Հայաստանյան քաղաքացիական անհնազանդությունը միջազգային մամուլի էջերում. ամփոփում

Հայաստանյան քաղաքացիական անհնազանդությունը միջազգային մամուլի էջերում. ամփոփում
Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության գործողությունները շարունակում են մնալ միջազգային մամուլի էջերում: Արդեն տեղեկացրել էինք, որ ավստրալական հեղինակավոր **The Sydney Morning** **Herald** ամսագիրը հրապարակել է իր լավագույն լուսանկարների շարքը ամբողջ աշխարհից, որոնց մեջ հայտնվել է նաեւ երեւանյան մետրոյում արված լուսանկարներից մեկը, որը պատմում է Հայաստանում վերջին օրերին ծավալվող քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունների մասին: Լուսանկարում պատկերված է, թե ինչպես են ցուցարարները փակում մետրոյի վագոնի դռները, որպեսզի արգելափակեն ստորգետնյա հանրային այդ տրանսպորտի աշխատանքը եւ թե ինչպես են ոստիկանները փորձում արգելել դա: Լուսանկարի հեղինակն է PAN Photo գործակալության լուսանկարիչ Կարո Սահակյանը: Նկարին կից նաեւ համառոտ բացատրական տեքստ է կցված երեւանյան զարգացումների մասին:



Հայաստանյան զարգացումների մասին չափազանց ուշագրավ անդրադարձ է կատարել բրիտանական **The Times**-ը: Այն մի ամբողջական հոդված է նվիրել այն մասին, որ Հայաստանում հասունանում է հեղափոխություն` նույնիսկ այդ կերպ խորագրելով հոդվածը: Սերժ Սարգսյանի վարչապետացմանը կրկին անդրադարձել է **Associated Press** լրատվական գործակալությունը: Այս մեծակշիռ լրատվական կենտրոնը աղբյուր է հանդիսանում ամերիկյան այնպիսի պարբերականների եւ լրատվամիջոցների համար, ինչպիսիք են **WP-ն, ABC News-ը, Fos News**-ը եւ այլն, եւ հայաստանյան իրադարձությունները լուսաբանում է սկսած ապրիլի տասներեքից՝ պարբերաբար հրապարակելով հոդվածներ քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասին: Հերթական հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանում վարչապետ դարձավ Սերժ Սարգսյանը այն դեպքում, երբ մայրաքաղաք Երեւանի փողոցներում 40 հազար ցուցարար դուրս էր եկել փողոց, քանի որ համարում են, որ Սերժ Սարգսյանը զավթել է իշխանությունը: Հրապարակման մեջ կա անդրադարձ նաեւ Սերժ Սարգսյանի ընտրության և ԱԺ քվեարկության ընթացքում քվեների հարաբերակցության մասին:



Ֆրանսիական **AFP**-ն անդրադարձել է ձերբակալություններին եւ բերման ենթարկման գործողություններին, որոնք իրականացվել են Երեւանի փողոցներում: Ֆրանսիական այս առաջատար լրատվական գործակալությունը նշել է, որ կան տասնյակ ձերբակալվածներ, եւ փակված է մայրաքաղաք Երեւանի ամենից մարդաշատ եւ բանուկ փողոցներից մեկը: Անդրադարձ կա նաեւ Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցող ցույցերին:



Բրիտանական **BBC**-ն էլ, կրկին անդրադարռնալով երեւանյան իրադարձություններին, նկատում է, որ Հայաստանում ցանկանում են գնալ իրական փոփոխությունների, սակայն զգում են, որ իրենց զրկում են այդ հնարավորություններից, եւ ղեկավարությունը մնում է անփոփոխ:



Հետաքրքրական է, որ հայաստանյան իրադարձություններին արդեն ուշադրություն է դարձնում արաբական մամուլը: Քաթարում գործող **Al Jazeera**-ն իր անդրադարձում շեշտադրել է հատկապես այն, որ Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունենում: Հրապարակման մեջ նշվում է հատկապես սահմանադրական փոփոխություններով Հայաստանի նախագահի լծակազրկման եւ այդ պաշտոնի զուտ արարողակարգային դառնալու իրողությունը, որից եւ հետեւություն է արվում, որ այս պայմաններում նախկին նախագահ, իսկ այժմ վարչապետ դարձած Սերժ Սարգսյանը կպահպանի իր իշխանությունը:



Ռուսական լրատվական դաշտում այսօր հիմնականում իրականացվել են իրադարձային լուսաբանումներ եւ տարածվել Կրեմլի խոսնակի հայտարարությունն այն մասին, որ Կրեմլում հետեւում են հայաստանյան զարգացումներին: Հետաքրքրական է այն, որ ռուսական լրատվամիջոցները սկսել են անդրադառնալ ռուս փորձագետների կարծիքներին՝ տեղի ունեցող դեպքերի առնչությամբ: Այսպես, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների հետ գործերի խորհրդարանական կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին, օրինակ, հայտարարել է, որ քաղաքացիական անհնազանդության գործողություններում խառն է Երեւանում ամերիկյան դեսպանատան մատը: Ռուս պատգամավորը նշել է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական տեսանկյունից մեծ կարեւորություն է ներկայացնում, եւ կա դրված խնդիր` քայքայել Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած դաշնակցային հարաբերությունները: Այս մասին նա ասել է **НСН**-ի հետ զրույցում: **РУСАРМИНФО**-ն էլ մեկնաբանություններ է ստացել ռուսաստանցի մի շարք փորձագետներից, որոնցից Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի ղեկավար Ալեքսեյ Մարտինովը կարծում է, որ Հայաստանը բողոքի արտահայտման ակտիվության իր ավանդույթներն ունի: Քաղաքագետը, սակայն, որոշ վերապահումներ ունի Նիկոլ Փաշինյանի որդեգրած գործելաոճի հանդեպ:



Մեկ այլ փորձագետ էլ՝ Բորիս Նադեժդինը այն կարծիքին է, որ Հայաստանում, ի տարբերություն հետխորհրդային շատ երկրների, կա ռեալ հնարավորություն ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար, ինչը նախանձելի իրականություն է նաեւ Ռուսաստանի համար: Քաղաքագետ Նադեժդինը կարծում է, որ Հայաստանում իրավիճակը գտնվում է ռուսաստանյան իրականության եւ վրաց-ուկրաինական իրականության միջակայքում: Այլ կերպ ասած` Հայաստանում այնպես չէ, որ ինչ էլ լինի, մարդիկ փողոց դուրս չեն գա, ինչպես ասենք Ռուսաստանում է, սակայն նաեւ այնպես էլ չէ, որ մի փոքր դժգոհությունը առիթ է, որ պարբերաբար իշխանափոխություն լինի, ինչպես Վրաստանում կամ Ուկրաինայում է: