Գլխավոր դատախազի ասուլիսի նրբերանգները

Գլխավոր դատախազի ասուլիսի նրբերանգները
ՀՀ գլխավոր դատախազ **Արթուր Դավթյանը** երեկ որոշել էր լրագրողների հետ հանդիպել եւ պատասխանել մեր հարցերին, բայց այնպես ստացվեց, որ կոլեգիայի նիստից առաջ մեկ ժամ լրագրողներին հատկացրած դատախազը վիճակագրություն ներկայացրեց, իսկ հարցերին պատասխանելու ժամանակ գրեթե չմնաց։ Մեզ թվաց, թե ասուլիս հրավիրելու առիթը միջգերատեսչական լարվածությունն է։ Նա փորձեց ներկայացնել, թե ինչպես են իրենք աշխատում, ինչ տարատեսակ քայլեր են ձեռնարկում, այդ թվում՝ աղմկահարույց հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, որ հարցականներ չմնան, թե ինչպես է ստացվում, որ դատախազությունը հսկում է նախաքննությունը, սակայն մեկ տարի անց պարզվում է, որ սխալ ուղղությամբ է քննությունը գնացել, եւ Քննչական կոմիտեում աշխատող քննիչներ են ձերբակալվում՝ կաշառք վերցնելու համար։



Իսկ ո՞ւր էր դատախազությունը մեկ տարի շարունակ, ինչո՞ւ պատշաճ վերահսկողություն չէր իրականացնում, նո՞ր նկատեցին, որ Վահագն Աբգարյանին «ջրից չոր» են դուրս բերել, Լոռու մարզի քննչականում կոռումպացված պաշտոնյաներ կան։ Կարո՞ղ է միջգերատեսչական պայքար կա, եւ սա լավ առիթ է՝ քննչականին ցույց տալու, որ դատախազությունն է «ասողը»։ Նկատենք, որ դատախազություն-Քննչական կոմիտե- ոստիկանություն-ԱԱԾ միջգերատեսչական հակասություններ, լարվածություն միշտ են եղել, հատկապես նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի օրոք։ Դավթյանը կարծես ավելի «փափուկ» մարդ է եւ փորձում է կառուցողական հարաբերություններ հաստատել ոլորտի «գայլերի»՝ Աղվան Հովսեփյանի, Վովա Գասպարյանի, Վահրամ Շահինյանի, Գեորգի Կուտոյանի կառույցների հետ։



«Բացահայտումների փաստն ինքնին արդեն դրական է։ Եթե դրանք նախկինում չեն բացահայտվել, ես դրանք որեւէ մեկի շահագրգռության արդյունքում չբացահայտվելու մասին դրական պատասխան կարող եմ տալ միայն համապատասխան բացահայտված դեպքով։ Էս պահի դրությամբ, դարձյալ չխախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, կարող եմ ասել, որ Լոռու մարզում կատարված այդ սպանության դեպքի հանգամանքները լիարժեք չբացահայտելու համար մեղադրվող պաշտոնատար անձ ունենք։ Մնացած բոլոր դեպքերի ուղղությամբ կրկին անգամ Ձեզ վստահեցնում եմ՝ հետեւողականությունը միանշանակ է։ Ձեր կողմից հաճախակի օգտագործվող բառը՝ կամքը, միանշանակ է։ Թե որքանով դրանում արդյունքներ կունենանք, դա մեր տեխնիկական հնարավորությունների, մեր կադրային համապատասխան մասնագիտական պատրաստվածության արդյունք է»,- ասաց դատախազը։



Դիտարկմանը, թե միջգերատեսչական լարվածության խնդիր կա՞, արդյոք, Արթուր Դավթյանն ասաց․ «Բացարձակ միջգերատեսչական լարվածության մասին խոսք լինել չի կարող, ես վստահ եմ, որ նույն հիմնարկի ղեկավարը, որտեղ կատարվում է բացահայտում, ինքը եւս դրանից պետք է ոգեւորություն ունենա, որովհետեւ այսպիսի քայլերը թիրախավորված մոտեցում են կոնկրետ հնարավոր ենթադրյալ հանցագործություն կատարող պաշտոնատար անձի նկատմամբ»։



Արթուր Դավթյանին հիշեցրինք նաեւ քաղաքացիական դատավարության արդեն իսկ ընդունված օրենսգրքի այն խնդրահարույց դրույթի մասին, որով 100 հազար դրամ դատական սանկցիա է նախատեսվում դատախազների ու փաստաբանների նկատմամբ, եթե անհարգալից վերաբերմունք ցուցաբերեն դատարանի նկատմամբ։ Այս դրույթի դեմ բողոքի ակցիաներ են սկսել փաստաբանները, մինչդեռ օրենքի մյուս «շահառուն» հավասարապես նաեւ դատախազներն են։ Դավթյանն ասաց, որ իրենք այս նախագծին բացասական կարծիք են տվել, բայց ըմբռնումով են մոտենում, հետեւաբար՝ բողոքի ակցիաներ չեն անի։ «Իհարկե, մենք որեւէ բողոքի ակցիա չենք անի, ես մեծ խնդիր դրանում դատախազական համակարգի հետ չեմ տեսնում, որովհետեւ ես չունեմ այնպիսի դժգոհություններ դատախազի՝ դատարանում վարքագծի վերաբերյալ, որ բացատրեմ, որ դա էական բացասական հետեւանքներ կունենա։ Հետեւաբար, մենք սրան վերաբերվում ենք լիարժեք ըմբռնումով»,- ասաց գլխավոր դատախազը։



Հանդիպմանը չշրջանցվեց նաեւ Մարտի 1-ի թեման։ Բայց դատախազն այն պրոֆեսիոնալ կերպով «ջրեց»՝ չհստակեցնելով՝ տասը տարի անց «սայլը տեղից շարժվե՞լ է», թե՞ ոչ։ «Այո, այս քրեական գործն առաջնահերթություն է ցանկացած պատասխանատուի համար, որովհետեւ մեր երկրի համար սա բացառիկ նշանակություն ունի։ Այս քրեական գործի վարույթը կասեցված չէ, կարճում գնալու որեւէ միտում չունի այս պահի դրությամբ, եւ իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ։ Երբ որ ես հանրությանը զեկուցելու առիթ ունենամ, օրինակ՝ ունենանք այնպիսի իրավիճակ, երբ որեւէ անձի դատի տալու խնդիր ունենք, որեւէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինենք, բավարար ապացույցների համակցությամբ, բնականաբար, դա կիրացվի։ Այս պահի դրությամբ գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ։ Որոշակի արդյունքների, ձեռքբերումների մասին անպայման կապահովվի համապատասխան հրապարակայնություն»,- ասաց Դավթյանը՝ հիշեցնելով Մարտի 1-ի քրեական գործի բարդության մասին։ Փաստորեն, 10 տարի է՝ «բազմածավալ քննչական գործողությունները» որեւէ արդյունք չեն տալիս։ Այսինքն՝ կա՛մ քննչական մարմիններն ու դատախազությունը պրոֆեսիոնալ չեն, կա՛մ քաղաքական կամքն է բացակայում։



**ՀԳ․** _Ի դեպ, Արթուր Դավթյանը, ներկայացնելով հանցագործությունների դինամիկան, մի ուշագրավ միտք հայտնեց․ «Տարիներ շարունակ, գաղտնիք չէ, որ հանցագործությունների հաշվառման համար պատասխանատու պետական մարմիններում գործելաոճ է եղել երբեմն թաքցնել հանցագործություններն առանձին, դրանք չհաշվառել։ Սրանց պատշաճ արձագանքն ապահովվել է։ ՀՔԾ վարույթում քննված բազմաթիվ քրեական գործերով քրեական հետապնդումներ են իրականացվել, դատի են տրվել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հանցագործություններ թաքցնելու գործողություններ են իրականացրել»։ Իր խոսքում փաստացի մեղադրելով ոստիկանությանը՝ հանցագործություններ թաքցնելու մեջ, Դավթյանը նաեւ դրվատեց իրենց աշխատանքը․ «Այս առումով 2017 թ․ ընթացքում դատախազական հսկողության տվյալները, մասնավորապես, մենք հսկողություն ենք իրականացնում ամենօրյա, իսկ պարտադիր՝ ամենամսյա հանցագործությունների հաշվառման գործընթացի նկատմամբ, եւ մեզ համար արդեն պատկերը պարզ է, ՀՀ ոստիկանության ղեկավարությունը եւս հետեւողականություն է ապահովել, եւ այս առումով մենք ունենք հանցագործությունների հաշվառման էական բարելավում»։_



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**