Նորաձեւ կամ տատիկ-պապիկից ժառանգած անձնանուններ. հարգա՞նք, թե՞ պարտադրանք

Նորաձեւ կամ տատիկ-պապիկից ժառանգած անձնանուններ. հարգա՞նք, թե՞ պարտադրանք
Երեխայի լույս աշխարհ գալուն սրտի թրթիռով սպասող ծնողները, նախապատրաստվելով նրա ծնունդին, ընտրում են նաեւ փոքրիկի անունը: Սակայն հաճախ հայ ընտանիքներում կինն ընտրություն չի էլ ունենում, քանի որ ի սկզբանե արդեն որոշված է` դնելու են տատիկի կամ պապիկի անունը` անկախ նախընտրությունից, ճաշակից կամ անունի տգեղ հնչողությունից:



**Անունների նորաձեւություն**



Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր հետ բերում է նաեւ անձնանունների իր նորաձեւությունը: Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ծնված նորածիններին առավել հաճախ տրվող անունները` ըստ սեռի: 2017-ին ծնված 17 հազար 950 աղջիկների անուններում առաջին տեղը զբաղեցնում է Նարեն (712), երկրորդ տեղում` Մարիան (677), երրորդ` Մարին (586), հետո` Մանե, Անի, Մարիամ, Անահիտ, Անգելինա, Միլենա, Էլեն եւ այլն: 2017-ին ծնված 19 հազար 749 տղա երեխաների անուններում առաջին տեղում Դավիթն է (1448), երկրորդում` Նարեկը (1057), երրորդ տեղում` Տիգրանը (617), հետո` Հայկ, Ալեքս, Մարկ, Գոռ, Արթուր, Արամ եւ այլն:



Հոգեբան, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Եվրոպայի ասոցացված պրոֆեսոր Արմինե Մանուկյանը նորաձեւ անունները համեմատում է նորաձեւ զգեստի, օծանելիքի հետ: Համոզված է` յուրաքանչյուր երեխա իր անունը պետք է ստանա` արտաքին տվյալներից ելնելով, քանի որ չի կարելի, օրինակ, թուխ մաշկով, մուգ մազերով երեխային կոչել ռուսական անունով, այնպես, ինչպես չի կարող գեր կինը հագնել կարճ փեշով կիսաշրջազգեստ:



Հոգեբանը վստահ է` անձնանունը մարդու իդենտիֆիկացիան է: Եթե մարդը սիրում է իր անունը, ապա ավելի ինքնավստահ է լինում, չէ՞ որ նա առաջինն իր անունով է ներկայանում հասարակությանը, իսկ եթե ոչ, ապա բարդույթավորվում է, ամաչում ներկայանալ: «Որքան մարդու անունն ընդունելի է իր համար, այնքան նրա ինքնահաստատման ու ինքնաճանաչման գործընթացն ավելի դյուրին է կատարվում»,- նկատում է հոգեբանը:



**Հարգանքն ու անվանակոչումը նույնական չեն**



Արմինե Մանուկյանն ասում է` մոր համար հաճախ իր երեխային տատիկ-պապիկի անունով կոչելը, մեղմ ասած, կարող է ցանկալի չլինել: Անշուշտ, եթե կինը չունի իր դիրքն ու խոսքը տվյալ ընտանիքում եւ չի կարողանում գալ ընդհանուր եզրահանգման ամուսնու կամ ամուսնու ծնողների հետ, կարող է մեծ սթրեսի ենթարկվել: Կարծում է` մայր-երեխա հարաբերությունները երբեմն անվանման պատճառով կարող են նույնիսկ այն ջերմությունը չունենալ, ինչն անհրաժեշտ է: Հաճախ էլ, երբ մոր համար հաճելի չէ երեխայի անունը, նա երեխային սկսում է կոչել ավելի փաղաքշական, անվանմանը մոտ, բայց այլ հնչողությամբ անունով, միայն թե այն անունը, որն իրեն տհաճ է, չարտաբերի:



**Պարտադրել չի կարելի**



Աննան դստերը սկեսուրի անունով է կոչել՝ Գոհար: Պատմում է. «Ես մի անգամ ամուսնուս ասացի՝ եթե մաման թույլ չտա իր անունը դնենք, Էլեն կդնես, բայց այդպես չեղավ: Ճիշտ է` բացահայտ պարտադրանք չի եղել, սակայն հղիության ընթացքում անընդհատ հասկացնել էին տալիս, որ սկեսուրիս անունը դնենք»:



Հերիքնազ Քուչուքյանն էլ դստերն անվանակոչել է ամուսնու տատիկի անունով: «Իրականում սկեսուրիս անունը սիրուն անուն չէ, ամուսինս էլ պնդում էր, որ անպայման իր մամայի անունը դնեինք: Ես սկեսուրիս հետ խոսեցի, խնդրեցի, որ չդնենք իր անունը, որ ինքն ամուսնուս արգելի: Այդպես էլ արեց: Հետո որոշեցինք երեխայիս անունը դնել ամուսնուս տատիկի անունը` Նինա: Ամեն դեպքում «Նինան» «Հավանուշից» սիրուն անուն է»,- պատմեց Հերիքնազը:



Մարիամ Աղաջանյանի դստեր անունը, կրկին ամուսնու որոշմամբ, Վերոնիկա են դրել: Սկեսուրի անունը Վերա է, ասում է` «մեծի անուն է», ձեւափոխել են, գեղեցկացրել, սկեսուրն էլ դեմ չի եղել. «Սկեսուրս երբեք չի ասել, որ իր անունը դնենք, բայց զգում էի, որ իրեն հաճելի է»:



Անիի աղջիկը կրում է ամուսնու տատիկի անունը` Ռիտա: Պատմում է. «Ես կողմ չեմ, որ մեծերի անուններն են դնում երեխաներին: Երբ դեռ ամուսնացած էլ չէինք, գիտեի, որ աղջիկ ունենանք, իր տատիկի անունն ենք դնելու: Տատիկն իր կուռքն է եղել: Դե, ես էլ ո՞նց դեմ կլինեի: Եթե այլընտրանք ունենայի, գուցե Էլեն անունն ընտրեի աղջկաս համար, միշտ սիրել եմ այդ անունը»:



Իսկ Աննան ու ամուսինը, հակառակ սկեսուրի մեծ ցանկությանը, իրենց առաջնեկին անվանակոչել են Տիգրան, իսկ սկեսուրն ուզում էր ամուսնու անունով կոչել՝ Վրույր:



«Յուրաքանչյուր զավակ, սիրելով իր ծնողին, շատ է ցանկանում իր երեխայի մեջ տեսնել նրա շարունակությունը, սակայն դա պարտադրել կնոջը, ով ծնել է երեխային, չի կարելի: Հաճախ էլ մեծի անունը փոխանցում են երեխային` փորձելով վառ պահել նրա հիշատակը»,- կարծում է Արմինե Մանուկյանը, սակայն նաեւ նկատում է, որ շատերը չեն էլ գիտակցում, որ անվան հետ փոխանցվում է նաեւ մարդու ճակատագիրը: Ասում է` կան դիտարկումներ, որոնց համաձայն` այն երեխաները, որոնք կրում են տատիկ-պապիկների անունները, կարծես կրկնում են նրանց ճակատագրերը: Ի վերջո, պարտադիր չէ հարգել մեծին` նրա անունը փոխանցելով, պետք է պարզապես նրա հիշատակը վառ պահել եւ սեփական կյանքով ապացուցել, որ դու արժանի զավակ ես:



Անահիտի առաջնեկը սկեսրայրի անունն է կրում, մահացած է, ամուսինն այդպես էր որոշել: Հիմա երկրորդին է սպասում: Սկեսուրի անունը Հասմիկ է: Հավանում է անունը, սակայն չի ցանկանում դնել, խնդիրն այստեղ անվանման մեջ չէ, այլ սկեսուրի հետ ունեցած հարաբերությունների: Ասում է. «Տեսնենք, կկարողանա՞մ համոզել»:



Անի Գեւորգյանն ու ամուսինն էլ չեն նեղացրել նաեւ կնոջ ծնողներին. հավասար բաշխել են: Երեխաներին անվանակոչել են Անիի մայրիկի ու ամուսնու հայրիկի անուններով: «Սիրուն անուններ են, ավելի լավը չգտանք` Սեդա, Արամ: Դե, բնականաբար, եթե Թիգլաթպալասար լիներ, չէինք դնի»,-պատմեց Անին:



Իսկ Քրիստինե Պապիկյանը մեծ սիրով է որդուն անվանել պապիկի անունով` Հուսիկ: Ասում է. ««Հույս» բառն է արմատը: Բոլորն անհամբեր սպասում էին, թե երբ է ծնվելու փոքրիկ Հուսիկը»:



**Մի՛ անձնավորեք անունը**



Ներընտանեկան կոնֆլիկտներից, ներքին տագնապներից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս մայրերին իրենց երեխայի անունը դիտարկել ոչ թե որպես տատիկ-պապիկի անուն, այլ հենց իրենց երեխայի անուն: Պետք է նաեւ բացատրել ամուսնուն, որ տվյալ անունը հաճելի չէ ոչ թե այն պատճառով, որ նրա մոր կամ հոր անունն է, այլ հենց անունն իր հնչեղությամբ հաճելի չէ: Սակայն հաճախ զույգերն անձնավորում են. «Քո մոր անունը չպիտի լինի կամ քո հոր անունը չպիտի լինի»:



«Անվանակոչության հարցում պետք է քննարկել եւ գալ ընդհանուր եզրակացության: Այստեղ արդեն տատիկ-պապիկներն անելիք չունեն: Եթե ամուսինը կարողանում է իրեն տղամարդու պես պահել, բացատրել ծնողներին, որ «ես ձեզ անչափ սիրում եմ, բայց ձեր անուններն այդքան էլ ականջ շոյող չեն, հետագայում երեխայի համար կարող են խնդիրներ առաջացնել, քանի որ այդ անուններն ընդունելի էին ձեր ժամանակաշրջանի համար», խնդիրներ չեն առաջանա: Իսկ եթե տղամարդն անտրտունջ հետեւում է ծնողների ասածներին, ապա այստեղ ինքն անելիք չունի, իսկ կինը՝ առավելապես»,-եզրափակում է հոգեբանը:



**Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ**