Պարտադիր չէ ամբիոնից կարկառուն բառեր ասեմ, մարդիկ էլ ծափ տան

Պարտադիր չէ ամբիոնից կարկառուն բառեր ասեմ, մարդիկ էլ ծափ տան

 



ՀՅԴ-ական պատգամավոր իջեւանցի 32-ամյա Սուրեն Մանուկյանը, որ նախկինում եղել է բանկի աշխատակից, ապա՝ Իջեւանի փոխքաղաքապետ, դրանից հետո էլ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն, նույնպես օգտվում է մարզային պատգամավորներին հատկացվող բնակարանների վարձերի 100 հազար դրամ ամսական փոխհատուցումից եւ չի պատրաստվում այս թեմայով բարձրացած աղմուկից հետո հետ վերցնել դիմումը: Թեպետ Մանուկյանին համարում են ոսկե երիտասարդության ներկայացուցիչ, նա հայտարարագրել է ընդամենը մեկ հողամաս, 3 մլն․ դրամ եւ 5 հազար դոլար, բայց ասում են, որ իրականում ավելի մեծ կարողությունների տեր է: Զրուցեցինք նորեկ պատգամավորի հետ, որը վստահեցրեց, որ խորհրդարան է եկել ակտիվ աշխատելու եւ հատկապես իր ընտրատարածքի խնդիրները բարձրաձայնելու, լուծելու համար:



- Պարոն Մանուկյան, Դուք եւս համարվում եք պատգամավորների հարուստ դասի ներկայացուցիչ, բարձրացրած աղմուկից հետո՞ էլ չեք մտքափոխվել, օգտվելո՞ւ եք Ձեզ հասանելիք 100 հազար դրամից:



- Ես անկեղծ զարմանում եմ, թե լրագրողները ոնց են էդ հարցը տալիս, էդ ամենն արվում է օրենքի շրջանակներում, ու դուք էդ հարցը պետք է տայիք էն մարդկանց, ովքեր մարզից ընտրվել, եկել են ստեղ, բնակարան են վարձել ու էդ փողը չեն վերցնում: Ըստ Սահմանադրության, պատգամավորը բիզնեսով չպիտի զբաղվի, այլ եկամտի աղբյուր չպիտի ունենա, բացի աշխատավարձից եւ նախկին տնտեսումներից: Քանի որ ես էլ Երեւանից 130 կիլոմետր հեռավորությունից եմ եկել ու ապրում եմ վարձով, իսկապես զարմանալի է, թե խի են էս հարցերը շրջանառում: Քսան պատգամավորներ կան, ծառայողական մեքենաներ ունեն, բենզին են ստանում, դրանք հանձնաժողովի նախագահներն են, ԱԺ ղեկավար կազմը, հիմա որ մեզ էլ տան՝ մենք էլ կվերցնենք:



- Պարզապես, շատերի կարծիքով, աղքատ երկրում, որտեղ շարքային քաղաքացիները ցածր աշխատավարձեր են ստանում, իսկ պատգամավորները՝ մոտ 500 հազար, կարելի էր այդ գումարը չվերցնել բյուջեից եւ այն ուղղել որեւէ սոցիալական խմբի կարիքներին:



- 500 հազարը շատ փող չէ պատգամավորի համար, զարգացած երկրներում լրագրողը կյանքում իրեն թույլ չէր տա էդ հարցը տար պատգամավորին, այսինքն՝ կասկած կա, հը՞, էսինչը փող ունի, ուրեմն չպիտի ստանա: Մարդն օգտվում է օրենքի ընձեռած հնարավորություններից: Ամոթի եւ այլ զգացումներ կլինեին այն ժամանակ, երբ օրենքը խախտեի։



- Իսկ կարծում եք, որ խորհրդարանում հայտնված բոլոր պատգամավորներն օրենքի տառին համապատասխա՞ն են մանդատ ստացել, այսինքն՝ բիզնես չունեն, այդ թվում՝ եւ Դուք:



- Ես բիզնես չունեմ եւ չեմ ցանկանում բոլորի փոխարեն պատասխանել:



- Հնարավո՞ր է մի օր, այնուամենայնիվ, հրաժարվեք այդ գումարից եւ առաջարկեք այն ավելի կարիքավոր ընտանիքի հատկացնել՝ հատկապես, որ աշխատավարձերի, թոշակների բարձրացում չի նախատեսվում:



- Եթե բյուջեն սուղ լիներ, նման օրենք չէր գրվի, բյուջեն սուղ է՝ Ձեր աշխատավարձն ուղղեք բյուջեին:



- Ես բյուջեից չեմ վարձատրվում՝ ես հարկ վճարող եմ, ոչ թե հարկատուների գումարներից սնվող:



- Ի՞նչ անենք, ուղղեք:



- Լավ, պարոն Մանուկյան, Դուք խորհրդարանի նորեկներից եք, ինչպիսի՞ պատգամավոր եք պատրաստվում լինել, գոնե մինչեւ հիմա Ձեր ակտիվությունը չի նկատվել:



- Այսինքն՝ պիտի անընդհատ խոսանք, որ իմանաք ակտի՞վ ենք: Համենայնդեպս, իմ ժողովուրդը, ովքեր ինձ ընտրել են, իմ աշխատանքից գոհ են: Պարտադիր չէ Ազգային ժողովում ամբիոնից վեր կենամ՝ կարկառուն բառեր ասեմ, մարդիկ էլ ծափ տան, ասեն՝ էս ի՜նչ լավ պատգամավոր է: Իմ տարածքի բնակիչներն ինչ հարցով դիմել են, 90 տոկոսով էդ հարցերը լուծել եմ:



- Ի՞նչ հարցերով են դիմել:



- Տարբեր, մարդկանց իրավունքները ոտնահարվել են էսինչ նախարարությունում, էսինչ դատարանում: Միայն ֆինանսական հարցերի հետ կապված խնդիրները չենք լուծել:



ՀԳ․ Պատգամավորի հետ հարցազրույցն արեցինք նրա «սկանդալային» ելույթից առաջ, երբ դեռ չէր «պատռել» ՀՀԿ-ական մարզպետ Հովիկ Աբովյանի կոռուպցիոն «դիմակը», որին մեղադրեց 2016-ին ՀՀ պետբյուջեով սոցիալական անապահով խավին տրամադրվող գումարներն իր հայրենի Կողբ համայնքին ուղղելու մեջ, մինչդեռ Արծվաբերդ համայնքին հատկացվել է ընդամենը 20 հազար դրամ, այն դեպքում, երբ բնակչության թվով նույնն են։ Պատգամավորը մի շարք գյուղերի անուններ թվարկեց, որոնք նույնպես չնչին հատկացումներ էին ստացել։ Ավելին՝ հայտարարեց, որ շատ մարդիկ գրանցված են Կողբում, սոցիալապես անապահովների ֆոնդից են օգտվում, բայց փաստացի բնակվում են Երեւանում:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ