Լևոն Մկրտչյանը փորձում է արդարացնել անպատժելիությունը

Լևոն Մկրտչյանը փորձում է արդարացնել անպատժելիությունը

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ մոտ 30 րոպե ճգնում էր արդարացնել մի երեւույթ, որը նորմալ երկրներում, նորմալ մարդիկ երբեւէ չեն արդարացնում։ Խոսքը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն՝ դպրոցական Ռազմիկ Դանիելյանին ՀՀ նախագահի նստավայրում նախագահի կողմից ոսկե մեդալով պարգեւատրելու մասին է։ Մի կողմ թողնենք, թե նրա հայրն ինչ ճանապարհով, ինչ մեթոդներով է քաղաքապետ դարձել մի քանի անգամ, ինչպես է քաղաքը ղեկավարում եւ այլն։ Խնդիրն այն է, որ նրա անչափահաս որդին այս տարվա հունիսի 8-ին հոր ծառայողական Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի 58-ամյա մի բնակչի, ով մահացել էր։ Նա ստորագրությամբ ազատ է արձակվել, հայրը հրաժարական չի տվել։ Եվ չնայած Հանրապետականից ամիսներ առաջ ասում էին, թե այդ հարցը դառնալու է ՀՀԿ ղեկավար մարմնի քննության առարկան, բայց քննարկելու, հետեւություններ անելու, պատժելու փոխարեն, փաստորեն, պարգեւատրեցին։ Այս մասին մեր հրապարակումից հետո մեծ աղմուկ բարձրացավ, բայց կրկին ոչ մի մեկնաբանություն եւ արդարացում չհնչեց։ Ավելին՝ դպրոցի տնօրենը մի խայտառակ հարցազրույց տվեց՝ գովերգելով քաղաքապետի որդուն։



ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ բառի բուն իմաստով կրակն էր ընկել այս թեմայի ձեռքը, խնդրում էր առաջադիմությունը երեխայի կատարած արարքից տարանջատել՝ մեկը մյուսի հետ կապ չունի։ «Ես հետաքրքրվել եմ, իսկապես լավ սովորող երիտասարդ է։ Նա այդ մեդալին արժանացել է 12 տարվա առաջադիմության, գիտելիքի համար։ Հիմա, եթե եղել է դժբախտ դեպքը, ի՞նչ հիմքով իր ուսման, գիտելիքի համար նախատեսված պարգեւն իրեն պիտի չտրվեր։ Եկեք պայմանավորվենք՝ որեւէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալ ստանալու»,- կրկնում էր նախարարը՝ արդարացումներ որոնելով։
Նա համառորեն շրջանցում էր խնդրի բարոյական կողմը։ Փորձում էր անգամ իր օրինակով համոզել, որ պաշտոնյաների զավակներն էլ կարող են լավ սովորել եւ պարգեւների արժանանալ։ Օրինակ՝ իր հայրը համալսարանի ղեկավար կազմում է եղել, ինքն էլ՝ նույն համալսարանում լենինյան թոշակառու։ Բայց հարցը պաշտոնյայի զավակ լինելը չէ, այլ այն, որ ուղղիչ աշխատանքային գաղութ ուղարկելու փոխարեն նախագահական են հրավիրում, պարգեւատրում, հետն էլ լուսանկարվում ու տեղադրում նախագահականի կայքում։



Հարցրինք՝ անպատժելիության մեսիջ չկա՞ր այս պարգեւատրման մեջ, քանզի այդ լուրը հենց այդպես էլ ընկալվել է։ «Իսկ եթե պատժեինք եւ երեխային զրկեինք մեդալից, շատ ավելի մեծ հարված չէի՞նք հասցնի մեր հասարակությանը, որ մարդը կատարում է քրեական բնույթի խնդիր, եւ դու նրան պատժում ես այլ դաշտում՝ իր ուսումնառության դաշտում»,- հակադարձեց ԿԳ նախարարը։



Մի ուշագրավ բան եւս բացահայտեց Լեւոն Մկրտչյանը։ Երբ հարցրինք, թե Սերժ Սարգսյանն իմացե՞լ է, որ նա Հրազդանի քաղաքապետի որդին է, նախարարն ասաց․ «Չեմ կարծում, ընդհանուր ցանկով ենք ներկայացրել։ Այսինքն՝ ինչո՞ւ պիտի իմանա կամ չիմանա, չէ՞ որ առաջադիմության համար է դա»։ Ստացվում է՝ Սերժ Սարգսյանը չի իմացել, ինչը թերեւս անհավանական է։ Բայց այդ պարագայում ավելի վատ երեւույթ է ի հայտ գալիս՝ ուրեմն կրթության նախարարությունն ու նախարարն են այս «ճաշը եփել» եւ ՀՀ նախագահին դրել վատ վիճակում։ Դա կնշանակի, որ նախարարն ու նախարարության համապատասխան աշխատողը պետք է պատժվեն։



Լեւոն Մկրտչյանը, ամեն դեպքում, ընդունեց, որ Ռազմիկ Դանիելյանի գործած հանցանքում կա թե՛ դպրոցի եւ ուսուցիչների, թե՛ նրա ծնողների, այս դեպքում՝ նրա քաղաքապետ հոր մեղքը։ Ուսուցիչների, որ գուցե լավ չեն դաստիարակել իրենց աշակերտին, չեն սովորեցրել կարեւորը, որ պետք չէ օրենք խախտել, եւ հոր, որը թույլ է տվել իր անչափահաս որդուն առանց վարորդական իրավունք ունենալու օգտագործել իր ծառայողական մեքենան, անարգել վարել քաղաքում եւ մարդու մահվան պատճառ դառնալ։



«Այո, Դուք հստակ, ճիշտ հարցադրում եք անում՝ անչափահասը, որը վարորդական իրավունք չունի, իրավունք չուներ մեքենա վարել։ Ծնողը պետք է հետեւեր, դպրոցը պետք է հետեւեր, էս բոլոր խնդիրներն ընդունում եմ։ Բայց ինչո՞ւ ենք սա կապում մյուս խնդիրների հետ։ Նա առաջադիմության համար է մեդալն ստացել։ Ես կկարողանամ ասել, որ տվյալ պահին, երբ որ խոսում ես անչափահասի մասին, ավելի շատ մեղավորությունը նրանցն է, ովքեր թույլատրել են այդ իրավիճակը։ Քրեական գործը պետք է հարուցվի, քրեական գործով պատիժ պիտի նախատեսվի, բոլորը՝ տնօրինությունից սկսած՝ մինչեւ ընտանիք, պետք է կատարեն իրենց համապատասխան հետեւությունները»,- ասաց ԿԳ նախարարը։



ՀԳ․ Ի դեպ, երեկ մեր ընթերցողներից մեկը զանգահարել եւ խնդրում էր բարձրաձայնել իր առաջարկությունը եւ ամեն ինչ անել, որ այն իրականացվի․ «Եթե իրոք Հրազդանի քաղաքապետի որդին ոսկե մեդալակիր է, խնդրում եմ ընդամենը 2 առարկայից քննություն կազմակերպել՝ մաթեմատիկա եւ հայոց լեզու, ու քննությանը մասնակցելու, դիտարկելու իրավունք տալ լրագրողներին, հասարակայնության ներկայացուցիչներին։ Համոզված եմ՝ անմիջապես կբացահայտվի, որ ոչ միայն մարդ է գցել մեքենայի տակ ու սպանել, այդ մեդալն էլ է սարքովի ու փուչ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ