Քաղաքապետի մոտ հրաժարական տալու տրամադրվածություն չեմ տեսնում

Քաղաքապետի մոտ հրաժարական տալու տրամադրվածություն չեմ տեսնում
Հաշվի առնելով ՀՀ մի շարք համայնքներում մեկնարկած համայնքի ղեկավարների հրաժարականների շքերթը, վերջին օրերին լուրեր են շրջանառվում, թե պաշտոնին հրաժեշտ տված քաղաքապետներին կմիանա նաեւ Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը՝ այդպես էլ չբոլորելով իր պաշտոնավարման մեկ տարին: Մամուլում նույնիսկ լուր եղավ, թե Արարատի մարզպետն առաջարկել է քաղաքապետին լինել «սեզոնային թրենդի» մեջ եւ հորդորել է՝ «մի դիմում էլ դու գրի»: Սակայն Բենիամինյանն արձագանքել է, որ ինքն ընտրված քաղաքապետ է, իսկ մարզպետը՝ ժամանակավոր կառավարության ժամանակավոր անդամ: Լուրն այս, սակայն, հերքվել է մարզպետի կողմից, եւ, ինչպես մեզ հետ զրույցում նախօրեին ասաց Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Ավետիսյանը՝ «քաղաքապետի մոտ բնավ չեմ տեսնում հրաժարական տալու տրամադրվածություն»:



«Մենք պարոն Բենիամինյանի հետ ենք աշխատում, ինքը լրիվ տրամադրված աշխատում է: Նման խոսակցություն մեր մեջ չի եղել, ես պարկեշտ էլ չեմ համարում հրաժարականի թեմայով որեւէ բան ասել, բայց իր մոտ մտնել-դուրս գալուց մոտը նման տրամադրություն չեմ նկատել»,- ասաց Ավետիսյանը: Բայցեւայնպես, քաղաքապետն անհանգստացած է ավագանու որոշ անդամների պահվածքից, ովքեր, ինչպես արդեն հայտնել ենք, ավագանու վերջին երկու նիստերը բոյկոտել են, ավելին՝ համաժողովրդական շարժման օրերին հայտարարություն տարածեցին, որ իրենք նույնպես միանում են շարժմանը: Ավագանին վերջին անգամ փետրվարին է նիստ անցկացրել, իսկ առաջիկա նիստի օրվա մասին դեռեւս հստակություն չկա: «Այսօրվա դրությամբ որեւէ բան հայտնի չէ, եթե լինի, մենք 7 օր առաջ մեր կայքում դնում ենք հայտարարությունը: Ի պաշտոնե ավագանու նիստերը ես եմ ապահովում, երբ որ զանգել, ավագանու անդամների հետ խոսել եմ, իրենք ինձ չեն ասել, թե բոյկոտում ենք կամ ոչ: Ես իրենց տեղյակ եմ պահում նիստի մասին, իրենք ասում են՝ շատ լավ, բայց ներկայանում են ոչ էնքան, որ քվորում չի ապահովվում: Մենք երկու անգամ՝ մայիսի 4-ին եւ 21-ին, հրավիրել ենք նիստ, բայց քվորում չի ապահովվել, մի անգամ 4, մյուս անգամ 5 հոգի է ներկա եղել, եւ մենք արձանագրություն ենք կազմել այդ մասին»,- ասաց Ավետիսյանը: Իսկ կապվե՞լ եք նիստերը բոյկոտող ավագանու անդամների հետ, պարզե՞լ եք բոյկոտի պատճառը: «Դա իմ պարտականությունների մեջ չի մտնում, ես ոչ մեկին էլ չեմ զանգել, ոչ էլ ճշտումներ եմ արել: Պարզելու հասցեատերը ես չեմ»,- արձագանքեց աշխատակազմի քարտուղարը, ով, ի դեպ, ի պաշտոնե վերջին անգամ էր խոսում մեզ հետ, քանի որ այլեւս անցնում է, իր խոսքով՝ «ծերությունը վայելելուն»՝ թոշակի: Ի դեպ, Ավետիսյանի հավաստմամբ՝ քաղաքապետարանում նորմալ են վերաբերվում այն փաստին, որ ավագանու անդամները միացել են Փաշինյանի շարժմանը. «Ազգովի, բոլորն էլ միացել են, ո՞վ չի միացել, ավագանու անդամներն իրենց դիրքորոշումն են արտահայտել»: Տեղեկացանք, որ ավագանու նիստերի բոյկոտի լուրը հասել է «դիվանբաշուն»՝ մարզպետին, ով, թերեւս, որպես լրացուցիչ հերքում այն բանի, որ քաղաքապետին դիմում գրել չի հորդորել, մարզպետարանում հանդիպել է ավագանու անդամների հետ, նախ ծանոթացել, ապաեւ պարզել բոյկոտի պատճառը: Արարատի մարզպետը մեկառմեկ լսել է ավագանու անդամներին, նրանց կողմից ներկայացված պատճառաբանությունները, հորդորել վերադառնալ աշխատանքների բնականոն ռեժիմին եւ որոշումները կայացնել ի նպաստ քաղաքի ու բնակիչների: Մարզի ղեկավարը շեշտել է նաեւ, թե պատրաստ է կրկին ընդունել, լսել նրանց մտահոգող հարցերն ու քննարկում կազմակերպել:



Պարզեցինք, որ ավագանու անդամներից նախկին ՀՀԿ-ական Ռուզաննա Հայրապետյանը չի մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը՝ անձնական խնդրի պատճառով (տիկին Ռուզաննայի մայրն է մահացել է, եւ վերջինիս քառասունքն է եղել այդ օրը): Մենք զրուցեցինք ավագանու անդամներից Արտակ Աշիկյանի հետ՝ պարզելու, թե մարզպետի հետ քննարկմանն ինչպես են հիմնավորել ավագանու նիստերից բացակայողները (Աշիկյանը, նշենք, բոյկոտի մասնակիցներից չէ): Ավագանու երիտասարդ անդամի խոսքով՝ հիմնական պատճառաբանությունը եղել է երկրում առկա նոր իրավիճակը եւ քաղաքապետի ՀՀԿ-ական լինելը, ինչպես նաեւ քաղաքում տարիների ընթացքում կուտակված մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ աղբահանությունը, քաղաքային լճի աղտոտվածությունը, համայնքապատկան հողերի հետ կապված հարցեր: «Մենք, որպես բոյկոտին չմիացած ավագանու անդամներ, առաջարկել ենք՝ եկեք նստենք, բոլորով միասին քննարկենք մեզ բոլորիս հուզող խնդիրները: Մենք էլ ենք ուզում դրանք լուծված տեսնել, եւ այնպես չէ, որ եթե չենք միացել բոյկոտին, չենք մտահոգվում այդ խնդիրներով: Բայց պիտի նիստ կայանա, որ այդ խնդիրների մասին բարձրաձայնենք: Պետք չէ տանը նստել, չգալ նիստերին ու թաքուն բողոքել խնդիրների չլուծված լինելուց, դրանց լուծման համար նիստի է պետք գալ: Շատերի կողմից եղավ կոչ, առաջարկ՝ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ եւ համախմբվենք հանուն քաղաքի խնդիրների լուծման: Ի վերջո քաղաքապետը, անկախ այն հանգամանքից, որ ՀՀԿ-ական է, եւս շահագրգռված է այդ խնդիրների լուծմամբ»,- ասաց ավագանու անդամը: Նկատենք, որ Բենիամինյանը մեզ հետ զրույցում մի քանի անգամ շեշտել է, թե աղբահանությունը նորմալ, «ժամով-պատարագով» իրականացվում է, համայնքի բնակիչներն էլ գոհ են: Իսկ լճի մաքրման աշխատանքներն ամիսուկես առաջ են ավարտվել: Թե երբ կհրավիրվի ավագանու առաջիկա նիստը՝ հայտնի չէ, սակայն ավագանու անդամը տպավորություն ուներ, թե մարզպետի հետ հանդիպումից հետո իր գործընկերները բոյկոտը կդադարեցնեն: Տեղեկացանք նաեւ, որ մարզպետի հետ հանդիպումից հետո Բենիամինյանն ավագանու կազմի հետ հանդիպում չի կազմակերպել՝ իր հերթին նրանց պատճառաբանությունները լսելու համար: Նշենք, որ, ըստ ՏԻՄ օրենքի, եթե ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում, ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են: Նշանակում է՝ ավագանու նիստը պետք է կայանա մինչեւ սեպտեմբեր:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**