ՀՀԿ-ն Նիկոլ է ցիտում

ՀՀԿ-ն Նիկոլ է ցիտում
Հայաստանում իրադարձությունները զարգանում են գլխապտույտ արագությամբ։ Քսան օր առաջ ո՞վ կպատկերացներ, որ անպարտելի թվացող ՀՀԿ-ն կհայտնվեր ընդդիմության դերում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի թեկնածուի։ Խորհրդարանում երեկ մենք այդ պատմական պահի ականատեսը եղանք, ու պարզվեց, որ ՀՀԿ-ն ոչ միայն հոգեբանորեն է պատրաստ ընդդիմության կարգավիճակին, այլեւ նրա մոտ դա բավականին լավ է ստացվում։



ՀՀԿ խմբակցությունն իր ողջ կազմով՝ օլիգարխիկ ու ինտելեկտուալ, դեմագոգ ու պոպուլիստ, պետականամետ ու ռուսամետ, գրեթե մեկ մարդու պես շտապել էր թավշյա հեղափոխության արդյունքում ժողովրդի կողմից ներկայացված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Ինչպես երբեւէ, նրանք ընդդիմադիր գործընկերոջ հետ շփման ժամանակ զուսպ էին ու հարգալից, իսկ մականունավորների դասը՝ Սամվել Ալեքսանյանի, Նահապետ Գեւորգյանի, Աշոտ Արսենյանի, ՍԱՍ-ի Արտակի ու Արայիկ Գրիգորյանի տեսքով, խելոք աշակերտների պես ծվարել էին քննասենյակի անկյունում ու համբերատար լսում էին կուսակից ընկերներին, որոնք փորձում էին պատռել Նիկոլի դիմակը։



Առաջին գիծ էր նետվել ՀՀԿ-ի «ինտելեկտուալ» գունդը՝ մինչեւ ատամները «զինված»։ Մարդիկ, որոնք երկու շաբաթ առաջ ԱԺ-ում վարչապետի սեփական թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի ընտրությունը վերածեցին նրա մեծարման ցերեկույթի ու դիֆերամբներ ձոնեցին, երեկ մտահոգված էին երկրի ու ժողովրդի հարցով։ «Ժողովուրդը ե՞րբ է լավ ապրելու»,- Փաշինյանից սպառնալից տոնով պահանջեց խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ «Ժողովուրդը մտահոգ է այդ խնդրով եւ պետք է հասկանա, որ շարժման յուրաքանչյուր օրը մեր տնտեսությունը եթե ոչ ավել, ապա առնվազն երկու ամսով հետ է շպրտում»,- խայթեց նա։ Հետաքրքրվեց նաեւ «Նաիրիտի» վերագործարկման ժամկետներով, ինչն արդեն մեկ տասնամյակ է՝ բողոքի ակցիաներով Սերժ Սարգսյանի իշխանությունից պահանջում են տասնյակ գործազուրկ նաիրիտցիները։



Սակայն Փաշինյան-ՀՀԿ «բլիժնի բոյը» հատկապես ծավալվեց արտաքին քաղաքականության հարցում վարչապետի թեկնածուի նախկին ու ներկա դիրքորոշումների տարբերությունների պրիզմայով։ Երիտհանրապետականները ոչ միայն խորությամբ ուսումնասիրել էին ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի ու, առհասարակ, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին «Ելք» խմբակցության ղեկավարի նախկին, քննադատական ելույթները, այլեւ ողջ քննարկման ընթացքում նրա խոսքերից մեջբերումներ էին անում՝ փորձելով հասկանալ, թե ինչու է հրաժարվել նախկին դիրքորոշումներից։ Իսկ իրականում այդ առճակատման լեյտմոտիվն ապացուցելն էր, որ իրենք միշտ ամենաճիշտ որոշումներն են կայացրել Ռուսաստանի հետ համագործակցության հարցում, իսկ ընդդիմությունն այդ ամենը քննադատում էր, քանի դեռ ընդդիմադիրի դիրքերում էր՝ հենց գա իշխանության, իրենց նման է պահելու իրեն։



**Փաշինյան-ՀՀԿ «բլիժնի բոյ»**



Հիշեցնենք, որ արդեն քանի օր է՝ Փաշինյանը հայտարարում է, որ վարչապետ դառնալուց հետո Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չի դնելու, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, ընդդիմադիր գործունեությունն այլ բան է ենթադրում, կառավարության գործունեությունը՝ այլ։

Առաջինը կռվի նետվեց Սերժ Սարգսյանի հավատարիմ զինվոր Էդուարդ Շարմազանովը։ Նա ուզում էր հասկանալ․ «Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք՝ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՞, որն ասում է՝ Եվրասիական տնտեսական միությունից պետք է դուրս գալ, թե՞ արդեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, որն ասում է՝ Եվրասիական տնտեսական միությունից պետք չէ դուրս գալ։ Հնարավո՞ր է՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում, բազմաթիվ լինեն հարցերը, որտեղ 180 աստիճանով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը եւ քայլերը տարբերվեն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից»։ «Ես ինքս դեմ եմ քվեարկել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), ինչը նշանակում է, որ ես դեմ եմ եղել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, եւ մենք, լինելով քաղաքական գործիչներ եւ պետական գործիչներ, պետք է հաշվի նստենք իրողությունների եւ փաստերի հետ։ Եվ կարծում եմ, որ ցանկացած քաղաքական եւ պետական գործիչ, ով ելնում է Հայաստանի ազգային շահերից, պետք է հենց այդպես էլ վարվի»: Նախորդ գումարման ԱԺ-ում, երբ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց էր առաջադրվել, ինքը դեմ է քվեարկել դրան՝ պատճառաբանելով, որ հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձերը շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար։ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ պետական գործիչները պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց քմահաճույքներով, այլ՝ երկրի ազգային շահերով։ Նա կրկնեց, որ իր՝ վարչապետ ընտրվելու դեպքում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի բարձրացնելու, սակայն դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում չկան խնդիրներ, բայց իրենք այդ խնդիրները կքննարկեն գործընկերության մթնոլորտում։ Շարմազանովին Փաշինյանը չհամոզեց՝ ընդդիմության ներկայացուցչի խոսքը, ՀՀԿ խոսնակի կարծիքով, չպետք է պակաս պատասխանատու լինի, քան իշխանությանը, եւ ինքն այն կարծիքին չէ, որ եթե ընդդիմություն ես, կարող ես ունենալ մի դիրքորոշում, իսկ իշխանություն դառնալու դեպքում առաջնորդվես միայն պետական շահով։



Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս, ասաց՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», ու հիմա իրենց տված հարցերին կարող է Փաշինյանը պատասխանել. «Սերժը ճիշտ էր, ես սխալվել եմ»: Փաշինյանն արձագանքեց, որ սա դեռեւս իր հրաժարականի խոսքը չէ: Միհրան Հակոբյանն էլ պահը բաց չթողեց․ «Երբ Սերժ Սարգսյանը մի բան էր ասել 2014-ին, հետո՝ մեկ այլ բան, Դուք հայտարարում էիք, որ սուտ է ասում, հիմա Դուք նույնը չե՞ք անում»: Փաշինյանն էլ պատասխանեց՝ եթե ես ասեի, որ ԵԱՏՄ-ին ես կողմ եմ քվեարկել, եւ շարունակեի դա պնդել, կլիներ հիմք՝ դա ասելու, մինչդեռ ես ասում եմ, որ կան իրողություններ, եւ պետական, քաղաքական գործիչը պարտավոր է այդ իրողությունների հետ հաշվի նստել: Ինչպես ուռին ու բարդին, ՀՀԿ-ում ամեն մեկը՝ իր դարդին։ Պաշտոնասեր Խոսրով Հարությունյանին էլ հետաքրքրում էր, թե ովքեր են նոր կառավարությունում պաշտոններ ստանձնելու։ Փաշինյանը նրան թողեց մտատանջությունների մեջ, ասաց, որ դրա շուրջ որոշում չեն կայացրել, այսօրվա քվեարկությունից հետո կարելի է խոսել։ Մարգարիտ Եսայանն էլ դժգոհեց, որ Փաշինյանի կողմնակիցները զանգել են ՀՀԿ-ականներին ու հայհոյել։ Եզրափակիչ ակորդը դրեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը․ իշխանությունների նկատմամբ առանձնակի սեր չտածող ԱԺ խոսնակը ռեկորդ սահմանեց՝ հաշված րոպեների ընթացքում 7 հարց տալով։ Առաջին հարցը՝ արդյոք այս օրերին Փաշինյանն ունե՞ր հավաքներ անցկացնելու ազատ հնարավորություն։ «Այո՛»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ «Այս օրերին դուք ունեի՞ք խոսքի ազատություն»,- հարցրեց Բաբլոյանը։ «Ինչպես այս օրերին, ես իմ ողջ կյանքում ունեցել եմ խոսքի ազատություն»,- եղավ Փաշինյանի պատասխանը։ «Դուք գտնո՞ւմ եք, որ ժողովուրդն ուներ հավաքներին ազատ մասնակցելու հնարավորություն այս օրերին»,- հետաքրքրվեց ԱԺ նախագահը։ «Այո՛, ես գտնում եմ եւ ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը մենք կարողացանք ստեղծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ժողովուրդը միշտ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք: «Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենը ժողովրդավարության դրսեւորում էր»: «Այո՛, աներկբա»: «Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունն առաջացել է 2008 թվականից հետո»: «Ո՛չ: Ժողովուրդն ինքն է նվաճել իր ազատությունը: Եթե դուք ակնկալում եք, որ մենք պետք է որեւէ մեկին դրա համար շնորհակալություն հայտնենք, մենք, քաղաքավարությունից ելնելով, կարող ենք շնորհակալություն հայտնել, բայց դա ՀՀ ժողովրդի եւ քաղաքացիների ձեռքբերումն է, հնարավորությունն է, որը նրանք ստեղծել են սեփական ձեռքերով»: «Մենք կարո՞ղ ենք ժողովրդավարական ազատությունների ապահովման առումով դրական տեղաշարժ արձանագրել Հայաստանում»: «Ես հույս ունեմ, որ մենք միասին կանենք»,- պատասխանեց Փաշինյանը։ Արա Բաբլոյանի այն դիտարկմանը, որ ինքը կոնկրետ պատասխան է պահանջում, Փաշինյանը պատասխանեց. «Այո՛, ունենք դրական տեղաշարժ, եւ ես ուզում եմ ՀՀ քաղաքացիներին, բոլորին շնորհակալություն հայտնել այսօրվա իրավիճակի համար»: Իսկ այս ողջ ընթացքում Շուշան Պետրոսյանը հոտնկայս կա՛մ ծափ էր տալիս, կա՛մ ձեռքերն օդ պարզած՝ մատներով ցույց էր տալիս հաղթանակի նշանը։



Բաց նիստից հետո ՀՀԿ-ականները հինգ րոպե փակ նիստ արեցին, որից հետո հայտնեցին, թե այսօր առավոտյան կհայտնեն իրենց դիրքորոշման մասին։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**