Ո՞րն է առաջին փոխվարչապետի հիմնական «հմայքը»

Ո՞րն է առաջին փոխվարչապետի հիմնական «հմայքը»
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախորդ շաբաթ կառավարության նիստում անցկացրեց մի նախագիծ, որով ամրագրվեց առաջին փոխվարչապետի պաշտոնը Հայաստանում։ Այսինքն՝ ապագա վարչապետը կունենա երեք փոխվարչապետներ, որոնցից մեկը՝ առաջին փոխվարչապետի կարգավիճակով։ Սրա «էֆեկտն» այն է, որ վարչապետի բացակայության դեպքում առաջին փոխվարչապետը կվարի կառավարության նիստերը։ Արդեն իսկ պարզ է, որ այս պաշտոնն արհեստածին է եւ հատուկ ստեղծվել է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար՝ որպես փոխհատուցում այն բանի, որ նա վարչապետի աթոռն ապրիլին ստիպված է լինելու զիջել Սերժ Սարգսյանին։ Թե էլ ինչ ֆունկցիաներ է ունենալու առաջին փոխվարչապետը՝ նիստերը վարելու արտոնությունից զատ, հետաքրքրվեցինք արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից։



**- Պարոն Հարությունյան, առաջին փոխվարչապետն աշխատակազմ ունենալո՞ւ է։**



Բանն այն է, որ թե՛ առաջին փոխվարչապետի, թե՛ մյուս փոխվարչապետների նպատակն է՝ աջակցել վարչապետին։ Այնպես որ, մեկ միասնական աշխատակազմն է, որ սպասարկելու է իրենց։ Վարչապետի աշխատակազմն ունենալու է բազում խնդիրներ լուծելու, մասամբ այդ խնդիրները վերաբերելու են վարչապետի ենթակա մարմիններին, օրինակի համար՝ կադրային հարցերով զբաղվելուն, հաշվապահությամբ եւ այլն։ Վարչապետի աշխատակազմը կունենա ենթաբաժիններ, որոնք սպասարկում են այս կամ այն փոխվարչապետին, կունենա բաժիններ, որոնք այսօր սպասարկում էին կառավարությանը։



**- Իսկ վարչապետի հիմնական լիազորությունները որո՞նք են լինելու, առաջին փոխվարչապետը մյուսների համեմատ ի՞նչ առավելություն է ունենալու։**



«Առաջին փոխվարչապետ» տերմինաբանությունը մտցված է ընդամենը մեկ նկատառումով, որ մենք օրենքով սահմանել ենք, որ ստանդարտ պարագայում վարչապետի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին փոխվարչապետը։ Իսկ լիազորությունների բաշխումը, թե որ փոխվարչապետը որ ոլորտն է համակարգելու, դա արդեն կանի վարչապետը։



**- Հնարավո՞ր է, որ ապագա կառավարության կազմում տնտեսական բլոկը ղեկավարի առաջին փոխվարչապետը։**



Ամեն ինչ էլ հնարավոր է։



**- Իսկ ի՞նչ է սպասվում առընթեր մարմիններին, որը որտեղ է տեղաբաշխվելու։**



Մենք նախեւառաջ տարանջատում ենք հարցերը, թե որ պարագայում մարմինը պետք է ենթարկվի կառավարությանը, որ պարագայում մարմինը պետք է ենթարկվի նախարարությանը կամ վարչապետին։ Եթե խոսքը վերաբերում է նախարարությանը ենթակա մարմիններին, ապա այս պարագայում որոշումը կկայացնի արդեն հետագայում կառավարությունը։ Եթե խոսքը վերաբերում է կառավարության ենթակա մարմիններին, ապա դրանք օրենքով սահմանվում են շատ հստակ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**