Ֆանտաստիկ ժանրի պատմություն հայաստանյան իրականության համար

Ֆանտաստիկ ժանրի պատմություն հայաստանյան իրականության համար
Իսրայելական ոստիկանությունը պաշտոնապես դիմել է դատախազին` պահանջելով մեղադրանք առաջադրել այդ երկրի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ, առնվազն երկու դրվագով, որոնց շուրջ հետաքննություն է անցկացվել:



Առաջին դրվագով, Նեթանյահուն պետք է մեղադրվի կաշառք ստանալու եւ խաբեության մեջ, երկրորդ դրվագով վերջինս պետք է մեղադրվի կառավարության մասին լուրերը դրական լույսի ներքո մեկնաբանելու համար «Յեդիութ Ահարանոթ» օրաթերթի տնօրենի հետ գործարք կնքելու և դրա դիմաց մրցակից «Իսրայել Հյում» օրաթերթի համար սահմանափակություններ ստեղծելու մեջ: Այս մասին հայտնում է Parstoday լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ վերջին շաբաթներին Նեթանյահուն մի քանի անգամ ոստիկանության կողմից ենթարկվել է հարցաքննության:



Չմոռանանք, որ մեկ դրվագով էլ նա եւ կինը մեղադրվում են պետական միջոցների վատնման եւ ոչ ռացիոնալ օգտագործման մեջ եւ նույնիսկ թե ինքը եւ թե կինը հարցաքննությունների են մասնակցել ստի դետեկտորով եւ եղել են դրվագներ, երբ հայտարարվել է, որ կոնկրետ որեւէ հարցի առնչությամբ ամուսիններից մեկը կամ մյուսը ստել է կամ լիարժեք չի պատասխանել հարցերին: Այն, որ իսրայելական իրականության համար կարելի է բանտում տեսնել նախկին նախագահների կամ վարչապետների, ամենեւին զարմանալի չէ: Ավելին, դա խոսում է պետական համակարգի կայացվածության, առողջ մտածողության եւ ճիշտ գործելակերպի մասին: Իսրայելում վարչապետը մի քանի անգամ նախատեսվածից ավելի գումար ծախսեց ռեստորանում ճաշելու համար, արդեն պատասխանելիք կունենա հասարակության, ժողովրդի` հարկատուների առաջ, եւ հիմա էլ պատասխան պետք է տա: Գանք հայաստանյան իրականություն:



Ազգ-բանակ, պետք է ծառայեն բոլորը եւ այլ հայրենասիրական կարգախոսներ հնչեցնելիս կամ ծրագրեր ներկայացնելիս հայրենի իշխանությունները բազմիցս հղում են կատարում Իսրայելին: Սակայն նույն հաջողությամբ մոռանում են, որ Իսրայելին կարելի է հղում կատարել ոչ միայն պարզապես այն բանի համար, որ այնտեղ ծառայում են բոլորը, այլ նաեւ այն դեպքերում, երբ հարկ է խոսել իրավական եւ սոցիալական կայացած պետության եւ այնպիսի հարցերի մասին, ինչպիսիք են օրենքի առաջ բոլորի իրավահավասարությունը, օրենքի գերակայությունը, քաղաքացու իրավապաշտպանվածությունը, իշխանությունների հաշվետվողականությունը բոլոր մակարդակներում եւ այլն:



Ընդ որում, ոչ միայն հղում կատարել, այլ նաեւ պետք է ընդօրինակել: Հիմա: Պատկերացնում եք ինչ-որ հանցագործության հետ առնչակցություն ունենալու համար, ասենք, մի օր դատեն գործող վարչապետ Կարեն Կարապետյանին կամ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կամ պահանջ ներկայացվի, որ պետք է այսինչ նախարարի, այնինչ մարզպետի, պաշտոնյայի դեմ մեղադրանք առաջադրվի, որովհետեւ խախտել են ԶԼՄ-ների հետ աշխատանքի հավասարության սկզբունքը: Եթե Հանրապետության նախագահն ու վարչապետն են «սիրելի»կամ «ոչ-սիրելի» սկզբունքով տարանջատում ԶԼՄ-ներին եւ ըստ այդմ էլ կազմակերպում նրանց հետ աշխատանքը, էլ ումից ինչ ենք պահանջում:



Իսրայելը փոքր պետություն է: Հրեա ժողովուրդը իր պատմական ճակատագրով նման է Հայ ժողովրդին: Սակայն ի տարբերություն հայ ժողովրդի, հրեա ժողովուրդն իրեն բաժին հասած քարակույտը կարողացավ վերածել երազանքների հայրենիքի եւ մի այնպիսի պետության, որի հետ աշխարհը հաշվի է նստում: Հայ ժողովուրդն իրեն նախորդ համակարգից ժառանգություն ստացած հայրենիքը վերածում է քարակույտի ամենայն ջանասիրությամբ, իսկ պետականությունն էլ այնպես է մսխում, որ եւս մի քանի տարի եւ մեզ կհամարեն ընդամենը էթնիկ-մշակութային հանրույթ, որը որոշակի կիսանկախ պայմաններում ապրում է իր պատմական հայրենիքի մի փոքրիկ հատվածում: Այո, Իսրայելը նստած է վառոդի տակառի վրա, այնտեղ ծառայում են բոլորը: Սակայն Իսրայելում մեկ զինվորի վրա ծախսված գումարի, նրան տրված անվտանգության, սոցիալական եւ մյուս երաշխիքների մակարդակը եթե համեմատենք մեր իրականության հետ, ապա հաստատ կրկին գլխիկոր մնալու առիթ կունենանք:



**Տիգրան Վահանե**