Ամեն ինչ էլ սպասելի է, ընդհուպ մինչեւ իշխանության փոփոխություն․ Աղասի Թադեւոսյան

Ամեն ինչ էլ սպասելի է, ընդհուպ մինչեւ իշխանության փոփոխություն․ Աղասի Թադեւոսյան
Ապրիլի 13-ից հետո ստեղծված իրավիճակն անակնկալի է բերել ոչ միայն իշխանություններին, այլեւ բոլոր նրանց, ովքեր Սերժ Սարգսյանի՝ առանց դիմադրության վարչապետ դառնալը համարում էին անխուսափելի, իսկ նրա դեմ հանրային ընդվզում կազմակերպելը՝ անիմաստ։ Փաստն այն է, որ այսօր ականատես ենք ցուցարարներով լեցուն փողոցների, կաթվածահար եղած եւ չաշխատող հասարակական տրանսպորտի եւ հանրային կյանքը կազմաքանդող այլ երեւույթների, որոնք իշխանություններին դրել են դժվար լուծելի խնդրի առջեւ։ Նախկինում ցույցերին ակտիվ մասնակցած քաղաքացիները չեն հիշում, որ ուսանողությունն այսպիսի աննախադեպ ակտիվություն ցուցաբերեր՝ անտեսելով բուհական ղեկավարության հորդորները։



Մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը կարծում է, որ ուսանողությունը նախկին շարժումներին էլ է մասնակցել, սակայն հիմա շատ տարբեր է այդ մասնակցությունը։ «Դա ինքնաբուխ մասնակցություն է, մեկ էլ տեսնում ես, որ տարբեր տեղերից փոքր խմբեր են դուրս գալիս եւ ինչ-որ բան անում։ Շարժմանը դա հաղորդում է անակնկալ բնույթ եւ անհարմարություններ է ստեղծում իշխանության համար, բարդացնում այն վերահսկելը։ Եթե նախկին շարժումները մի հրապարակում կամ մի փողոցում էին լինում, հիմա մենք տեսնում ենք ցանցային կազմակերպում, տեսնում ենք, որ կարող է լինել մեկ Զեյթուն թաղամասում, մեկ՝ Երրորդ մասում, մեկ՝ Կենտրոնում։ Այն տարածվում է ալիքի պես, եւ ոստիկանությունն ինքն է երբեմն մատնվում խուճապի, չի կարողանում հետեւել պրոցեսին։ Մենք տեսնում ենք, որ այս շարժումն աստիճանաբար է տարածվում եւ հատկապես երիտասարդների է ներգրավվում շարժման մեջ։ Սա, ըստ էության, երիտասարդական բնույթ ունեցող շարժում է։ Մյուս տարիքային խմբերը հայտնվել են աջակցողի դերում»,- նկատում է Աղասի Թադեւոսյանը։ Ինչ վերաբերում է բուհերի ղեկավարության վերաբերմունքին, ապա մեր զրուցակցի դիտարկմամբ, հայտնի չէ՝ ինչպես են նրանք վերաբերվում։



«Ուսանողությունն այնպիսի վիճակում է, որ բուհի ղեկավարության վերաբերմունքն իր համար զրոյական է։ Իրենք ունեն բոլորովին այլ տիպի գիտակցություն։ Շատ հետաքրքիր պրոցեսներ են, ոչ ոք չէր կարծում, թե նման զարգացումներ կարող են լինել։ Այնպես որ՝ այս շարժումը աննախադեպ է, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ զարգացում եւ ինչ հետեւանքներ կունենա այս շարժումը։ Ամեն ինչ էլ սպասելի է այս դեպքում, ընդհուպ մինչեւ իշխանության փոփոխություն»,- կարծում է նա։ Ինչ վերաբերում է ուժ կիրառելուն, ապա Աղասի Թադեւոսյանի կարծիքով, իշխանությունն ուժ կկիրառի, եթե տեսնի, որ կորցնում է վերահսկողությունը։ «Եթե տեսնեն, որ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից, ապա կարող են ուժ կիրառել», -ենթադրում է մեր զրուցակիցը։