Ի՞նչ կապ ունի ֆինանսների նախկին նախարարը Կամուրջ ՈւՎԿ-ի հետ

Ի՞նչ կապ ունի ֆինանսների նախկին նախարարը Կամուրջ ՈւՎԿ-ի հետ
**«Հրապարակը»** բազմիցս անդրադարձել է Կամուրջ վարկային կազմակեպության Գորիս մասնաճյուղի գործունեության հետևանքով հարուցված քրեական գործում տարբեր աստիճանի և ոլորտի պաշտոնատար անձանց ներգրավվածությանը և շահերին: Այժմ նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս:



Օրերս քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ հայտնել իր անունը, զանգահարեց **«Հրապարակի»** խմբագրություն և առաջարկեց մանրամասներ հայտնել «Կամուրջ» ՈՒՎԿ-ի և վարկային մասնագետ Անուշ Անտոնյանի գործունեության վերաբերյալ․ «Վարկային մասնագետ Անուշ Անտոնյանի թույլ տված խախտումները ամենամեծ ծավալն են կազմում: Բնականաբար միամտություն կլիներ կարծել, որ սովորական վարկային մասնագետը, որը իր գլխի վրա ունի տասնյակ ղեկավարներ և վերահսկողներ, ինքնուրույն կարող էր նման ծավալի խախտումներ թույլ տալ և տարիներ շարունակ անպատիժ աշխատել: Մինչդեռ ամենաչնչին իսկ խախտման դեպքում մասնաճյուղերի աշխատողներին վայրկյանական հեռացնում են աշխատանքից: Այսպիսի անպատիժ գործունեությունը ենթադրում էր ուղղակի հովանավորություն և կապեր Ընկերության կառավարման ամենաբարձր օղակներում: Մամուլում արդեն իսկ հրապարակումներ են եղել, որ վերջինիս վայելել է խորհրդի անդամ Ա.Ծատուրյանի ուղղակի հովանավորությունը:



Ըստ այդ տվյալների, այդ հովանավորությունը ունեցել է ամենատարբեր դրսևորումները, որոնք առաջին հերթին պետք է բացատրեն ընկերության կառավարման մարմինները, քանի որ ինչքանով որ մենք ենք պատկերացնում բանկային օրենսդրությունը, վարկային մասնագետի և խորհրդի անդամի աշխատանքային պարտականությունները որևէ կերպ միմյանց հետ չպետք է խաչվեին, եթե այլ հանգամանքներ չկան: Մինչդեռ Գորիս քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, հենց Անուշ Անտոնյանն է եղել Մարինե Մելիքյանի կողմից կատարված վարկային պայմանագրերով կատարված զեղծարարություններով այդ վարկերը սպասարկող վարկային մասնագետը, որի մասով, սակայն, շատ տաօրինակ կերպով քրեական պատասխանատվության հարց առաջ չի եկել, և վերջինս շարունակել է հանգիստ աշխատել:



Նրա մասով քննչական մարմինը միջնորդագիր է ուղարկել Կամուրջ, որը ոչ մի հետևանք այդպես էլ չի ունեցել: Հիմա դա պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն»,- ասաց մեր զրուցակիցը։ Քաղաքացու խոսքով՝ վերոնշյալ դեպքերին քաջատեղյակ են եղել ընկերության տնօրեն Ալեքսանդր Տերյանն ու ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը․ «Պարզվում է, որ այս հարցը ունի նաև այլ ենթատեքստեր: Թերթի տրամադրության տակ հայտնված տվյալներով պարզվում է, որ ընկերության Գորիս մասնաճյուղում կատարված հափշտակությունների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում խորհրդի անդամ Ա.Ծատուրյանի կողմից վարկային մասնագետ Անուշ Անտոնյանին հովանավորելու մասին առկա և քրեական գործի հարուցումից հետո Կամուրջում լայնորեն շրջանառվող տեղեկատվությանը իր բոլոր մանրամասներով, քաջատեղյակ են եղել նաև ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանն՝ ի պաշտոնե որպես այդ կազմակերպության նախագահ և ընկերության ներկա Տնօրեն Ալեքսանդր Տերյանը:



Այդ մասին բարձրաձայնել է նաև նախկին տնօրենը: Իսկ 2017թ. հոկտեմբերի վերջին կայացած Ընկերության տարեկան ժողովի ժամանակ, որին ներկա են եղել նաև ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը և տնօրեն Ալեքսանդր Տերյանը, բացեիբաց խոսվել է այն մասին, որ Գորիս մասնաճյուղում կատարված չարաշահումները ուղղակի կապ են ունեցել Ընկերության գլխամասային գրասենյակի ղեկավարների հետ: Իսկ թե ինչ նպատակներ են ունեցել այդ տեղեկատվությանը քաջատեղյակ վերը հիշված պաշտոնատար անձինք և ինչպես են դա փորձել օգտագործել, կներկայացնենք հաջորդիվ, որը հետաքրքիր զարգացումներ է խոստանում:



Այժմ նշենք, որ բացի կարկառուն հանրապետական Վարդան Արամյանից, ՀՀԿ-ի հետ ուղղակիորեն առչնվում են նաև 2012թ ՀՀԿ համամասնական ցուցակի 137-րդ համարը զբաղեցնող Ալեքսանդր Տերյանը և 128-րդ համարը զբաղեցնող Արմեն Ծատուրյանը. Վերջինս առհասարակ, մինչև վերջերս ամենուր հպարտությամբ ներկայանում էր որպես Սերժ Սարգսյանի մարդ և բացեիբաց հայտարարում է, որ վայելում է վերջինիս բացարձակ հովանավորությունը: Նույն պրիմիտիվ քարոզն էր անում նաև իր մերձավոր տնօրեն Ալեքսանդր Տերյանի համար, որը ևս նշանակվել էր Սերժ Սարգսյանի ցուցումով` փորձելով Ընկերության աշխատակիցների մոտ ձևավորել վախի մթնոլորտ և հնազանդություն նրա գործունեության համար:



Փաստորեն պարզվում է, որ հանրապետականացումը, բացի դպրոցներից և ԲՈՒՀ-ից, չի շրջանցել նաև երկրի ֆինանսական համակարգը, որպես առավել յուղոտ պատառ: Այժմ սկսվել է կուսակցական գաղջից դպրոցների և ԲՈՒՀ-ից մաքրման գործընթացը: Կլինի արդյոք նման գործընթաց նաև ֆինանսական համակարգում»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին։



**Կորյուն Սիմոնյան**