«Հրապարակ». «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գրեթե գաղտնի է մշակվում

«Հրապարակ». «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գրեթե գաղտնի է մշակվում
«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գրեթե գաղտնի է մշակվում, անգամ իրավաբանական կորիֆեյներն են պնդում` «չենք տեսել, չենք լսել, չգիտենք»: Այնուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ օրենքի նախագծի վրա բավականին ակտիվ աշխատում են․ արդարադատության նախարարությունը կառավարության հետ համաձայնեցված մշակում է, սակայն այդ մասին չեն բարձրաձայնում՝ հորդորում են մինչեւ հունվար սպասել:



Կառավարության մեր աղբյուրի պնդմամբ` հունվարյան նստաշրջաններից մեկում այն արդեն կլինի ԱԺ օրակարգում, ինչը նույնպես հարցականի տակ է, որովհետեւ պառլամենտի աշխատանքները կմեկնարկեն հունվարի 15-ին, կկայանա ընդամենը մեկ քառօրյա, եւ «կառավարության կառուցվածքը», ըստ ամենայնի, կմնա չքննարկված մինչեւ փետրվար: Օրենքի չհրապարակայնացման-ձգձգման պատճառը մեկն է՝ ուժային-առընթեր մարմինների «դիսլակացիան», որով էլ որոշվելու է, թե ով է ապագա վարչապետը, եւ քանի որ այդ առնչությամբ Սերժ Սարգսյանն ասել է` «կտեսնենք», օրենքը դեռ «մեյդան» չի հանվում:



Հիշեցնենք, որ քննարկվում է նաեւ ուժայիններին հատուկ կարգավիճակ տալու եւ ոչ վարչապետի ենթակայության տակ դնելու հարցը։ Եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը հանկարծ որոշի չզբաղեցնել վարչապետի պաշտոնը։