Պաշտոնյաները նվեր չե՞ն ստանում, թե՞ ստացածը թաքցնում են

Պաշտոնյաները նվեր չե՞ն ստանում, թե՞ ստացածը թաքցնում են
ՀՀ կառավարությունը 1993 թվականի փետրվարի 17-ին որոշում ընդունեց «Պաշտոնի բերումով ստացված նվերները պետությանը հանձնելու կարգի մասին»։ Համաձայն այդ որոշման՝ պաշտոնի բերումով, գործուղումների ժամանակ կամ արտասահմանյան պատվիրակություններից ստացված բոլոր նվերները, որոնց արժեքը հինգ անգամ կգերազանցի պաշտոնատար անձի ամսական աշխատավարձը, ենթակա են գանձման պետական գանձարան։ Ցանկության դեպքում պաշտոնատար անձը կարող է նվերը չհանձնել պետությանը` վճարելով իր 5 ամսվա աշխատավարձի չափի եւ նվերի փաստացի արժեքի տարբերությունը: Հանձնման ենթակա նվերը պաշտոնատար անձը պարտավոր է պետությանը հանձնել հնարավորիս կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան նվերը ստանալուց կամ արտասահմանից վերադառնալուց հետո 15 օրվա ընթացքում: Այդ որոշման վերջին կետով սահմանվում է նաեւ պատասխանատվություն նրանց համար, որոնք պաշտոնի բերումով իրենց ստացած նվերները սահմանված կարգով չեն հանձնի պետությանը։



Մենք ՀՀ ֆինանսների նախարարությանը խնդրել էինք տրամադրել վերջին 3 տարում ՀՀ պետական բարձր պաշտոն զբաղեցրած/զբաղեցնող անձանց ստացած այն նվերների ցանկը, որոնք օրենքի պահանջով փոխանցվել են պետական գանձարան («Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն)։ Ի զարմանս մեզ, ֆինանսների նախարարությունից պատասխանեցին, որ 1993 թվականին հաստատված վերոնշյալ որոշմամբ նախատեսված նվերներով պետական գանձարանը վերջին 3 տարիների ընթացքում չի համալրվել: Այսինքն՝ վերջին երեք տարվա ընթացքում մեր պետական բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, տարատեսակ նախարարներ, ուժային կառույցի ղեկավարներ եւ այլք, որեւէ մեկից որեւէ նվեր չեն ստացել՝ պաշտոնի բերումով։ Հատկապես այնպիսի նվերներ, որոնց արժեքը 5 անգամ կգերազանցեր նրանց ամսական աշխատավարձը։ Իսկ մեր բարձրաստիճան պաշտոնյաները 400-600 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Սա առնվազն զարմանք է հարուցում, քանզի, երբ նայում ես նրանց հայտարարագրերը, նրանք ունեն միլիոնների հասնող ունեցվածք, որոնց մի մասը պաշտոնապես որպես նվիրատվություն է գրանցված, բայց դրանցից եւ ոչ մեկը, փաստորեն, առնվազն գոնե վերջին երեք տարում պետական գանձարան չի հանձնվել։ Ստացվում է, որ մեր պաշտոնյաները կա՛մ իսկապես որեւէ նվեր չեն ստացել, կա՛մ ստացել ու օրենքի խախտումով չեն հանձնել գանձարան, կա՛մ էլ այդ նվերները «թղթերով» լրիվ այլ ձեւակերպում են ստացել ու մնացել ստվերում։



Քաղաքակիրթ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, իրենց ստացած նվերները պաշտոնյաները հանձնում են պետական գանձարան։ Օրինակ՝ վերջերս համացանցում հայտնվեց տեղեկություն, թե ինչպես են ադրբեջանցի պաշտոնյաները թանկարժեք նվերներ հանձնել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահին, որոնք հետո նրանք հանձնել են պետական գանձարան։ Դեռեւս 2016 թվականին պետական գանձարանից հայտնել էին, որ վերջին անգամ պաշտոնի բերումով նվերներ պետական գանձարան հանձնվել են 2001 թվականին։ Հանձնողները եղել են ՀՀ արդարադատության նախարարության եւ կապի եւ տրանսպորտի նախարարության պաշտոնատար անձինք։ Դրանից հետո, փաստորեն, նվեր ստացող չի եղել, միայն կաշառք են ստացել, որը գանձարան հանձնման ենթակա չէ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**