Վարկային համաներո՞ւմ, ինչո՞ւ է այն պարտադիր

Վարկային համաներո՞ւմ, ինչո՞ւ է այն պարտադիր
ՀՀ բանկային համակարգի զարգացմանը համընթաց ավելանում են ՀՀ քաղաքացիների խնդիրները՝ վարկային պարտավորությունների վճարումների հետ կապված, ինչպես նաեւ նոր խելամիտ վարկատեսակներից եւ պետության աջակցությամբ առաջարկվող ծրագրերից օգտվելու «իրավունք» չունեցողների քանակը…



«Վարկային համաներում»-ը մի ծրագիր է, որի նպատակն է բարելավել վարկառուների վատ վարկային պատմությունը, դադարեցնել չաշխատող վարկերի վրա ավելացող տոկոսների, տույժ-տուգանքների հաշվարկը: Վարկային համաներման ծրագիրը բանկերի եւ վարկային հաստատությունների կողմից հաճախորդի վարկային բացասական պատմությունը վերացնող տեղեկատվություն է, ինչպես նաեւ ուշացման պատճառով ձեւավորված պարտքի մասնակի կամ ամբողջական կրճատում:



Տնտեսական անկայուն իրավիճակի պատճառով ՀՀ քաղաքացիները, լինելով նաեւ վարկառուներ, դժվարանում են մարել միաժամանակ մի քանի վարկ։ Այս իրավիճակը հանգեցնում է վարկային պարտավորության կայուն աճի, որի մեջ ներառվում են երբեմն վերցված վարկի մայր գումարը գերազանցող հաշվարկված տոկոսները, տույժ-տուգանքները:



 



Ի՞նչ անել, որո՞նք են քայլերը



Որպես գերակա նպատակ՝ վարկային համաներումը պետք է խիստ տարբերակի քաղաքացիների, ովքեր իրականում ունեն վարկերի ժամկետանց վճարումներ եւ չեն կարողանում վճարել, բարեխիղճ վճարողների ու խարդախների, եւ ըստ կատեգորիաների սահմանափակումներ դրվեն։ Օրինակ՝ առաջին կատեգորիայի համար դրվի վարկերից օգտվելու մինչեւ 2 տարի սահմանափակում, այնուհետեւ քիչ գումարներ տրամադրվեն, որպեսզի կարողանան վստահություն ձեռք բերելուց հետո ամբողջ թափով վարկավորվեն: Երկրորդ կատեգորիայի համար կարող են հակառակ՝ խրախուսող պայմաններ առաջարկվել՝ ավելի ցածր տոկոսադրույք եւ հասանելի զանազան պետական ծրագրեր, իսկ երրորդ կատեգորիայի համար պետք է հստակ սահմանափակել վարկի տրամադրումը երկար ժամկետով: Վարկային համաներման ծրագիրը պարտադիր է ընդունել, եւ այն կարող է առաջնահերթ գործել առաջին կատեգորիայում հայտնվածների համար: ՀՀ-ում համատարած են դեպքերը, երբ վարկառուն, բավարար եկամուտ չունենալու պատճառով, վերցնում է նոր վարկ՝ նախորդը մարելու համար, ինչը փաստացի հանգեցնում է անվերջ վարկային բեռի ավելացման:



Այս ծրագրի ընդունումը կարող է որոշակիորեն պաշտպանել ՀՀ վարկառու հանդիսացող քաղաքացիներին վերցրած վարկի դիմաց վճարվելիք ոչ արդարացի եւ անթույլատրելի տույժ-տուգանքներից:



Հիմք ընդունելով մի շարք փոփոխություններ՝ հատկապես սույն թվականի հունվարի 8-ին կայացված որոշումը, որով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում՝ հոդված 372 . Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Հետեւություն՝ վարկատուն վարկառուի պարտավորությունները չմարելու դեպքում առավելագույնս կարող է պահանջել մայր գումարի կրկնապատիկը չգերազանցող գումար (դա, իհարկե, դրական փոփոխություն է, բայց, ամեն դեպքում, շատ բաց տեղեր է թողնում, քանի որ այն վերաբերում է ցանկացած վարկային պարտավորության՝ անկախ գումարի մեծությունից, նպատակայնությունից եւ ժամկետներից, ինչը, մեծ հաշվով, լիարժեք չէ), պետք է ավելի հստակ եւ լավ բարեփոխումների գնանք մեր նոր Հայաստանում: Հստակ է, որ ՀՀ-ում վարկատու կազմակերպությունն ինքն է որոշում՝ վարկառուին կվարկավորի, թե՝ ոչ, ինչը միանշանակ բխում է բացառապես տվյալ կազմակերպության շահերից, այդ իսկ պատճառով ներքոհիշյալ առաջարկվող փոփոխությունների հիմքում ընկած են ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը բարձրացնելը եւ բնականոն զարգացում ապահովելը:



Վարկային համաներման ծրագրի հիմնական կետ(եր) կարող են հանդիսանալ․



1. Դնել անհրաժեշտ սահմանափակումներ չաշխատող վարկերի՝ շարունակվելիք տոկոսների, տույժ-տուգանքների հաշվարկին, որի հիմքում ընկած են քաղաքացու ֆինանսական ծանր վիճակը, անվճարունակությունը: Մինչդեռ վարկատու կազմակերպությունը կարող է դատի տալ քաղաքացուն վճարումները չկատարելու համար՝ անկախ քաղաքացու վիճակից, դատական որոշման տեւողությունից (այն կարող է տեւել 10 տարի եւ ավել ի), միաժամանակ ահռելի գումարներ են ավելանում տոկոսների, տույժերի եւ այլ ծախսերի տեսքով:



2. Առաջին կետից բխող՝ առաջարկում եմ ստեղծել ՀԿԲ հատուկ հանձնաժողով (ներ), որոնք կանցկացնեն մոնիթորինգներ՝ վարկառուներին անվճարունակի կամ համապատասխան այլ դասիչ տրամադրելու համար: Շատ կարեւորում եմ նաեւ վարկերի նպատակայնության վերահսկումը, հատկապես պետության կողմից ծրագրային, զարգացում կանխատեսող սուբսիդավորվող վարկերի, այլապես կշարունակվի նմանատիպ աջակցության ոչ ռացիոնալ օգտագործումը։



3. Ցանկալի եւ պարտադիր փոփոխություն է նաեւ քաղաքացիների կողմից, այսպես կոչված՝ «սեւ ցուցակում» hայտնվածներին հնարավորություն ընձեռելը, համապատասխան եկամտի եւ վճարունակության դեպքում, ԱՔՌԱ-ի հարցման արդյունքները վերանայելով՝ հնարավորություն ընձեռել նոր վարկային պատմություն կերտելու: Սա միտում ունի վարկային պորտֆելների առողջացման, ՀՀ քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին բազում ծրագրերից օգտվելու հնարավորություն ընձեռելու եւ ՀՀ զարգացման բնականոն աճն ապահովելու համար:



Ապրելով արդեն իսկ նոր Հայաստանում՝ համոզված եմ, որ էլ ավելի արագ տեմպերով է զարգանալու բանկային սպասարկման ոլորտը, էլ ավելի պատասխանատու վարկավորման համակարգ ենք ունենալու՝ ի շահ ՀՀ քաղաքացու եւ ՀՀ տնտեսության զարգացման:



**Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ**