«Նուբարաշեն» ՔԿՀ-ի գարշահոտ կոյուղագիծը վերջապես կհիմնանորոգվի

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի գարշահոտ կոյուղագիծը վերջապես կհիմնանորոգվի
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին՝ վթարված կոյուղագիծն առաջիկայում կնորոգվի: 4-5 տարի է, որ այդ կոյուղատարը շարքից դուրս է եկել, եւ դրա պարունակությունը ոչ թե խողովակներով, այլ բաց առուներով հոսում է դեպի կենտրոնական կոյուղի՝ տարածելով անտանելի գարշահոտ։ Նուբարաշենցիները մեկ անգամ չէ, որ ահազանգել են այս խնդրի մասին, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ, արձագանքելով նրանց հերթական բողոքին, ասել էր, թե «դա թանկ հաճույք է, ավելի լավ է նոր բերդ կառուցենք, քան կոյուղին ռեմոնտ անենք»: Տարիներ շարունակ տասնյակ դռներ ծեծելուց, խնդրել-պահանջելուց հետո, փաստորեն, կառավարությունը որոշեց ընդառաջ գնալ բողոքին ու հարցին լուծում տալ: Վերջին աղմկահարույց միջադեպն այս կոյուղագծի շուրջ տեղի ունեցավ ս.թ. փետրվարին, երբ, ի նշան բողոքի, մինչեւ հոգու խորքը կուշտ նուբարաշենցիները փակել էին դեպի քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը:



Հիշեցնենք նաեւ, որ այս կոյուղագծի պատճառով էր, որ Երեւանի ավագանու նիստում մեծ սկանդալ տեղի ունեցավ, երբ կեղտաջրերով լցված տարաները Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները փորձեցին հրամցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ այսպիսով քաղաքային իշխանության ուշադրությունը սեւեռելով խնդրի լուծման վրա: «ԵԾ»-ական Մարինա Խաչատրյանը, հիշեցնենք, բռնության ենթարկվեց ավագանու ՀՀԿ-ական մի խումբ տղամարդկանց կողմից, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Եվ միայն դրանից հետո վթարված կոյուղագծին ժամանակավոր լուծում տրվեց. կոյուղու մի հատվածը՝ մոտ 118 գծմ, ՔԿՀ-ի եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի աջակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փակվեց: Նուբարաշենցիները կրկին բողոքում են. եղանակի տաքանալուն զուգահեռ, տարածքում կրկին սկսել է մոլեգնել գարշահոտությունը: Նշենք, որ կոյուղագիծը հիմնանորոգելու նպատակով ժամանակ առաջ ԱՆ-ի կողմից պետական գնում էր հայտարարվել: Ինչպես տեղեկացանք ԱՆ քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ **Գրիգոր Հարությունյանից**՝ մրցույթը կայացել է, շահել է «Ագրոհշին» ՍՊԸ-ն, աշխատանքները ՍՊԸ-ն կիրականացնի 33 մլն դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն, ԱՆ նախատեսված գնից մոտ 5 մլն 700 հազար դրամ ցածր գնով: Պայմանագիրը, պաշտոնյայի խոսքով, ուժի մեջ է մտել մայիսի 21-ից, աշխատանքները նախատեսված է ավարտել օգոստոսի 31-ին: Կոյուղագծի հիմնանորոգման համար գումարը հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից: «Երեկվանից սկսվել են նախապատրաստական աշխատանքները:



Տենդերը շահած ընկերությունն իր նախագծողի, տեխհսկողի հետ ուսումնասիրում է տարածքը, որպեսզի առաջիկայում իրենց տեխնիկան տանեն եւ երկու-երեք օրից, հավանաբար, սկսեն աշխատանքները: Լրիվ նոր կոյուղագիծ է կառուցվելու՝ մեկուսարանի նկուղից սկսած, դիտահորերով, կապիտալ նորոգված կոյուղի է լինելու»,- վստահեցրեց Հարությունյանը: Ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էին արդարադատության նախարարությունից՝ ԱՆ բոլոր ՔԿՀ-ների պահպանման ծրագրով 2018 թվականին նախատեսվում է իրականացնել ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, եւ այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 81 մլն դրամ: Մասնավորապես, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներքին՝ խցերի միջով անցնող կոյուղագծերը նույնպես անմխիթար վիճակում են, սանհանգույցները՝ եւս, ինչի մասին պարբերաբար ահազանգում են ոչ միայն դատապարտյալները, այլ նաեւ ՔԿՀ-ներում մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունները: Ըստ Հարությունյանի՝ դրանք նույնպես նախատեսված է նորոգել, համապատասխան նախագծերն արդեն իսկ պատվիրվել են: «Մենք բյուջեով այդ նպատակով հատկացված գումար չունենք: Երբ նախագծերը պատրաստ լինեն, տեսնենք՝ ինչ գնի սահմաններում է դա հնարավոր իրականացնել, կդիմենք կառավարություն, եւ եթե գործադիրը հավանություն տա, գումար հատկացվի, մրցույթ կհայտարարենք ու աշխատանքները կսկսենք»,- ասաց ԱՆ պաշտոնյան: 2018 թ. նախատեսվող այլ աշխատանքների շարքում Հարությունյանը նշեց, մասնավորապես, «Վարդաշեն» ՔԿՀ-ի ջրագծերի, կոյուղագծերի նորոգումը, ինչպես նաեւ թեքված, քանդման ենթակա պարսպի ամրակայումը, վերանորոգումը: Դրանց նախագծային աշխատանքները նույնպես պատվիրված են: Նշենք, որ ՀՀ-ում գործում է 12 ՔԿՀ:



**ՀԳ**. Քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով ՀՀ ԱՆ-ի կողմից մշակվել են 2018-2038 թթ․ ռազմավարություն եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիր: Ըստ այդմ՝ նախատեսվում է ենթակառուցվածքային բարեփոխումներ իրականացնել, քանի որ ՔԿՀ-ների շենք-շինությունները չեն բավարարում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին՝ պատժի կատարման համար: Ռազմավարության մեջ նշվում է, որ հիմնախնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համակարգի հին եւ ոչ օպտիմալ, հետագա շահագործման համար ոչ պիտանի հիմնարկների գործունեությունը դադարեցնել, առկա շինությունները վերափոխել: Այս եւ եկող տարի նախատեսվում է գնահատել ՔԿՀ-ների շենքային եւ տեխնիկական կարիքները, ըստ այդմ՝ ֆինանսական հաշվարկներ կատարել, եւ միայն 2019-2021 թթ․ կիրականացվի ՀՀ ՔԿՀ-ների ենթակառուցվածքների զարգացում՝ վերանորոգում եւ 2 նոր ՔԿՀ-ի կառուցում:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**