Կարեւոր նստաշրջան է սպասվում

Կարեւոր նստաշրջան է սպասվում
Հունվարի 22-26-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որն առանձնահատուկ է լինելու մի շարք պատճառներով։ Ձմեռային նստաշրջանի երրորդ օրը՝ հունվարի 24-ին, ելույթ կունենա ՀՀ նախագահը։ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգ էր այցելել ու ԵԽԽՎ-ում ելույթ ունեցել 2013թ. հոկտեմբերին, երբ Հայաստանը նախագահում էր ԵԽ նախարարների կոմիտեում: Հենց այդ ընթացքում էր, որ ԵԽԽՎ ամբիոնից Սերժ Սարգսյանին ուղղվեց կազինոների մասին հայտնի հարցը, որը պատրաստել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր պատվիրակ Զարուհի Փոստանջյանը։ Առաջիկա նիստի ընթացքում, իհարկե, Սերժ Սարգսյանին նման տհաճ անակնկալ չի սպասվում, քանի որ ներկայիս պատվիրակության կազմում «զարուհիփոստանջյաններ չկան, իսկ ընդդիմադիր «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը հիմնական կազմում ընդգրկված չէ ու գուցեեւ հարց տալու իրավունք էլ չունենա, սակայն սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանն ապահովագրված է լինելու տհաճ միջադեպերից։



Տեղեկություններ կան, որ ստրասբուրգահայությունն է պատրաստվում բողոքի ակցիա կազմակերպել, քանի որ նախորդ այցի ժամանակ Սերժ Սարգսյանը եվրոպական բարձր ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանը «կանաչ գոտի» է, եւ ոչ մի խնդիր չկա մեր երկրում, ինչը բարդացրել է մեր հայրենակիցների՝ օտար ափերում ապաստան ստանալու խնդիրը։ Ծանր աշխատանքային նստաշրջան է սպասվում նաեւ հայկական պատվիրակությանը, որի մի մասն արդեն Ստրասբուրգում է, նախապատրաստական աշխատանքներ է կատարում։ Ի դեպ, պատվիրակության հետ Եվրոպա են մեկնում մեծ թվով ուղեկցող անձինք՝ օգնականներ, լրագրողներ։ Բնականաբար՝ բոլորը պետության հաշվին։



ԵԽԽՎ-ն այս նստաշրջանում պետք է ընտրի նոր նախագահ, մարդու իրավունքների նոր հանձնակատար, ինչպես նաեւ ՄԻԵԴ դատավոր: Վեհաժողովում ելույթով հանդես կգա նաեւ Դանիայի արքայադուստր Մերին, Դանիայի ԱԳ նախարարը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող, ինչպես նաեւ Դանիայի վարչապետն ու Ավստրիայի նախագահը: