Ներդրողի համար շոկ է, որ բոլոր դպրոց ավարտածները շախմատ խաղալ գիտեն

Ներդրողի համար շոկ է, որ բոլոր դպրոց ավարտածները շախմատ խաղալ գիտեն
Հայաստանի զարգացման հիմնադրամը, որի «հիմնական առաքելությունն է՝ խթանել երկրի տնտեսական աճը», ինչպես ձեւակերպված է 2015-ին ստեղծված հիմնադրամի պաշտոնական էջում, 2017-ի մայիսից ղեկավարում է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, ծնունդով Թեհրանից **Արմեն Ավակ Ավակյանը**։ Նրա մասին խիստ հակասական կարծիքներ կան դաշտում՝ էքստրավագանտ շոումենից մինչեւ եվրոպական մտածողությամբ մենեջերի։



Արմեն Ավակ Ավակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2017-ին հիմնադրամի գործունեության արդյունքում իրենք ունեցել են 15.7 մլն դոլարի ներդրում եւ 5.3 միլիարդ դրամի էլ արտահանման պայմանագիր են կնքել։ Այս ցուցանիշները, սակայն, բարձր չեն եւ իրենց չեն բավարարում։ Հույս ունեն այս տարի ավելի մեծ արդյունք գրանցել։



Ներդրումները հիմնականում եղել են բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, ոսկերչության ոլորտներում, որոնք ապահովել է 6 ընկերություն։ Ավակյանի խոսքով՝ իրենց հանդիպած ամեն հինգերորդ ներդրողը հետաքրքրված է վերականգնողական էներգիայով, չնայած իրենք առաջարկում են գյուղոլորտում, տեքստիլ արդյունաբերության ու ոսկերչության մեջ եւս ներդրումներ կատարել եւ ոչ միայն։



Ավակյանը նախ բացատրեց իրենց աշխատանքի մեխանիզմը՝ ինչպես են գտնում ներդրողներին, համոզում գալ եւ ներդրում անել Հայաստանում։ Նա վերցրեց թուղթն ու գրիչը եւ գծեց իրենց գործիքակազմը, որի մեջ մտնում են չորս հիմնական ֆունկցիոնալ ուղղություններ՝ նախագծեր, մարկետինգ, միջազգային համագործակցություն, որը «բաշխիչ ցանցի» դեր է կատարում, ինչպես նաեւ հետսպասարկման բաժինը, որը «պոստ ֆակտում» է աշխատում։ Մարկետինգային բաժնում ունեն հետազոտությունների բաժին, որն Ավակյանն անվանում է «լավ լուրի մինիստրություն»։ «Իրենց գործն այն է, որ Հայաստանի մասին անընդհատ լավ լուրեր պեղեն, ոչ միայն PR-ային դաշտում, այլ, օրինակ՝ Հայաստանում ստեղծվել է աշխարհում առաջին խելացի օրորոցը։ Դա լավ լուր է, եւ մենք կուզենանք, որ մեր պոտենցիալ ներդրողները լսեն Հայաստանի մասին»,- ասաց մեր զրուցակիցը։



-**Դուք ինչպե՞ս եք գովազդում Հայաստանը, ինչպե՞ս եք համոզում նրանց, որոնք անվստահություն ունեն Հայաստան պետության նկատմամբ**։



-Գովազդելու տեսակետից էս պահին ունենք երկու հիմնական ուղղություն՝ մարկետինգային ռազմավարության տեսանկյունից։ Մի ուղղությունը մեր «Ընտրիր Հայաստան» բովանդակային փաթեթն է, որի իմաստն այն է, որ մենք «Ա» թիմերից ենք աշխարհում․ խոսքը մարդու մասին է։ Մենք խելացի ազգ ենք եւ ունենք էդ ներուժը՝ խելացի լինելու։ Դարեր շարունակ մենք պարտավոր ենք եղել խելացի լինելու։ Էստեղ արդեն ասում ենք, որ Հայաստանը միակ երկրներից է աշխարհում, որ շախմատը պարտադիր է դպրոցներում։ Դա հետաքրքրում է նեդրողին, շոկ է իր համար, որ բոլոր դպրոց ավարտածները շախմատ խաղալ գիտեն։ Դա մեր տրամաբանությունն է ցույց տալիս: Ասում ենք, որ մենք ստեղծագործ ազգ ենք, որ աշխարհում կան առօրյա օգտագործման տարբեր ապրանքներ, որոնք ոչ մեկը չգիտի, որ հայ է ստեղծել։ Ու նման այլ բացատրություններ։ Երկրորդը մի քիչ ավելի ֆունկցիոնալ է՝ սրանք ավելի էմոցիոնալ էին։ Ֆունկցիոնալ ուղին էլ հետեւյալ ձեւ ենք ներկայացնում․ մեր միջազգային պայմանագրերն ունիկալ են։ Չկա աշխարհում երկրորդը, որ ունենա էդ համակցությունը։ Մենք Եվրասիական միության անդամ ենք, միեւնույն ժամանակ ունենք Եվրամիության հետ GSP+ ռեժիմ։ Ունենք նաեւ Իրանի հետ սահման, որի հետ տնտեսական լավ հարաբերությունների մեջ ենք։ Էս երեքի համակցությունը չկա աշխարհում երկրորդ երկիր, որ ունենա։



-**Ես եւս երկուսը նշեմ՝ մենք նաեւ երկիր ենք, որը տնտեսական շրջափակման մեջ է հարեւանների պատճառով, տարիներ ի վեր Հայաստանում խոսվում է մոնոպոլիաների, տնտեսական ճնշումների, ոչ բարենպաստ, անհավասար բիզնես միջավայրի մասին, որը դժվար թե շախմատ խաղալով բարելավենք։ Ինչպե՞ս եք հակակշռում այս ամենին**։



-Ասեմ՝ Դուք ինձ հարցրիք իմ մարկետինգային ռազմավարության մասին, բնականաբար՝ դրանցից ոչ մեկը չկա իմ ռազմավարության մեջ։ Ոնց որ որեւէ հյութ արտադրող ասի՝ իր արտադրանքը թունավոր է, քո առողջությանը վնաս է։ Բնականաբար, որեւէ մեկը նման բան չի ասի։ Հիմա թե ով կասի՝ երկրորդական է։ Մենք էս դեպքում դա չենք մատուցում, ինչպես Դուք ասացիք։ Մենք ալիքային էֆեկտով պիտի աշխատենք, որ համոզենք մարդկանց։ Տեսեք․ եթե ջրի հարթ մակերես լինի, ու մի կաթիլ կաթեցնենք, ալիքներ կտա, չէ՞։ Իմաստը դա է։ Էդ ջրի կաթիլը պետք է լինեն կառավարությունը եւ մենք։ Մենք պիտի տանք էդ ինֆորմացիան եւ բովանդակությունը։ Առաջին շերտը պիտի ինքներս մեզ համոզենք։ Ես պիտի համոզված լինեմ, որ Հայաստանում ներդրում անելը լավ է, եւ համոզված եմ, իմ թիմը՝ նույնպես, որ Հայաստանում, եթե փող դնես ճիշտ ոլորտում, ճիշտ բիզնեսում, շահութաբեր կարող է լինել։ Երկրորդ շերտը՝ մենք պիտի սփյուռքահայերին համոզենք։ Վերջիվերջո, ես ֆրանսիացու հետ խոսում եմ, փորձում եմ համոզել իրեն, ինքը գնալու է եւ ինչ-որ մի հայի Փարիզում ծանոթ դուրս գա ու հարցնի, թե ոնց է Հայաստանում։ Այսինքն՝ ես պետք է էդ սփյուռքահային էլ համոզեմ, նոր երկրորդ շերտով՝ արտասահմանցուն։ Կան հայեր եւ սփյուռքահայեր, որ պարզապես հիասթափված են։ Հիմա պատահում է։ Իմ տրամաբանությունն էլ հետեւյալն է՝ դուք կա՛մ կարող եք հիասթափվել, գնալ, կա՛մ կարող եք հիասթափվել եւ փորձել փոխել։



-**Ձեզ հանդիպած 10 պոտենցիալ ներդրողից քանի՞սն է, որ հիասթափություն է հայտնում, եւ քանի՞սն է, որ ցանկանում է գալ եւ ներդրում անել այստեղ**։



-Երկրից երկիր՝ տարբեր է։ Օրինակ՝ Լիբանանում կարող եմ ասել, որ տասից տասն էլ պատրաստակամություն հայտնեցին գալ, եւ էնտեղ ընդհանրապես հիասթափություն չտեսա։ Լոս Անջելեսում երեւի տասից երեքը՝ ավելի բացասական, մեկ-երկուսը՝ ավելի նեյտրալ, հինգը՝ ավելի դրական։



-**Ձեր կարծիքով՝ հիասթափության հիմնական պատճառը ո՞րն է**։



-Ինձ էլ է դա հետաքրքիր, ես ինքս փորձել եմ հասկանալ, թե ինչից է, որ գնում եմ Լոս Անջելես, էնտեղ որոշակի մասսա շատ ագրեսիվ, բացասական է խոսում Հայաստանի մասին։ Սփյուռքահայ լինելով՝ փորձում եմ ինձ վերագրել դա։ 90-ականներին շատերը գնացին Ամերիկա։ Էդ գնալու որոշումը հեշտ որոշում չի եղել։ Հիմա ես դրա էմոցիոնալ կոմպոնենտը ասեմ։ Երբ դու որոշում ես գնալ, դու հենց էդ պահին արդեն քեզ մեղավոր ես զգում։ Էն էմոցիան է քո մոտ առաջանում, որ դու քո պրոբլեմը սառեցնում ես մի տեղ ու փախչում ես՝ էդ իմ պրոբլեմը չէ, թող ուրիշը լուծի։ Բայց դու մեղավոր ես զգում, որ դու էդ պրոբլեմը թողնում ես քո ընկերոջ, քրոջ, եղբոր վրա։ Եվ երբ դու հասնում ես Ամերիկա կամ իքս երկիր, դու էնտեղ նստած՝ մտածում ես, որ էն որոշումը, որ կայացրել ես՝ թողնել քո երկիրը, քո էմոցիոնալ մակարդակը պիտի արդարացնի դա, որովհետեւ, եթե չարդարացնի, դու դեպրեսիայի մեջ կընկնես։ Ու դու սկսում ես մտածել, որ ճիշտ ես արել, եւ եթե դու ճիշտ ես արել, նշանակում է՝ էստեղ վատ է։ Եվ էդ էմոցիոնալ բարիերը շատ դժվար է հաղթահարել։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**