Ատելությունը կուրացրել է որոշ փաստաբանների

Ատելությունը կուրացրել է որոշ փաստաբանների
Թեեւ Փաստաբանների պալատի աջակցությամբ փաստաբանները գործադուլ էին հայտարարել, սակայն փաստաբանների նախաձեռնող խմբի անդամներից մի քանիսը, ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Տիգրան Աթանեսյանը, երեկ գնացել էին դատարան:



Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունեցող **Տիգրան Աթանեսյանը** թեեւ պաշտոնապես չէր միացել նրա կազմակերպած գործադուլին, բայցեւ, որպես փաստաբան, չէր կարող իրեն թույլ տալ երեկ եւ երեկ չէ առաջին օրը գնալ դատարան: Մանավանդ, որ առաջիններից մեկն էր, ով դեմ էր խոսում փաստաբանի նկատմամբ 100 հազար դրամ տուգանք սահմանելու մասին դրույթին:



Նա զոհրաբյանական խմբի անդամներին դատարանի մատույցներում ու նաեւ շենքի ներսում տեսնելուց հետո եւս մեկ անգամ համոզվել է, որ գործադուլի նախաձեռնող խմբում կան մարդիկ, որոնց հետ ոչ միայն չարժե որեւէ համատեղ քայլ կատարել, այլ նաեւ, ժողովրդի ասած՝ «մատաղ ուտել»: Թե ովքեր են «գործադուլի» մեջ գտնվող նախաձեռնող խմբի անդամները, որոնք գնացել են աշխատանքի, Տիգրան Աթանեսյանը չի հայտնում:



«Ո՞նց կարող եմ ինձ նման բան թույլ տալ, դա գեղեցիկ չէ, դա իրենք կարող են անել, բայց վստահ եղեք, որ առնվազն 2 հոգու տեսել եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Աթանեսյանը: Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի ղեկավարը Սիմոն Բաբայանն է, խմբում են՝ Կարեն Մեժլումյանը, Սեդրակ Ասատրյանը, Հարություն Հարությունյանը, Արա Ղազարյանը, Նելլի Հարությունյանը, Մելանյա Առուստամյանը, Տիգրան Խուրշուդյանը, Տարոն Սիմոնյանը, Հրանտ Անանյանը, Կարեն Սարդարյանը, Կարապետ Աղաջանյանը, Գեւորգ Մկրտչյանը, Արսեն Մկրտչյանը, Անուշ Մխիթարյանը, Մարինե Ֆարմանյանը, Արտաշես Խալաթյանը, Սյուզաննա Խչեյանը, Թամարա Բաղդասարյանը, Մերի Ալավերդյանը:



Ինչ վերաբերում է հարցին, թե ինքն ինչպես էր հայտնվել դատարանում՝ փաստաբան Արթուր Գրիգորյանի հետ միասին, ապա Տիգրան Աթանեսյանը վարչական դատարանում մասնակցել է նիստին՝ որպես հայցվոր: Քննվում էր իրենց՝ պալատի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու մասին հայցը: Մյուս կողմից՝ նա ասում է, որ այս հանգամանքներում իրեն վերապահում է բարոյական իրավունք՝ ներկա լինելու այն նիստերին, որոնց գնալը համարում է անհրաժեշտ:



Փաստաբանի նկատմամբ 100 հազար դրամ սանկցիա կիրառելու դրույթը, հիշեցնենք, օրերս հանվեց Դատական օրենսգրքից, սակայն մնացել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ինչը փաստաբանները համարում են ուղղակի ծաղր: Արա Զոհրաբյանն էլ այս հարցում համամիտ է մյուս թեւի փաստաբանների հետ ու դրանից հետո էլ պալատում թեմային առնչվող քննարկումներ էր անում: Սրան զուգահեռ, աղմուկ բարձրացրեց լուսանկարը, որն արել էր հակառակորդ թիմից Լուսինե Սահակյանը՝ արձանագրելով, որ Զոհրաբյանի ավտոմեքենան ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ կայանված է: Իհարկե, ավելի ուշ Փաստաբանների պալատը հայտարարեց, որ նման հանդիպումներ նախաձեռնվելու են բոլոր քաղաքական ուժերի հետ:



«Եթե գնացել է ՀՀԿ, ինչո՞ւ չի ասում՝ ում հետ է հանդիպել, ինչ օրակարգով: Այսինքն՝ այդ գաղտնի հանդիպումների իմաստը ո՞րն է, եթե ասում է, որ պալատի անունից է գնացել»,- հարցնում է Տիգրան Աթանեսյանը:



Նրա համոզմամբ՝ այն ամենը, ինչ նախաձեռնել է Արա Զոհրաբյանը, ոչ թե գործադուլ է, այլ հանձնարարված գործողություններ են, որոնց իրական նպատակը որեւէ կապ չունի գործադուլի հրապարակված նպատակների հետ, եւ այն հրահանգավորված է այլ մարդկանց կողմից: «Սա ուղղակի խամաճիկային խաղ է, որին անձամբ, իհարկե, թույլ չեմ տա մասնակցել»,- հավելեց դավադրությունների տեսությամբ առաջնորդվող փաստաբանը, ով չի հավատում, որ պալատի ղեկավարության մեջ կա մեկը, ով ինքնուրույն որոշումներ է կայացնում:



Բայց թե ինչի համար, ինչ սցենարով, ինչ տիպի խաղեր են գնում, Աթանեսյանը չի կարող ասել եւ չի էլ ուզում իմանալ: Ինչ վերաբերում է հարցին, թե Արա Զոհրաբյանին ինչ է պետք, ինչու է նա այսպես հետեւողականորեն պայքարում օրենքի այս դրույթի դեմ, Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ պատճառը ֆինանս եւ կարիերա ունենալն է։ Թեեւ լավատեղյակներն ասում են, որ մինչեւ ՓՊ նախագահ դառնալն էլ Արա Զոհրաբյանն ամենաբարձր վարձատրվող փաստաբանների թվին էր պատկանում եւ վատ կարիերա չէր անում իր «Զոհրաբյան եւ ընկերներ» գրասենյակով։



**Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ**