Մեռած է այն ազգը, որը հնազանդությունից բացի ոչինչ չունի

Մեռած է այն ազգը, որը հնազանդությունից բացի ոչինչ չունի

Մեզ հնազանդություն, ստրկություն, սեփական իրավունքները անտեսել  են սովորեցնում ու փորձում համոզել, որ դա խաղաղություն է։ Սա է մեր իշխանության քարոզչությունը, որը հանդես է գալիս պետության անունից։ Մեր ազգը ոգի ուներ, որը նրա զրահն էր։ Մեր ազգը պայքարող, միասնական էր։ Այսօր ականատես ենք լինում, որ անգամ հայրենիք կորցնելն ազգը հնազանդորեն է ընդունում, որովհետև կորցրել է իր ոգին, հաղթանակները և միայն պարտության դեղահաբեր է վերջին տարիներին կլլում։  Բայց պատմությունը վաղուց ապացուցել է այն ճշմարտությունը,  որ մեռած է այն ազգը, որը հնազանդությունից բացի ոչինչ չունի։

Մեռած է այն ազգը, երբ խփում են նրա սրտին, ու նա ձայն չի հանում։ Մեռած է այն ազգը, երբ չի վճարում խայտառակության,  նսեմացման դիմաց։ Մեռած է այն ազգը, երբ իրենից մի քայլ հեռու կատարող իրադարձություններով չի մտահոգվում և չի հասկանում, որ մի քիչ հեռուն մոտենում է իրեն։ Ես թվարկում եմ պատմական ճշմարտություններ։ Կորցրինք Արցախը, խփեցին մեր սրտին, ձայն չենք հանում, հնազանդ ենք։ Արցախը հայաթափվեց, Բանակը լուծարվեց, հնազանդ ենք։ 44- օրյա պատերազմում տասնյակ հազարավոր զոհեր, հաշմանդամներ ունեցանք, հնազանդ ենք։ Կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրվեց, հնազանդ ենք։ Հայաստանից տարածքներ, մարտավարական դիրքեր  հանձնվեցին, հնազանդ ենք։

Նոր տարածքներ են ուզում, հնազանդ ենք, մեր Սահմանադրությունն են ուզում փոխել, հնազանդ ենք, Հայոց պատմությունն են փոխում, հնազանդ ենք։ Մեր ազգային հերոսներին են նսեմացնում, հնազանդ ենք։ Թշնամին մտնում, մեր տանը մարդ է սպանում, հնազանդ ենք, մեր գերբն են փոխում, հնազանդ ենք, օրհներգն են փոխում, հնազանդ ենք․․․ Կիլոմետրերով կարողեմ գրել մեր հնազանդության մասին, որը մի մարդ, ընդամենը մի մարդ, որին 2018-ից առաջ ճանաչում էինք որպես դեղին մամուլի լրագրող, կարողացավ այդ բառը ներկայացնել որպես խաղաղություն։ Այդ մի մարդը տեսեք այս 6 տարիների ընթացքում ինչքա՜ն հնազանդության դասեր է տվել։ Թշնամին խփում է, մի պատասխանիր, հետ քաշվիր։ Թշնամին տարածքդ է ուզում, հետ քաշվիր, տու՛ր, տու՛ ր, տու՛ր․․․ Անգամ ինքն է զարմանում՝ մինչև ո՞ր կետը տամ։ Դա անկամ մարդու բարձրաձայն մտորում է, որը մի պատասխան ունի՝ մինչև քո տունը։ Այդպես էլ անելու է, որովհետև ինքը մեռցրեց այն ազգին, որի սրտին խփում են ու ձայն չի հանում։ Նորից եմ հիշեցնում պատմական ճշմարտությունը՝ մեռած է այն ազգը, որը հնազանդությունից բացի ոչինչ չունի։ Առավել ևս վտանգված է այն ազգը, ում հնազանդությունը, ստրկությունը ներկայացնում է որպես խաղաղություն։