Սա ՏՏ ոլորտի երիտասարդությունն է, որն անկախ, ապահովված, հեղափոխական խավ է

Սա ՏՏ ոլորտի երիտասարդությունն է, որն անկախ, ապահովված, հեղափոխական խավ է
ֆիզիկոս, գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ **Հարություն Կարապետյանին**, որը մշտապես մասնակցել է ընդդիմադիր շարժումների, խնդրեցինք համեմատել մեր աչքի առաջ Հայաստանում տեղի ունեցող ընդվզման շարժումը մյուս նմանատիպ նախաձեռնությունների հետ:



**- Որպես գիտնական, Փաշինյանի ղեկավարած շարժման ի՞նչ առավելություն, գուցե, նաև թերի կողմ եք տեսնում:**



-Նախ, նշենք, որ այս շարժման հեղինակ եմ համարում մարտի 1–ով իշխանության եկած Սերժ Սարգսյանին, քանի որ նա, իրեն յուրահատուկ բազմաքայլ մանիպուլյացիաներով և հերթական անգամ խախտելով իր իսկ խոսքը, ինքնաառաջադրվեց վարչապետի պաշտոնում։ Այս քայլը կատարեց վառոդով լցված տակառին միացված պատրույգի դերը։ Եվ ինչքան էլ, որ ըստ Սերժի հայ ժողովուրդը նման է ոչխարի հոտի, ժողովորդն ընդվզեց։ ՀՀԿ–ՀՅԴ գաղջի դեմ, որն օր–օրի մեզ մղում էր միջնադար, ոտքի կանգնեց չաղտոտված ու չպղծված, սովետազերծ ու պրագմատիկ երիտասարդությունը, այսինքն ապագան, որի գագաթնակետն եմ համարում մանկասալյակներով երիտասարդ մայրերի ակցիան։ Մեր տեսած ընդդիմադիր մյուս շարժումներից այս մեկը տարբերվում էր նրանով, որ ուղղակիորեն չէր դնում իշխանափոխության հարց ինչպես նախորդները։ Այս մեկը ի սկզբանե իշխանափոխության պահանջ չէր դնում, այլ Սերժին, ՀՀԿ-ին դեմ էր, ուզում էին համակարգային փոփոխություն: Դրա համար նա հենց սկզբից պլյուսով առաջ էր գնում, ու ժողովուրդը օր օրի շատանում էր: Եկավ մի պահ, որ նրանք պետք է հայտարություն անեին, որ պաշտոններ չեն ուզում, քաղաքական օրակարգ նշեին, բայց նման հայտարարություններ չարեցին: Ես առաջին օրից էլ ասում էի՝ սա մի անձի շարժում չէ, սա համաժողովրդական շարժում է:



**- Ո՞րն էր այդ պահը։**



-Մինչև որ Նիլկոլը հայտարարեց, որ ինքը դեմ չի վարչապետ լինելուն: Կողքից էլ ինչ որ մարդիկ սկսեցին գոռալ՝ «Նիկոլ՝ վարչապետ»: Շարժման մասնակիցներից տնտեսագետ Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջին հստակ օրակարգ էր սահմանել՝ ԱԺ արդար ընտրություններ, արդարադատություն, սահմանադրական կարգ, իրավական պետություն: Այսօրվա սահմանադրությամբ սա է ճանապարհը, որին չեն կարող ընդիմանալ նույնիսկ Աշոտյանն ու Շարմազանովը։ Թե չէ, ֆորմալ առումով Սերժը մնում է լեգիտիմ:



**- Ինչպե՞ս է լեգիտիմ, եթե սահմանադրական հանրաքվեն կեղծված է, ԱԺ ընտրությունները կեղծված են:**



-Դրա համար եմ ասում՝ ֆորմալ առումով: Չէ՞ որ Սերժի բազմաքայլ մանիպուլացիան ներառում է ԱԺ ընտրությունները, սահմանդրական բարեփոխումներ կոչվածը և, վերջապես, Սերժի խոստումնազանց վարչապետացումը։ Ինչքան գիտեմ, «Ելքը» ճանաչել է ԱԺ ընտրությունները կայացած: Ամենաշահագրգիռ կողմը՝ պաշտոնական ընդդիմությունը, չբողոքեց ձեռքին ունենալով իրական ու անբեկանելի փաստեր։



**- Գտնում եք, որ հիմա էլ ուշ չի՞:**



-Հենց հիմա էլ ուշ չի: Հնարավոր է, որ «Սերժ Սարգսյան- Պուտին-Ալիև» միավորումը գործի այս համաժողովրդական շարժման դեմ, արհեստական լարվածություն ստեղծեն սահմաններին:



**- Այդ հայտարարությունը ի՞նչ էր փոխելու:**



-Շարժման հենց առաջին օրերին ԱՄՆ պետդեպի հայտարարությունից հետո եվրոպական երկրների առաջատար թերթերը՝ Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, հոյակապ վերլուծություններ և հոդվածներ են գրել էս շարժման մասին: Դրական են մեկնաբանվել BBC–ի ու CNN–ի կողմից։ Դա պատահական չէ, իհարկե։ Արևմուտքը, այսինքն Եվրոպան և ԱՄՆ-ն, փաստորեն, կանգնած են շարժման կողքին: Մենք գիտենք նրանց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ժողովրդի իշխանության վերականգնում, ինքնիշխանության վերականգնումը ու մեր՝ Ռուսաստանից քիչ թե շատ անկախ լինելը, կոռուպցիայի դեմ պայքարը: Հիմնական թեզերը սրանք են, որոնք մեզնից պահանջվում են: Որպեսզի այդ աջակցությունը ավելի առարկայական լինի, այս շարժման նախաձեռնող խումբը՝ Նիկոլ Փաշինյանը, Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Դավիթ Սանասարյանը և մնացածները, հաստատ կլինեն էլի մի քանի հոգի, պետք է թեկուզ այսօր հայտարարեն, որ իրենք ոչ թե իշխանության են ձգտում, այլ սահմանադրական կարգ ու կանոնի վերականգնման և չեն ձգտում պաշտոնի առանց ընտրությունների: Սա Հայաստանի ապագայի տեսլականը կլիներ:



**- Արդեն առանց Եվրոպային նայելու ուժ է կիրառել: Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:**



-Առճակատումը երկար է տևելու, ըստ իս։ Երիտասարդությունն է, այն էլ կրթված, հիմնական կողմերից մեկը և նրանց հեշտ չի լինելու կոտրել, ինչպես մարտի 1–ին։ Սա ՏՏ ոլորտի երիտասարդներն են, որն անկախ, ապահովված, հեղափոխական խավ է: Չեմ կարծում, որ քաղաքակիրթ աշխարհը շարժմանը էլ չի աջակցի` այն, փաստորեն, քաղաքակրթական է։ Բայց, այն կարող էր ավելի էական լինել։ Մի գուցե դեռ ուշ չի, չգիտեմ։



**Սյուզան Սիմոնյան**