Ի՞նչ կանեն, եթե պարզվի՝ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ

Ի՞նչ կանեն, եթե պարզվի՝ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական **Արփինե Հովհաննիսյանին** այսօր ՀՀ նախագահի ընտրությունից հետո հարցրինք, թե իրեն չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ իրենց առաջադրած թեկնածուն լեգիտիմության խնդիր ունի՝ նկատի ունենալով Արմեն Սարգսյանի քաղաքացիության ցենզի հետ կապված հարցը։ «Ես կարծում եմ, որ այդ հարցի քննարկումը շատ ավելի ճիշտ կլինի ծավալել, երբ որ իրավասու, պատկան մարմիններից հետաքրքրված անձինք ստանան համապատասխան պարզաբանումներ»,-ասաց տիկին Հովհաննիսյանը։



Իսկ նպատակահարմար չէ՞, արդյոք, որ Արմեն Սարգսյանն ինքը ներկայացնի այդ փաստաթղթերը, ԱԺ փոխխոսնակն ասաց․ «Արմեն Սարգսյանը, կարծում եմ, ներկայացրեց այն հիմքերը, որոնց համապատասխան՝ այդ, այսպես ասած, իրավիճակը չպետք է դառնա քննարկման առարկա։ Մասնավորապես, բրիտանական օրենքի այն դրույթները, որոնց համաձայն ոչ բնիկ բրիտանացիների համար երկքաղաքացի լինելու դեպքում դադարեցվում է դիմումի պահից։ Պարոն Սարգսյանը նպատակահարմար կհամարի դրանք հրապարկել, թե ոչ և որ փուլում նպատակահարմար կհամարի, կարծում եմ՝ հարցեր են, որոնք ուղղված են ոչ թե ինձ, այլ իրեն»։



**Hraparak.am**-ի հարցին, ճիշտ չէ՞ր լինի, որ Արմեն Սարգսյանը հիմա՝ ընտրությունից առաջ դրանք հրապարակեր, որպեսզի կասկածներ չմնային, Արփինե Հովհաննիսյանն ասաց․ «Ես համոզմունք ունեմ, որ եթե կա որևէ հարց, որի իրավասությունը գտնվում է ոչ թե իմ, ոչ թե ձեր որոշելիքի տիրույթում, այլ կոնկրետ անձի, ապա ճիշտ չէ, որ ես գնահատական հնչեցնեմ՝ որքանով է դա նպատակահարմար, այս պահին նպատակահարմար և առհասարակ»։



**-Մենք ընտրում ենք Հայաստանի չորրորդ նախագահին, և այդ լեգիտիմության հարցը պետք է կարգավորված լիներ մինչև ընտրությունը։ Եթե թղթերը ներկայացնի ընտրվելուց հետո, ու պարզվի, որ լեգիտիմ չէ, ի՞նչ եք անելու։**



-Ուրեմն, դրա համար կլինեն համապատասխան ընթացակարգեր։ Այն բոլոր տեսակետները, կարծիքները, որոնք հնչում են, դրանք մեկնաբանություններ են։ Եթե խոսքը վերաբերում է Սահմանադրության համապատասխան հոդվածով, այն է` 124-րդ հոդվածի երկրորդ մասը, հանրապետության նախագահին ներկայացվող պահանջներին, և այդ փաստաթղթերը, ըստ կանոնակարգ օրենքի, Սահմանադրության հիմքերն ապահովող փաստաթղթեր են, ապա դրանք ներկայացված են պատկան մարմինների կողմից։ Այս պահի դրությամբ ո՛չ որպես ԱԺ փոխնախագահ և ո՛չ էլ որպես շարքային քաղաքացի՝ իրավասու չեմ ո՛չ վիճարկելու, ո՛չ կասկածի տակ դնելու, ո՛չ էլ տեսակետ հայտնելու պաշտոնական, իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթղթի վերաբերյալ, որով հավաստվում է Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը։ Ճիշտ հասկացեք, որ իրավասու մարմի՛նը պետք է ուսումնասիրի այն հարցերը, որոնք բարձրացվում են։



**-Պարզապես մենք տեսել ենք, օրինակներ եղել են, երբ իշխանությունները ըստ ճաշակի են մեկնաբանել Սահմանադրության հոդվածները՝ հանրության մեջ թողնելով կասկածներ։**



-Ներողություն, ես սա չեմ մեկնաբանում, ես Սահմանադրություն չեմ մեկնաբանում, ես նման իրավասություն չունեմ, և այն իրավաբանների թվին չեմ դասվում, ովքեր հայեցողական մեկնաբանություն են տալիս Սահմանադրությանը անընդհատ։ Ես գիտեմ մի բան, որ Սահմանադրությամբ նախատեսված պահանջը հաստատող իրավասու մարմինը տվել է այդ տեղեկանքը՝ համաձայն կառավարության 2007 թվականի որոշման, որով միակ իրավասու մարմին արդեն 11 տարի ճանաչված է այդ նույն մարմինը։ Այդ նույն մարմինը տվել է Սահմանադրությամբ նախատեսված փաստաթուղթը։ Մեկնաբանության խնդիր այստեղ չկա։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**