի և Կարսի պայմանագրերն իրավական փաստաթղթեր չեն, դրանք միջազգային պայմանագրեր չեն»,- նշեց Արա Պապյանը:



Միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով, սակայն, Կարսի և Մոսկվայի պայմանագրերն անվավեր են ոչ այն պատճառով, որ սուբյեկտները ճանաչված են կամ ճանաչված չեն, այլ՝ քանի որ Մոսկվայի պայմանագիրն այդ ժամանակ արդեն գոյություն ունեցող միջազգային իրավական կանոնների խախտում է: «Ռուսաստանն այս պայմանագրով պարտավորություն ստանձնեց պարտավորեցնել սկզբում Հայաստանին ու Վրաստանին, հետո՝ Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին ընդունել սահմանված դրույթները: Այսինքն, այս՝ ուժի սպառնալիքի մեջ է ամենամեծ խնդիրը»,- բացատրեց իրավագետը:



Նա հիշեցրեց, որ Նախիջևանը՝ որպես Երևանի խանության մաս, Սուրմալուի հետ միասին, 1828թ. է անցել Ռուսաստանի վերահսկողության տակ. և դա կարևորեց, քանի որ Սուրմալուի հատվածը և դրա փոխանցումը Թուրքիային բավական շատ է վիճարկվում իրավական տեսանկյունից:



«Նախիջևանի պարագայում մենք դեմոգրաֆիկ խնդիր չկարողացանք լուծել. եթե մենք կարողանայինք հայացնել այդ տարածքը, ապա մենք այսօր այս խնդիրը չէինք ունենա: Ադրբեջանը չունի Նախիջանի հետ ցամաքային սահման, և շատ արագ այդ տարածքը պարզապես կինտեգրվեր Հայաստանին: Ինչքան էլ Ադրբեջանը բարձրացներ իրավական տեսանկյունից Նախիջևանի՝ որպես պրոտեկտորատի, Մոսկվայի, Կարսի պայմանագրերի հարցը, նշանակություն չէր ունենա: Կարսի պայմանագրի վավերականության մասին այսօր չենք խոսում, բայց գիտենք, որ սահմանի հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն առանձին պայմանագրով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի սկզբունքներով»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:



ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը խոսեց խնդրի՝ Իրանի հետ առնչության տեսանկյունից: «Տեղի է ունեցել տարածքի անհամաչափ փոխանակում. Իրանի պետությունը Թուրքիայից ստացել է երեք անգամ ավելի մեծ տարածք Կոտուրի լեռներում՝ հատկացնելով այս փոքր կտորը, որի միջոցով ռազմավարական առումով փաստացիորեն Թուրքիան ցամաքային կապ է հաստատել Նախիջևանի հետ. հիշենք, որ Նախիջևանը մայրցամաքային Ադրբեջանի հետ ուղղակի կապ չունի, բայց այդ պետության տարածքի մի մասն է: Այս ժամանակաշրջանում Իրանի Ռեզա շահը շատ խնդիրներում ընդօրինակում էր Քեմալ Աթաթուրքին՝ աշխարհիկացման գործընթացից սկսած մինչև կառավարման բարեփոխումներ և այլն: Իրանցիները ժամանակին, ի դեմս Իրանի շահի, չեն գիտակցել, թե ինչ բացթողումներ են կատարվում՝ ներքին քաղաքականությունից մինչև սահմանի խնդիրներ, և հետո միայն շատ վերլուծաբաններ դա որակել են՝ որպես պատմական սխալ: Թուրքիայի դիրքերն ուժեղացել են տարածաշրջանում, Իրանի դիրքերը թուլացել են: Իրանում այս հարցի մասին երկու կարծիք չկա. որևէ մեկը չի արդարացնում այդ տարածքային փոխանակումը:



Բայց նույնիսկ դա չի խոչընդոտում Իրանին ունենալ Ադրբեջանում մեծ ներկայություն. այս տարիներին իրանցիներն Ադրբեջանի նկատմամբ ձեռք են բերել հսկայական ազդեցության լծակ. բավական է իրանցիները ճանապարհը փակեն, Նախիջևանը կհայտնվի շրջափակման մեջ. նաև՝ Նախիջևանը Իրանից կախված է գազն ապահովելու խնդրով: Իրանցիներն Ադրբեջանում հսկայական եկամուտի աղբյուր են՝ առաջին հերթին զբոսաշրջության ոլորտում:



Այս պահին Իրանի և Նախիջևանի միջև գործում է հետաքրքիր վիզային ռեժիմ. իրանցիները չեն պահանջում որևէ մուտքի արտոնագիր Ադրբեջանի քաղաքացիներից, մինչդեռ Ադրբեջան մուտք գործող Իրանի քաղաքացին պիտի ստանա մուտքի արտոնագիր: Ըստ էության, Ադրբեջանի վախերը պայմանավորված են Ադրբեջանի շիական բնակչության շրջանում Իրանի ազդեցությամբ: Իսկ Իրանը ցանկանում է, որ հնարավորինս շատ ադրբեջանցիներ գան Իրանի տարածք՝ բնականաբար, համապատասխան վերահսկողության պայմաններում, սովորեն իրենց հոգևոր ճեմարաններում, համալսարաններում: Ի տարբերություն Թուրքիայի, որ ձգտում է աշխատել Ադրբեջանի ռազմական, տնտեսական, քաղաքական վերնախավի հետ՝ Իրանը ձգտում է աշխատել Ադրբեջանի լայն հասարակական շերտերի հետ: Եվ արդյունքում, Ադրբեջանում ունենք երկփեղկված հասարակություն՝ թուրքամետ վերնախավ և իրանամետ հասարակական խավի մի բավական լայն շերտ. և դա մենք պետք է օգտագործենք»,- ասաց Ոսկանյանը:



Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ևս խոսեց Իրան-Նախիջևան կապի մասին: «Իրանի իսլամանական հանրապետությունը հետխորհրդային առաջին շրջանից սկսած վարել է առանձին ու անկախ քաղաքականություն Ադրբեջանի հետ՝ ձգտելով անընդհատ ընդլայնել իր ազդեցության տիրույթը: Իրանի իսլամանական հանրապետությունը ձգտում է ունենալ ազդեցության լծակներ՝ գործելով թե տնտեսական, թե կրոնական ուղղություններով:



Իրանն իր կրոնական քարոզչության գործիքներով Նախիջանում շատ ավելի ազատ է աշխատում, քան Ադրբեջանի Բաքվի հատվածում: Օրինակ՝ դեպի Իրան կրոնական տուրերը (շրջագայությունները) գրեթե անվճար են իրականացվում: Սա պետական հովանավորության քաղաքականություն է՝ թե որպես ճնշող գործիքակազմ, թե որպես կանխարգելիչ գործիք՝ ուղղված այն քայլերի դեմ, որ կարող է իրականացնել Ադրբեջանը Իրանի թյուրքախոսների նկատմամբ: Սրանով էլ պայմանավորված՝ Ադրբեջանում վախենում են հասարակության շրջանում իրանական ազդեցության ուժեղացումից:



Ադրբեջանում իշխում է այսօր ալիևյան կլանը, որ սերում է Նախիջևանից: Հետխորհրդային ամբողջ շրջանում եղել է նախիջևանյան կլանը: Նախկին նախագահ Էլչիբեյը ևս նախիջևանյան կլանից է: Ինչով է սա կարևոր. երբ Էլչիբեյի կյանքը վտանգված էր, նա շարժվեց դեպի Նախիջևան, կայանեց այստեղ: Ըստ էության, Նախիջևանն այսօր էլ ընկալվում է որպես ապաստարան ադրբեջանական քաղաքական վերնախավի համար տարատեսակ քաղաքական ցնցումների պարագայում»,- ասաց Արտյոմ Տոնոյանը:



Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հավաստեց, որ Ադրբեջանի բոլոր քայլերը ցույց են տալիս, որ այն երկրորդ ճակատ է պատրաստում Հայաստանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում: «Շատ ռազմական փորձագետներ մտերմիկ զրույցների ժամանակ ասում են, որ ադրբեջանական ակտիվ գործողությունների դեմ մեր գործողությունները բավական պասիվ են: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանական վերնախավում կարևորում են ռազմական հավասարակշռության ապահովումը:



Ընդհանուր առմամբ, միշտ դիվանագիտական գործընթացները պետք է շաղկապել քաղաքական գործընթացների հետ: Այո, կարող ենք գեղեցիկ բաներ ասել, մեր հանրության համար ցանկալի, սակայն մի որոշ ժամանակ անց, երբ պարզվի, որ իրականությունն այլ է, կլինի ավելի մեծ հիասթափություն:



Հիշենք, որ երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունն ու առաջացավ երեք հանրապետություն, բոլոր՝ հիմնական խաղացող երկրների ծրագրերում՝ և՛ Բոլշևիկյան Ռուսաստանի, և՛ Բրիտանիական Իմպերիայի, և՛ Ֆրանսիայի, և՛ նույնիսկ Օսմանյան վերնախավի ծրագրերում, երբևէ չի համարվել, որ Նախիջևանը կարող է լինել Ադրբեջանի մաս: Բրիտանական բոլոր ծրագրերում այն ներկայացվել է՝ որպես Հայաստանի անքակտելի մաս:



Այս խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ Հայաստանը կնքեց Սևրի պայմանագիրը, որով Հայաստանը հրապարակավ իր դեմ հանեց Թուրքիային և Ռուսաստանին, և առաջացավ ռուս-թուրքական դաշինք արդեն ուղղակիորեն Հայաստանի դեմ, և այդ կարճաժամկետ պատերազմի ընթացքում մենք ստացանք Ալեքսանդրապոլի պայմանագիր: Սա խայտառակ պայմանագիր էր. սա, այսպես ասած, կապիտուլյացիայի պայմանագիր էր, որն էլ որոշեց Հայաստանի հետագա ճակատագիրը: Այսպես, Հայաստանի խորհրդայնացումը նույնիսկ այն ժամանակվա դաշնակցական վերնախավի զգալի մասի համար չարյաց փոքրագույնն է, քանի որ կար գիտակցումը, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանը գտնվում է իր պետականության կորստի ճանապարհին: Այստեղ արդեն առաջացավ Նախիջևանի խնդիրը. պարտված էր Հայաստանը, իսկ պարտված երկրին պարտադրում են ցանկացած բան: Հաղթել էր Թուրքիան, թելադրում էր Թուրքիան, և Նախիջևանն սկսեցին դիտարկել՝ որպես Ադրբեջանի մաս: Այսպես, քաղաքական գործընթացները ծնեցին այդ դիվանագիտական ակտերը:



Մոսկվայի, Կարսի պայմանագրերը միջազգային պայմանագրեր չեն, երկկողմանի պայմանագրեր են: Այսօր շատ երկրներ կան, որոնց սահմանները ճշտված չեն, չճշտված իրենց սահմանները միջազգային պայմանագրեր չեն: Այսինքն, եթե մենք ուժեղ լինենք, մենք, բնականաբար, կարող ենք հիշել շատ բաներ: Ավելի ուժեղ Հայաստանը կարող է հիշել նույնիսկ Սևրի պայմանագիրը: Եթե մենք թուլանանք, ուժեղանա Ադրբեջանը, կհիշի Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ըստ էության, բոլոր այս պրոցեսները, բառախաղերը, կապված են ուժի հետ:



Հիշենք Գարեգին Նժդեհի՝ «Ուժն է ծնում իրավունք» խոսքը. եթե ամեն հայ կարողանա ընկալել բովանդակությունն այս խոսքի, ամեն ինչ շատ ավելի հեշտ կարող է կազմակերպվել: Մենք պետք է այս մոդելով դաստիարակենք մեր հանրությանը»,- ասաց նա:



ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Նախիջևանը հանգիստ սահմանային հատված էր մինչև վերջին երկու տարին: «Սահմանային գոտու ակտիվությունը մեծ հաշվով կապված էր նաև տարածքի բարելավումների հետ: Բարելավումներ անել սկսել ենք մենք, այս տարի՝ նաև Ադրբեջանն է նման քայլեր անում: Գնահատելով իրավիճակը՝ պիտի փաստենք, որ Մեղրիից մինչև Երասխ ողջ սահմանի երկայնքով դիրքային առավելությունը մերն է, բայց մարտավարական առումով ինչ-որ մի նեղ տեղում կարող են իրենք առավելություն ունենալ: Միևնույն ժամանակ, սակայն, մեր զգոնությամբ պիտի բացառենք, որ նրանք հնարավոր մարտական գործողությունների ժամանակ մարտավարական առավելություն ունենան: Իհարկե, դիրքային փոփոխություններ անելը Նախիջևանի սահմանի ակտիվության հիմնական պատճառներից միայն մեկն է:



Ադրբեջանում կան նաև լուրջ քաղաքական պատճառներ: Հայտնի է, որ Նախիջևանի բնակչությունն առանձնանում է հայերի նկատմամբ պակա՛ս թշնամական տրամադրվածությամբ, քան Տավուշի հատվածում է, Արցախի հատվածում է: Նախկինում այս հատվածում եղել է նույնիսկ փոխադարձ հարգանք, հրամատարների մակարդակով շփումներ: Հիմա, Ալիևը Նախիջևան այցերի ժամանակ կիրառում է հայատյաց հռետորաբանություն. ամեն կերպ փորձ է արվում Ադրբեջանի այլ հատվածներում և Նախիջևանում համաչափ ատելության մթնոլորտ պահպանել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:



«Նախիջևան» հայրենակցական միության ղեկավար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը պատմեց, որ տասնամյակներ առաջ Նախիջևանն ուներ հնարավորություն լինել Հայաստանի տարածքի մաս. ինչ-որ անձնական, ներկուսակցական խաղերի ընթացքում դա չհաջողվեց: «Այսօր այն Թուրքիայի կողմից օկուպացված միլիտարիզացված տարածք է, որտեղ կա ամեն տեսակի հարձակողական զենք. Նախիջևանից այսօր սպառնում են մեր ազգին, մեր պետականությանը: Այն, առանց սահման խախտելու, կարող է ռմբակոծել մեր գյուղերը, քաղաքները, ենթակառուցվածքները:



«Նախիջևան» հայրենակցական միության փոխնախագահ Հովարիկ Համբարձումյան հավելեց, որ անվտանգության խնդրի հետ միասին հարկ է կարևորել նախիջևանահայերի երիտասարդ սերնդի դաստիարակության խնդիրը. «որ մեծացող սերունդները չմոռանան Նախիջևանի հարցը»: Այդ նպատակով ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը «Նախիջևան» հայրենակցական միությունը մեծ միջոցառում է իրականացնում Հազարափրկիչ (Նախիջևանում թողած համանուն եկեղեցու անունով) կոչվող վայրում: «Հավաքվում ենք նախիջևանահայերով, կատարում ենք հաշվառում, թե որտեղ որքան հայ է ապրում, պահում ենք գիտակցությունը, որ Նախիջևանը մեր կորցրած հայրենիքն է»,- ասաց Հովարիկ Համբարձումյանը:



«Նորավանք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանի համոզմամբ խնդիրների լուծումը պիտի սկսվի համալիր պատկերացումներից, որ, սակայն, հայաստանյան փորձագիտական դաշտում բացակայում է: «Չկա հետազոտություն, որ թույլ կտար ավելի հստակ, ավելի հիմնավոր փորձագիտական կանխատեսումներ կատարել. Նախիջևանը մեզ համար ռեսու՞րս է, թե՞ խոցելի հարթակ. և Ադրբեջանի համար այն ռեսու՞րս է, թե՞ խոցելի կետ՝ խնդիր,- նշեց նա:- Չունենալով Նախիջևանի հետ ցամաքային սահման, բնականաբար, առաջին հայացքից, այն խնդի՛ր է, որովհետև եթե ռազմական գործողություններ սկսվեն արցախյան ուղղությամբ, և որոշակի լարվածություն լինի Նախիջևանում, Ադրբեջանը կարող է խնդիրներ ունենալ այստեղ` նույնիսկ չնայած թուրքական կողմի աջակցությանը»:



Կարեն Վերանյանը հավելեց, որ այսօր մի շարք փորձագետներ, զինվորականներ նշում են, որ տեխնիկան (հրետանի, զենիթային կայաններ՝ հարձակողական սպառազինություն), որ կուտակվում է Նախիջևանում, չի նշանակում, որ լոկալ կամ լայնամասշտաբ մարտական գործողությունների դեպքում Ադրբեջանն այստեղ կարող է անցնել ռազմական գործողությունների: «Բայց և չի ենթադրվում, որ չի կարող մի-երկու հրթիռ արձակել, օրինակ, Երևանի ուղղությամբ: Հիմա դրված է ավելի շատ սպառնալիքի ցուցադրության խնդիր, քան՝ սպառնալիքի կիրառման խնդիր»,- ասաց Կարեն Վերանյանը:



Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ Նախիջևանում, ի տարբերություն Ադրբեջանի մյուս հատվածի, տեղեկատվական հոսքերը սահմանափակ են և մղվում են միայն մեկ աղբյուրից. գործում է մեկ-երկու կայք և մեկ հեռուստատեսություն, ֆեյսբուքում և այլ սոցիալական կայքերում ակտիվ չեն: «Ադրբեջանի մյուս տարածքների տարբեր ոլորտներում հետազոտություններ արվում են, շատ բան հասկանալի է, մինչդեռ Նախիջևանի հատվածը շատ քիչ է ուսումնասիրված»,- ասաց նա:



Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ Նախիջևանի հայաթափության խնդիրը կարող է օգտագործվել նաև արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Ես ուսումնասիրել եմ Խորհրդային Նախիջևանի սահմանադրությունը և որոշ ենթաօրենսդրական ակտեր. 1941թ. սահմանադրությունում նշվում է, որ դատաիրավական գործընթացները պետք է կազմակերպվեն նաև հայերենով, կրթությունը պետք է լինի հայերենով: Հետագայում արդեն հանված է այդ դրույթը, որ դատական, կրթական գործընթացները կազմակերպվեն նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով: Կարծում եմ, որ այդ ամենն ուսումնասիրելով և համադրելով հուշերի առկա տվյալների հետ՝ կարելի է օգտագործել բանակցությունների ժամանակ: Այստեղ մենք պետք է հստակ ցույց տանք, որ եթե դուք պնդում եք, որ հայերը Արցախի տարածքում կարող են ինքնորոշման ստատուսով ապրել Ադրբեջանի տարածքում, ապա տեսեք, որ Նախիջևանի հատվածում ինքնորոշման ստատուսով ապրելը բերեց տարածքի հայաթափմանը»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը:



Հանդիպման ավարտին Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը կարևորեց Նախիջևանի հատվածում հնարավոր ամեն տեսակի խնդրի պատրաստ լինելը. «Նախիջևանը և՛ ազգային անվտանգության արժեք ունի, և՛ ական է, և՛ հնարավորություն է: Առանց ուռճացնելու Հայաստանի անկախությունն անցնում է Նախիջևանով, Հայաստանի զարգացումն անցնում է Ադրբեջանով: Նախիջևանը միանշանակ խնդիր է լինելու անխուսափելի մեծ խնդրի ժամանակ: Եվ հուսամ, որ Նախիջևանից եկած այդ խնդիրն ամենամեծ հարցը կլինի հենց ադրբեջանական Նախիջևանի՛ համար. այս հարցն ազգային անվտանգության արժեք ունի»,- ամփոփեց Գևորգ Թադևոսյանը:



Քննարկման մասնակիցները, կարևորելով նման հանդիպումները՝ ձեռքը խնդրի զարկերակի վրա պահելու առումով, նկատեցին, որ գիտական-հետազոտական, հանրային տրամադրությունների ուսումնասիրման՝ պետականորեն համակարգված աշխատանքները պիտի լինեն նախիջևանյան հարցի առումով ուշադրության առանցքում, ևաև՝ բանակի զորացմամբ, քաղաքական, տնտեսական առումներով հզոր պետություն ստեղծելով՝ պիտի կանխենք հարձակումները և պատրաստվենք դրանց, չդադարելով դիտարկել Նախիջևանը՝ որպես հատված կորուսյալ հայրենիքի: