«Ոչ մի ասելիք չունեմ»․ Արամ Մանուկյանը՝ Փաշինյանի առաջարկին

«Ոչ մի ասելիք չունեմ»․ Արամ Մանուկյանը՝ Փաշինյանի առաջարկին
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հրապարակավ նամակ է հղել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դրանով Փաշինյանը ՀԱԿ առաջնորդին հրավիրել է մասնակցելու փետրվարի 23-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ տեղի ունենալիք խորհրդարանական լսումներին՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։



««Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկացացուցիչներին եւ անձամբ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու լսումներին։ Նշեմ նաեւ, որ ցանկության դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդես գալ զեկուցմամբ։ Կանխավ շնորհակալություն»-իր նբամակում նշել է Փաշինյանը։



**Hraparak.am**-ը հետաքրքրվեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանից, թե տեղյա՞կ են Փաշինյանի այս նամակից և ինչպե՞ս են արձագանելու սրան։ Մանուկյանը, պարզվեց, դեռ ծանոթ չէր նամակին և մեզանից իմացավ բովանդակությունը։



«Հիմա նոր լսեցի, ուզում եք հենց հիմա արձագանքե՞մ։ Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չեմ կարդացել, չենք քննարկել։ Կքննարկենք, պատասխան կտանք, մի՛ անհանգստացեք»,-ասաց պարոն Մանուկյանը։



Նկատեցինք, որ «Ելքի», անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց հարաբերությունները տևական ժամանակ սառած էին տարբեր պատճառներով։ Հիմա սա, փաստորեն, «Ելքի» կողմից որոշակի ժեստ էր և հարաբերություններ հաստատելու քայլ, կարծես թե։ Ինչպե՞ս են գնահատում «Ելքի» այս նախաձեռնությունը՝ անկախ նրանից, թե ինչ պատասխան կտան։



«Ոչ մի ասելիք չունեմ»,-հարցը փակեց ՀԱԿ անդամը։



Թե ինչ են պատրաստվում անել իրենք Մարտի 1-ի 10 ամյակի կապակցությւամբ, Արամ Մանուկյանն ասաց, որ իրենց ավանդական միջոցառումն է լինելու՝ երթ են անելու, հնարավոր է՝ պատարագ անեն, նաև գիրք են հրապարակում՝ Մարտի 1-ի փաստաթղթերի վերաբերյալ ոչ ամբողջական ժողովածու։ «Կարծում եմ՝ մյուս շաբաթվա ընթացքում այդ գիքրն արդեն տպված պատրաստ կլինի»,-նշեց Արամ Մանուկյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**