Ծնողը պետք է հետևեր, դպրոցը պետք է հետևեր․ նախարարը՝ Հրազդանի քաղաքապետի որդու մասին

Ծնողը պետք է հետևեր, դպրոցը պետք է հետևեր․ նախարարը՝ Հրազդանի քաղաքապետի որդու մասին

Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը խնդրում է չխառնել երկու տարբեր խնդիր՝ Հրազդանի քաղաքապետի որդուն առաջադիմության համար ոսկե մեդալի արժանացնելն ու նույն մարդու կատարած վրաերթը, որի հետևանքով մարդ էր մահացել։



Հիշեցնենք, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, ամիսներ առաջ հոր ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, որը մահացել էր։ Սեպտեմբերի 1-ին նա ԿԳ նախարարի և հանրապետության նախագահի կողմից արժանացավ ոսկե մեդալի։



Նախարարը պնդում է, որ Ռազմիկը մեդալի արաժանացել է 12 տարվա առաջադիմության, գիտելիքի համար։



Hraparak.am-ի հարցրեց՝ առնվազն բարոյակա՞ն է ոսկե մեդալով պարգևատրել մեկին, ով ամիսներ առաջ օրենք է խախտել և մարդու մահվան պատճառ դարձել։



«Ինչի՞ համար ենք պարգևատրել ոսկե մեդալով։ Եկեք մի քանի բան հասկանանք։ Խոսքը վերաբերում է երիտասարդին, անկախ նրանից՝ պաշտոնյայի երեխա է, թե պաշտոնյայի երեխա չէ, դեպքը եղել է, չի եղել, ինքը ստանում է ոսկե մեդալն իր աշխատանքի հիման վրա։ Ես հետաքրքրվել եմ, իսկապես լավ սովորող երիտասարդ է։ Հիմա, եթե եղել է դժբախտ դեպքը, ի՞նչ հիմքով իր ուսման, գիտելիքի համար նախատեսված պարգևն իրեն պիտի չտրվեր։ Եկեք պայմանավորվենք՝ որևէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալ ստանալու»,-ասաց Լևոն Մկրտչյանը՝ նշելով, որ մարդը կարող է ազատազրկված լինել, բայց արժանանալ պարգևի։



Նախարարը կարծում է, որ պաշտոնյաների երեխաները նույն ձևի երեխաներ են, ինչպես մյուս բոլոր երեխաները, և եթե նրա հոր պաշտոնը դեր խաղացած լինի այս հարցում, ուրեմն այդտեղ պետք է մեղադրվի դպրոցը, տնօրինությունը։



-Մի հստակ հարց։ Այդ անչափահաս երեխային դպրոցում սովորեցրե՞լ են, որ չի կարելի վարել ուրիշի ավտոմեքենան՝ այն էլ առանց վարորդական իրավունքի։



-Վստահաբար։



-Հետևաբար ինքն առնվազն վարքի հետ կապված խնդիր է ունեցել, որ առանց իրավունքի վարել է ուրիշի ծառայողական ավտոմեքենան, որտեղ նաև հոր մեղքը կա, որ մեքենան տրամադրել է իր անչափահաս որդուն, ով չի իմացել կամ չեն սովորեցրել, որ չի կարելի օրենք խախտել։ Ենթադրաբար վարել է նաև բարձր արագությամբ, որ նման վրարերթ է կատարել։ Նման անձնավորությանն արժե՞ր ոսկե մեդալ շնորհել։



-Ոսկե մեդալը տրվում է առաջադիմության համար։ Դա կոչվում է գիտելիքի, առաջադիմության համար պարգև։ Հիմա այդ դաշտով բացված է քրեական գործ, եթե քրեական գործը հարուցված է, դա նշանակում է, որչ մեղքի պահն արդեն ֆքիսված է, հանցակազմը կա։ Իսկ ինքն այդ մեդալն ստացել է իր առաջադիմության համար։



-Բայց այդ առաջադիմությունը միայն պատմություն կամ մաթեմատիկա լավ իմանալով չի, տարբեր կոմպոնենտների համակցության արդյունքում պետք է լինի։ Գուցե ուսուցիչնե՞րը լավ չեն դաստիարակել նրան։



-Համաձայն եմ։ Էս հարցով դպրոցի հարցն է։



-Ուրեմն ուսուցչին զրկեք ինչ-որ բանից։



-Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք։ Ուսուցիչը 60 հազար է ստանում, զրկե՞նք էդ 60 հազարից։ Այո, Դուք հստակ, ճիշտ հարցարդում եք անում՝ անչափահասը, որը վարորդական իրավունք չունի, իրավունք չուներ մեքենա վարել։ Ծնողը պետք է հետևեր, դպրոցը պետք է հետևեր, էս բոլոր խնդիրները ընդունում եմ։ Բայց ինչու՞ ենք սա կապում մյուս խնդիրների հետ։ Նա առաջադիմության համար է մեդալը ստացել։ Ես կկարողանամ ասել, որ տվյալ պահին, երբ որ խոսում ես անչափահասի մասին, ավելի շատ մեղավորությունը նրանցն է, ովքեր թույլատրել են այդ իրավիճակը։



-Ովքե՞ր են նրանք։



-Ով որ եղել է՝ ծնող, դպրոց, ընտանիք։ Մեդալը նրա 12 տարվա աշխատանքի արդյունքն է։ Հիմա իրեն զրկում ենք մեդալից։ Հիմքը ո՞րն է։ Քրեական գործը պետք է հարուցվի, քրեական գործով պատիժ պիտի նախատեսվի, բոլորը՝ տնօրինությունից սկսած՝ մինչև ընտանիք, պետք է կատարեն իրենց համապատասխան հետևությունները… Խնդիրը երկրորդ հարցն է։ Երիտասարդը, որը կատարում է ոչ գիտակցական հանցանք, որի մեղավորներն ավելի շատ մեծերն են՝ մեքենա են տալիս, էս են անում և այլն։ Այդ հանցանքի համար նրա աշխատանքի արդյունքը՝ բոլորովին այլ բնագավառում, մենք պետք է վերցնենք ու ․․․



-Բայց նրա հայրը չպատժվեց։ Անգամ աշխատանքից չազատվեց։ Նորմալ դեմոկրատական երկրներում հայրը վաղուց հրաժարական տված կլիներ։



-Դա արդեն իմ ուղղությամբ չէ հարցը։



-Դուք ասում եք՝ առաջադիմության համար է ստացել մեդալը, բայց այդ առաջադիմությամբ աչքի ընկած երիտասարդը ամենակարևոր գիտելիքը, որ պետք է օրենքը չխախտել, լինել օրինապաշտ քաղաքացի, չի յուրացրել դպրոցում։



-Այսինքն՝ մեր բոլոր երիտասարդները, ամեն տարի 35 հազար հոգի, բոլորն էդ գիտելիքն ունե՞ն, օրենքը պահու՞մ են։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ