Առողջապահության խնդիրների մասին «պատմում են» նախարարի «չինական պատն» ու ճմրթած թղթերը (տեսանյութ, ֆոտոշարք)

Առողջապահության խնդիրների մասին «պատմում են» նախարարի «չինական պատն» ու ճմրթած թղթերը (տեսանյութ, ֆոտոշարք)
Նախորդ շաբաթ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ ունեցած սեմինար-քննարկման ժամանակ **Hraparak.am**-ը հետաքրքրվել էր, թե որոնք են իր 5 առաջնահերթությունները, որոնք նախանշել է որպես նախարար և այժմ զբաղվում է դրանց լուծման ուղղությամբ։ Լևոն Ալթունյանը չասաց, թե ինչ առաջնահերթություններ է առանձնացրել ինքը նախարար նշանակվելուց հետո, փոխարենը մեզ հրավիրեց իր աշխատասենյակ՝ ցույց տալու այն պատը, որի վրա գծագրերով նշված ծրագրերն են, որոնք հերթով իրականացնում են։ Պատը կազմվել է նախարար նշանակվելուց մոտ մեկ տարի անց։ Ալթունյանի այս պատը ավելի շատ «չինական պատ» է հիշեցնում, որի վրա կողք կողքի փակցված են սպիտակ թղթեր, դրանց վրա՝ գրաֆիկական պատկերներ։



Նախարարը բացատրում է՝ որտեղ որ կապույտ է, նշանակում է՝ այդ ծրագիրն ավարտվել է։ Ի դեպ, գունագեղ գծագրումներով այս թղթերի մեջ կար նաև մի թուղթ, որը ճմռթած էր։ Սա «խորհրդանշում էր» Լևոն Ալթունյանի զայրույթն ո անհամաձայնությունը կոնկրետ հարցերի, ծրագրերի իրականացման շուրջ, որոնք իր սրտով չեն եկել, եւ նախարարը բարկացել է, ճմռթել թուղթը։ Այդ պրոցեսն էլ, ինչպես ինքը խոստովանեց, երբեմն ուղեկցվել է որոշակի գնահատականներով ու որակումներով։ Թե ովքեր են ընկել ամեն ինչին թեթև նայող նախարարի «դռբի» տակ՝ Ալթունյանը չասաց։ Բայց ճմռթած թղթերը փակցրել էր՝ որպես այդ ամենի ապացույց։



Նախարարի խոսքով՝ պատին փակցված ծրագրերը մի քանի տասնյակ են։ Հարցրինք նրան՝ այս թղթերից ո՞ր մեկն է «պատասխանատու» առողջապահական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Ալթունյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ այդպիսի կոնկրետ թուղթ չկա, որը «պայքարում է» կոռուպցիայի դեմ, այլ կան թղթեր, որոնց վրա նշված են տարբեր պունկտեր, որոնցով էլ փորձում են իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարը։ Ի դեպ, նկատեցինք, որ «չինական պատը» սկսվում է նախարարի կաբինետի դռան կողքից, որտեղ փոքր ներկառուցված պահարան կա։ Այստեղ մեր ուշադրությունը գրավեց գրքային դիզայնով մի ժամացույց։ Ալթունյանն ասաց, որ ժամացույցն իր մտահղացումը չէ, իրեն «ժառանգություն» է մնացել նախորդ նախարարից։ Կաբինետում գրեթե ամեն ինչ է նախորդներից մնացել՝ Ալթունյանը ոչինչ չի փոխել կամ ավելացրել իր ճաշակով, միայն իր հանգստի սենյակում մարզասարք է ավելացրել ու վերջ՝ որպես առողջ ապրելակերպի ապահովման միջոց։



Ի դեպ, Ալթունյանի համար առողջ ապրելակերպը սկսվում է հատուկ աշխարհագրական դիետայով և ավարտվում չծխելով։ Նա կարծում է, որ այդպիսով հնարավոր է ունենալ առողջ սերունդ։ Ըստ այդմ էլ՝ բժիշկներից ու ոլորտից բողոքելու կարիք, փաստորեն, չի լինի։ Բայց քանի որ մեր ազգն այդքան էլ ռոմանտիկ ու անհոգ չէ, ծխելուց էլ չի պատրաստվում հրաժարվել, առողջապահության նախարարը ծխելու դեմ պայքարին զուգահեռ, որն իր արդյունավետությամբ Հայաստանում մի տեսակ կոռուպցիայի դեմ պայքարին է նմանվում, ստիպված է զբաղվել նաև ոլորտի խնդիրների լուծմամբ, որի ապացույցն էլ այս պատն է։ Իսկ որո՞նք են խնդիրների փաստացի լուծման ապացույցները, որոնց հարցում հասարակությունը, իր դառը փորձից ելնելով, թերահավատ է։



Օրինակ՝ այս պատին փակցված ծրագրերից կա՞ որևէ մեկը, որ եթե ոչ 100 տոկոսով, ապա գոնե մեծ մասամբ ավարտվել է, և հասարակությունը դրա արդյունքն արդեն գործնականում տեսնում է։ Ալթունյանը նախ ասաց, որ դեռ չկա այդպիսի ծրագիր, որն ավարտվել է։ Ապա վերցրեց այդ թղթերից մեկը, որը Համաշխարհային բանկի ԾԻԳ-ի օրացույցն էր, որում նշված էր երեք պրոյեկտ և որի վրա ամենաշատն էր կապույտը, սկսեց հերթով կարդալ․ «Ավարտված է 2017-ի ընթացքում Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի վերակառուցման շինարարական աշխատանքները՝ 496 մլն 500 հազար դրամի գումարային համարժեքով։ Մյուսը՝ 2017 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի Սևան ԲԿ-ի հիվանդանոցային մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները՝ 341 մլն դրամի համարժեքով։ Մյուսը՝ ՀՀ ԱՆ հանձնարարականներով ենթակա հիմնարկների և կառույցների ամբողջական կամ մասնակի վերանորոգման և հնարավոր արդիականացմանն ուղղված և այլն, և այլն»։



Այս ծրագրերի կատարման ընթացքը, ըստ նախարարի, ամեն շաբաթ զեկուցում է կոնկրետ պատասխանատուն։ Իսկ ե՞րբ կզգա քաղաքացին այս բոլոր ծրագրերի գոնե մի մասի գործնական էֆեկտը։ «Ես կարծում եմ՝ արդեն զգում է։ Արդեն մեր 1000 հայրենակից բուժվել է հեպատիտ C-ից, արդեն մոտավորապես 1000 հոգի վիրահատել են կատարախտներն անվճար, ընդ որում՝ այն 1000 հոգին, որոնք առաջ ընդհանրապես պետպատվերի հույս չունեին։ Այդ ծրագրերի ցանկը կարելի է շարունակել»,-ասաց Ալթունյանը։ Առողջապահության նախարարի ամենախոշոր և ամենածանր պրոյեկտը, սակայն, ապահովագրական փաթեթի ներդրումն է, որի մասին ամեն առիթով խոսում ու խոստանում է՝ նշելով, որ մտադիր է 2018-ի ապրիլին առայժմ 612 հազար քաղաքացիների, հետո նաև ողջ բնակչության համար ներդնել բժշկական ապահովագրության ինստիտուտը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**